Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց. Թյուրքագետ          Տեսանյութ.Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Կոնսերվատորիայում է       Բագրատ Սրբազանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին. խոստացել է կոնկրետ գործողություններ իրականացնել․ միջազգային մամուլի անդրադարձը    

23 սեպ 2023 15:23

Բնական կլիներ, որ էդ օրը Երևանի կենտրոնում հրաբուխ պայթեր ու սրբեր-տաներ ամեն ինչ

Երգիչ, երգերի հեղինակ Լիլիթ Բլեյանը գրում է.

«Էնպես չի, որ հատուկ գրում եմ, որ ցավացնեմ։ Չնայած ինչո՞ւ չցավա՞, որ։ 2020-ի սեպտեմբերից էս կողմ մենք ամեն կերպ խուսափեցինք մեր ցավն ամբողջությամբ զգալուց ու չվերածեցինք էդ ցավը ցասման, որ սրբեր-տաներ էդ ցավի հրեշավոր ծնողներին։ Փոխանակ գնայինք մեր ցավի խորքը, էնտեղ իմաստնանայինք, էնտեղից հավաքեինք ամենքս մեր բաժին հասկացածը, կիսվեինք իրար հետ դրանով, որ շարունակեինք արդեն լրջացած, հասունացած, ազնվացած, որոշեցինք խեղդել էդ ցավը տոների ու հեշտ, ֆասադային, մեզ չմաքրող "ճշմարտությունների" մեջ։

Մենք նույնիսկ իսկական հոգեհանգիստ չարեցինք՝ մեր կորցրածին հրաժեշտ տալու ու մեր պահպանածը գնահատելու համար։

Մենք շարունակեցինք ապրել՝ իբր 2020-ը մի հասարակ դրվագ էր, որը ցանկացածին կարող էր պատահել, ու ապուշ թիթեռների պես շարունակեցինք մեր դեկորատիվ կյանքը։
Հետո 2021-ին վստահության քվե դրեցինք էն ձեռքի մեջ, որը մեր սիրտը դաշույն էր խրել, ու որպես մրցանակ ստացանք բազմաթիվ նոր ցավեր Սոթքում, Վարդենիսում, Սյունիքում, իսկ Ջերմուկում` արյունոտ պատերազմ։

Էլի թեթև փոշոտվածի պես թափ տվեցինք մեր ուսերը, ոտքի կանգնեցինք` կոշիկի կրունկը կոտրած օրիորդի նազանքով, ու ճոճվելով, բայց ինքնավստահ` շարունակեցինք առաջ` մեր ընտրած անբացատրելի ճանապարհով։
Ջերմուկից ընդամենը մի ամիս հետո մեր դեմքին նայելով` իմիջիայլոց ասացին, որ, բա գիտե՞ք, երեխեք, էսօր ես գնացի Պրահա, էնտեղ մեծ ձյաձյաների հետ խոսեցի, դե ձեռի հետ ընդունեցի, որ դե հա, Արցախը Ադրբեջանի կազմում ա։

Մենք էլ դե չլրջացրինք էդ ստից խոսքերը, քանի որ արդեն որպես իմաստուն բազմադարյա թիթեռներ ջոկել էինք, որ էս կյանքում լուրջ բան չկա, ճիշտը վայելելն է, ու դե հետևաբար` գնացինք մարդա մեր զբաղմունքին` ինքներս մեզ հավատարիմ։

Բնականը կլիներ, որ էդ օրը Երևանի կենտրոնում հրաբուխ պայթեր ու սրբեր-տաներ ամեն ինչ։
Դրանից մեկուկես ամիս հետո Լաչինը փակվեց։ Սկզբում վատ էր, դժվար էր,  բայց դե հարմարվեցինք. զարտուղի ճանապարհներ կային, որոշ ապրանքների հոսք կար, կյանքի երակը բարակել էր, բայց ծորում էր։ Ամիսներ էդպես իբր ապրեցինք ու արդեն վարժվեցինք, որ դե հա, փակ ա ու փակ, բայց կյանքը հո շարունակվում ա, երեխեք, չմոռանանք։ Լաչինից էս կողմ պատեպատ խփվող մենակները փոքրաթիվ խմբեր էին կազմում, որ չխելագարվեն, իրենց անելիքը հասկանան, բայց ընդհանուր հանգիստ էր, երեխեք, տոներն ու մնացածը` իրենց հունով, կառավարության շենքն էլ տուժեց միայն մի անգամ` նույն կառավարության մեղքով` տոնական լույսերի մեխերը մեխելուց։ Այ դրանից մի քիչ վրդովվեցինք, բայց դե էդ էլ անցավ, էդ հեչ։

Հետո Լաչինը փակվեց արդեն մետաղե կողպեքով։ Արդեն շատ լուրջ էր ամեն ինչ, ամեն օր վատանում էր վիճակը, միջազգային հանրությունն անգամ արդեն կոչեր էր անում, իսկ մենք օրը սկսվելուն պես փնտրում ու գտնում էինք էն բոլոր փողկապավորների ձեռքերը, որոնք ծառայել էին Լաչինի փակմանը, որ սեղմենք էդ ձեռքերը, երբեմն` դնենք գլխներիս, առավել սրբատաշները համբուրում էին (երազում) և քծնում (հարթմնի)։ Ի պատասխան` նրանցից ոմանք հոխորտում էին ու թքում, բայց դե տառապած մարդիկ էին, լիցքաթափվում էին, այ մարդ։ Նրանք ստիպված ճամփորդում էին աշխարհեաշխարհ, որ շոփինգով իրենց ստրեսը հանեն` որոշ անշնորհակալ փոքրաթիվների պատճառով առաջացած։

Փակ Արցախի ֆոնին ամոթն ու վախը, ապագա սարսափի տեսարանները մեզ էստեղ չէին խեղդում. դե հիմա կյանք ա, մենք էլ` բազմաչարչար ազգ, հա՜ էլ մի բան պատահել ա, համ էլ լավ գիտեինք, թե ովքեր են մեղավորները` համարյա ողջ հայժողպատմությունը։
Հետո եկավ սեպտեմբերի 19-ը։

Ես էսքան երկար գրեցի, բայց վերջաբան չեմ գտնում։ Բացատրություն չեմ գտնում։ Ոչինչ չեմ գտնում։ Առավոտները բացվում են լացով, իրիկունները` նույնը, ցերեկը մի քիչ իրար գրկում ենք փողոցներում, հրապարակներում, որ հանգստանանք, բայց ո՞վ ասեց, որ մենք էլի դրա իրավունքն ունենք։ Ո՞վ ասեց, որ էլի մեր ցավը լրիվ չզգալու իրավունքն ունենք։ Որ էդ ցավը հրաբխի չվերածելու իրավունքն ունենք։ Լուսադեմին մի պահ կա, երբ աչքերդ բացում ես ու հանկարծ ամբողջությամբ գիտակցում, թե ինչ ա կատարվել։ Հետո օրը սկսվում ա, ու օրվա շղարշը մի քիչ փակում ա էդ տեսարանը։ Հետո գալիս ա մյուս լուսաբացը։ Էդ լուսաբացները հա գալու են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր