Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

09 փետ 2017 21:56

Ընտրությունների դիրիժորների խնդիրն է մեծ համախմբում թույլ չտալ բոլոր դաշինքներում

Ընտրությունների դիրիժորների խնդիրն է մեծ համախմբում թույլ չտալ բոլոր դաշինքներումՇատ հետաքրքրական միտք է հայտնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկին: Նա ասել է, թե խորհրդարանական ընտրությունների օրվա փոփոխության հարցը կքննարկվի փետրվարի 17-ից հետո, երբ ավարտվի քաղաքական ուժերի կողմից ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը եւ պարզ լինի, թե ո՞ր ուժերն են մտադիր մասնակցել ԱԺ ընտրություններին.«Երբ կուսակցություններն առաջադրվեն, ավարտվի այդ ժամկետը, բոլոր կուսակցությունները համաձայնության պարագայում կորոնվեն մեխանիզմներ այն իրականացնելու համար», ասել է Դավիթ Հարությունյանը:
Ամեն ինչ ասված է, ենթատեքստերը նույնպես կարելի է ընթերցել: Անորոշությունը այն զենքն է, որով կարելի է կառավարել: Հիմա, երբ ժամանակ չկա, քաղաքական ուժերը ցայտնոտի մեջ են, առավել մտածված քայլերի համար տեւական քննարկումներ չեն կարող անել, որոշումները կայացնելու են հին ժամանակացույցին հարմար: Իսկ երբ ամեն ինչ պարզ լինի առաջադրումներով, բոլորի ուժերն ու կարողությունները հայտնի լինենՙ իշխանությունները կարող են եւ հետաձգել ընտրությունները, որով հենց իրենք ժամանակ կշահեն: Այս իմաստով հասկանալի է դառնում այն արտահոսքը, թե ՀՀԿ-ի ներսում եւս մինչեւ առաջադրումների վերջին օրը հայտնի չի լինելուՙ ո՞վ է հայտնվելու ՀՀԿ ցուցակներում: Տեղին է ասելՙ տեղեկատվությունն իսկապես զենք է, որին փաստորեն քաղաքական ուժերը չեն տիրապետում, այլ միայն մի քանի դիրիժոր: Չնայած երեկ Ազգային ժողովում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը տեղեկատվություն փոխանցեց լրագրողներին, թե ՀՀԿ համամասնական եւ տարածքային ցուցակները կհստակեցվեն փետրվարի 11-ին, սակայն վստահ չենք մյուս ուժերի ցուցակներից առաջ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը հրապարակելու առումով:
Այս իմաստովՙ այժմ դաշինքների եւ առաջադրվելու միտք ունցող քաղաքական ուժերի շուրջ տեղի ունեցողը նոր լույսի տակ է երեւում: Հավանաբար բոլոր ուժերում կան մարդիկ, որոնք լույսի արագությամբ տեղեկություններ են հասցնում դիրիժորներին տվյալ քաղաքական ուժի ներսում տեղի ունեցող քննարկումների մասին, եւ այդ ուժերի նոր քայլերի դեմն առնելու քայլերը չեն ուշանում, իսկ դիրիժորները միշտ մնում են իրենց հարթակի կամ վահանակի բարձրությունում եւ ղեկավարում են իրադարձությունները:
Եւ այս առումով անգամ բացառություն չէ իշխող ՀՀԿ-ն, որտեղ եւս բոլոր տեսակի տրամադրությունները մինչեւ կհասցնեն գործնական դրսեւորում ստանալՙ կառավարվում են:
Առ այսօր ՀՀԿ-ականներից ոչ ոք, անգամ բարձրաստիճանները, ստույգ չգիտի, թե ովքերՙ որ տեղում են լինելու համամասնական ցուցակում, լինելո՞ւ են ընդհանրապես, չնայած մամուլում արտահոսք կա, թե առաջին եռյակում Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը եւ Արփինե Հովհաննիսյանն են ներառնված: Հավանաբարՙ ՀՀԿ համամասնական ցուցակը կհրապարկվի ԿԸՀ-ի կողմից կուսակցությունների գրանցման վերջին ժամկետի օրըՙ փետրվարի 16-ին, կամ դրանից մեկ օր առաջ: Սա շփոթեցնում է ե՛ւ ՀՀԿ-ականների զգալի մասին, որոնք չգիտենՙ սկսե՞ն փող ծախսել նախընտրական նախապատրաստությունների վրա, թե՞ ոչ, կամ եթե ՀՀԿ ցուցակում չեն լինելուՙ բանակցե՞ն այլ ուժի հետ, թե՞ ոչ:
