Օլիգարխները տիրելով ինչ-որ տարածքների՝ տիրում են նաև հուշարձաններին.

Համլետ
Պետրոսյանը խոսեց մշակութային ժառանգության պահպանության խնդիրներից, ամփոփեց Արցախի Տիգրանակերտի 2016թ-ի պեղումների ընթացքը:
Նրա
խոսքով՝ հուշարձաններն ուղղակի աղետալի վիճակում են, որի համար պատասխանատու են նախ
և առաջ պետական կառույցները, պատասխանատու են ոչ միայն իրենց գործառույթով, ոչ ճկուն
քաղաքականությամբ, այլ նաև մշակութային ժառանգության ողջ ծանրությունը բարդվել է պետական
կառույցների վրա: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում կան բազմաթիվ մոտեցումներ՝ համայնքային
ղեկավարում, հավատարմագրային ղեկավարում: «Դա
խոցելի է այն առումով, որ, մեր մշակութային ժառանգությունը և մերօրյա պետական կառույցների
հնարավորությունները բացարձակապես իրար չեն համապատասխանում»,- նշեց նա:
Համլետ Պետրոսյանը նկատեց, որ ունենք
շատ արժեքավոր պատմամշակութային հուշարձաններ, որոնք ամբողջությամբ անտեսված են. «Հայաստանի այն հուշարձանները, օրինակ Գառնին, որը շատ այցելություն ունի, լուրջ գումարներ է բերում, գուրգուրում են: Բայց ունենք հուշարձաններ, որոնք իրենց արժեքով, էսթետիկայով ամենևին չեն զիջում Գառնիին, բայց համարյա այցելու չունեն, հետևաբար պետական կառույցներն այդքան էլ ուշադիր չեն:
Սա բնական է, որովհետև մշակույթի նախարարությունը, համապատասխան կառույցներն որպես այդ դաշտի պատասխանատու՝ վերաբերում են որպես իրենց սեփականություն և հակված են ավելի շատ օգտագործել այն համալիրները, որոնք եկամուտ են բերում, բարեկարգ են: Բայց համարյա ամեն գյուղում ունենք երկու-երեք հուշարձան, որոնք ողբալի վիճակում են»,- ասաց նա:
Բանախոսը
նաև հավելեց, որ օլիգարխները տիրելով ինչ-որ տարածքների՝
տիրում են նաև հուշարձանների: «Վայոց Ձորում կա մի քանի տեղ, եթե փորձեք գնալ մի որևէ հուշարձան, հաստավիզ մարդիկ են հայտնվում, թե այստեղ ինչ եք անում, ասում են՝ մենք այստեղ նայում ենք, սա մերն է»:
Համլետի Պետրոսյանի համոզմամբ, պետք է Հայաստանում օրենսդրությունը փոխվի ու մշակութային ժառանգությունը պետք է դառնա հասարակության ունեցվածքը.«Վիճակը բավականին լուրջ է, ինչքան էլ քննադատենք պետական
կառույցներին, նրանք չեն կարողանալու նույնիսկ լավագույն ձևով
իրենց պարտականությունները կատարելու դեպքում տեր կանգնել, պահպանել, ինչ-որ չափով ամրակայել
մշակութային ժառանգությունը: Հարկավոր է
սկզբունքնորեն նոր քաղաքականություն, մշակութային ժառանգությունը օրենսդրորեն պետք է համարվի ողջ ժողովրդի սեփականությունը, մշակվի համապատասխան մեխանիզմներ», -ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչը:
Անդրադառնալով Տիգրան Մեծ (95-55 մ.թ.ա.) թագավորի կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի
պեղումներին Համլետ Պետրոսյանը նշեց, որ ընդամենը 3-4 տոկոսն են դեռ պեղել. «Պեղել ենք նոր շատ շքեղ դամբարան: Ոսկրաբանական շատ նյութեր ունենք, բայց գումար է պետք անալիզների համար:
Տիգրանակերտի բացումն ու պեղումները նաև արցախյան
ինքնությունն ամրապնդելու խնդիր է հետապնդում: Այն, ինչ բացել ենք, երևում է ադրբեջանական սահմանից: Այդ ամենը զորեղ փաստարկ
է»,- հավելեց նա:
Նա նշեց, որ մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին լույս կտեսնի Տիգրանակերպի մասին առաջին գիրքը, կլինեն նաև երեք փոքրիկ գրքույկ՝ նվիրված Տիգրանակերտի տարբեր խնդիրներին. «Սա կլինի ավելի մեծ աշխատանքի սկիզբը»,- ասաց հնագետը:
Համլետ
Պետրոսյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմը գիտական հարձակումներ է իրականացնում, պատրաստել է ոչ միայն սուտասան գիտնականներ, նաև լրագրողներ, մեդիա մասնագետներ, ովքեր հաճախ շփոթության մեջ են գցում նույնիսկ լուրջ հետազոտողներին. մինչդեռ իրենց արշավախումբը ՀՀ կողմից պետական ֆինանսավորում չունի, նույնիսկ ԳԱԱ-ում չկա Արցախի մշակույթին նվիրված որևէ բաժին. «Ադրբեջանում ստեղծել են հատուկ կազմակերպություններ՝ մենք մի փոքրիկ հրապարակում ենք պատրաստում, իրենք 5-10 էջանոց պատասխան են հրապարակում: Մի ամբողջ բաժին աշխատում է մեր փոքրիկ հրապարակման վրա: Մենք միջազգային որևէ կազմակերպությունից ֆինանսավորում
չենք ստանում: Բոլոր հետազոտողները, ովքեր
այցելում են Տիգրանակերտ, իրենց արձակուրդի և իրենց գումարների հաշվին են դա անում»,-ասաց նա:



.jpg)
.jpg)