Ի՞նչ է ստացվում: Այս պարագայում, երբ ընտրությունների դիրիժորների խնդիրն է մեծ համախմբում թույլ չտալ բոլոր դաշինքներում, որպեսզի խափանեն խորհրդարանում ներշնչող թվով որեւէ դաշինքի հայտնվելը, ընտրողի վստահությունը տարիների ընթացքում աստիճանաբար կորցրած ՀՀԿ-ն մի ճանապարհ ունիՙ ներկայացնել այնպիսի ցուցակ, որը համարյա թե անճանաչելի կլինի, դրական առումով համեմատելի չի լինի ներկա խորհրդարանի պատգամավորական կորպուսի հետ եւ այդպե՛ս կշփոթեցնի ընտրողին, կուսակիցներին շփոթեցնելուց զատ: Եւ այն մոտեցումները, թե բոլորը միավորվում ենՙ ՀՀԿ-ին հեռացնելու համար, գուցեեւ, ՀՀԿ համամասնական ցուցակի դրական կերպարների ազդեցության ներքո, մասամբ կկորցնի իր հրատապությունը: Մյուս կողմիցՙ ասվածը կարող է ռոմանտիզմ թվալ, սակայն ուրիշ ճանապարհ ՀՀԿ-ն չունի, եթե զանազան լծակներով (վարչապետի ականջը կանչի, որ երեկ արգելեց վարչական ռեսուրսի օգտագործումն ընտրական նպատակներով) խորհրդարանում հայտնվելուց բացիՙ կուզենար ինչ-որ չափով գոնե հանրության դրական վերաբերմունքին արժանանալ:
Իսկ եթե ճիշտ դուրս գան այն արտահոսքերը, որ ՀՀԿ ցուցակում երեք կողմ կարող են հավասարապես ներկայացված լինել, կամ կոպիտ ասենքՙ բաժնեմաս ունենալՙ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը եւ Հայաստանի մեծահարուստների շերտը կամ ՀՀԿ-ն ֆինանսավորողները, ապա առաջին երկուսը խնդիր ունեն բացառապես բանիմաց, համեմատաբար երիտասարդ ու չվարկաբեկված դեմքերով մրցակցել միմյանց հետ: Այս դեպքում կստացվի, որ խորհրդարանում ՀՀԿ-ն շատ նոր դեմքերով ներկայացված կլինի, իսկ դե մեծահարուստներից էլ այլեւս չի կարելի խորհրդարան տանել նրանց, որոնք մշտապես լրագրողների «ուրախությունն» էին:
Այս իմաստով բոլորովին էլ պատահական չի կարելի համարել Արտակ Սարգսյանի ՙ ՍԱՍ-ի Արտակի վերջին լյուստրացիան խորհրդարանումՙ մարդը վերջին մի անգամը գեթ պիտի խոսեր խորհրդարանում, արդարանալով, որ իր աշխատակիցներին չի ստիպում դուրս գալ հաշվառման մի վայրից ու այլ վայր գնալՙ ընտրելու համար այդ վայրից, դա եւս նրա մոտ չստացվեց:
Նորատեսք ցուցակի վկայություն կարելի է համարել եւ այն, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասել էր, թե ՀՀԿ ցուցակը կլինի ավելի քաղաքականացվածՙ այդ բառն ավելի բացելով. «Պետք է հաշվի առնել, որ խորհրդարանական կառավարման համակարգի ենք անցնում, եւ անձերը պիտի համապատասխան լինեն այդ համակարգին»: Հաաա: Ուրեմն այդ չափանիշներով են կազմվում ցուցակները:
Չափանիշները չգիտենք, բայց շատ բան կախված է լինելու նրանից, թե ո՞վ է գլխավորելու ՀՀԿ ցուցակը: Թվում էՙ այստեղ ոչ մի այլ տարբերակ լինել չի կարող նախագահ Սերժ Սարգսյանից բացի, քանի որ նա է այս կուսակցության նախագահը: Բայց տեղեկություններ կան, որ օրերս այս կուսակցության փոխնախագահ դարձած վարչապետ Կարեն Կարապետյանը, որ նույնպես որոշակի հանգամանքների առկայության պարագայում կարող էր գլխավորել ցուցակը, ցուցակի թեկնածուներին ներկայացնելու առումով բավական դեր ունի, եւ նրա ներկայացրած մարդիկ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀԿ ցուցակում բավական մեծ թիվ են կազմելու: Եթե իրավական հիմքը չկա եւ վարչապետն ընդհանրապես պատգամավորության թեկնածու չի կարող առաջադրվել, դա կարող է բերել նրան, որ նոր մարդ ղեկավարի ցուցակը, ինչպես եւ արտահոսք է արվում:
Ցուցակը կազմելու հետեւյալ սկզբունքն է կիրառվում, ըստ մեր աղբյուրի: Այժմյան ՀՀԿ խմբակցության 1/3-ը այս կամ այն ձեւով կգա խորհրդարանՙ համեմատաբար բանիմացները: Ռեյթինգային քվեարկությունը կապահովի եւս մի 1/3ՙ համեմատաբար քաղաքակիրթ մեծահարուստների ներկայությունՙ հնարավորություն տալով քվեարկվելու ՀՀԿ-ն ֆինանսավորողներին, իսկ ահա մյուս 1/3-ը ցուցակում գործող վարչապետի քվոտաներն են եւ համալրվում են նրա մարդկանցով:
Առայժմ ուրվագծվում է, որ ՀՀԿ-ի 300 հոգուց կազմված ցուցակն ուշանալու է, գուցե այդ է պատճառը, որ մեր քաղաքական ուժերը, միմյանց նայելով, կամ միգուցե այս ու այն անձին խորհրդարանից դուրս չթողնելու մարմաջով ուշացնում են կուսակցական ցուցակների հրապարակումը, քանի որ կան քաղաքական գործիչներ, որոնք կարող են հայտնվել բացառապես բոլոր ցուցակներում: Հավանաբար` առեւտուրը դեռ ձգվելու է:
Ընդհանուր առմամբ ամրապնդվում է այն իրողությունը, որ նոր խորհրդարան մտնելու հայտ ներկայացրած բոլոր ուժերից կառավարելի թվերով խորհրդարան տանելու մտադրությունն է այժմ իրականացվում ամենատարբեր տեխնոլոգիաներով, որին լայնորեն տիրապետում է իշխանությունը: Օրինակՙ Ծառուկյանի կամ Օսկանյան-Օհանյան դաշինքների շուրջ լայն համագործակցությունը կարող է այս ուժերի քվեն ավելացնել, իսկ դա ցանկալի չէ բնականաբար ապագա խորհրդարանը գծագրողների համար: Երկու դեպքում այդպիսի դաշինքների ձեւավորմանը խանգարելու ամենատարբեր տեխնոլոգիաներ են կիրառվում: Առաջինի դեպքում խառնշտում են այն ուժերին, որոնք հայտարարել են Ծառուկյանին միանալու մասին, երկրորդ դեպքում ամեն ինչ արվում է, որպեսզի փողատերերը չֆինանսավորեն այդ դաշինքների բավական թանկ ընտրական քայլերը: Մի երրորդ դեպքում դա թույլատրում են կամ առնվազն չեն խանգարումՙ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԲՀԿ-ից խորհրդարան անցած գործարար Գուրգեն Արսենյանիՙ ՀԱԿ- ցուցակում հայտնվելն ու ՀԱԿ ընտրարշավը ֆինանսավորելը հավանաբար թույլատրելիի սահմաններում է (սա միայն արտահոսքերի մակարդակով լուր է դեռ):
Ընդհանրապեսՙ այս ընտրություններում տասնակի, կարելի է ասելՙ հարյուրակի անգամ հսկայական միջոցներ են ծախսվելու ստվերային մակարդակում: Արդեն իսկ լուրեր կան, որ մեծահարուստները ֆինանսավորելու են դաշինքների ու կուսակցությունների ընտրարշավները: Անուններ արդեն տրվել ենՙ կմասնավորեցնենք ցուցակների պաշտոնական հրապարակումից հետո: Այդ ֆինանսավորումների գինը լինելու է տարբեր ցուցակներով մոտ 20 մեծահարուստների հայտնությունը խորհրդարանում, իսկ նրանց վրա, ըստ որոշ արտահոսքերի, դրվում է 1-2 միլիոն դոլար «մուծվելու» պայման: Ընդ որումՙ կան նաեւ տեղական հարուստներ, որոնք ֆինանսավորելու են ռեյթինգային ցուցակներորով անձանց ընտրարշավըՙ առանց ակնկալելու խորհրդարան անցումը, միայն բիզնես քվոտաների եւ այլ արտոնությունների դիմաց: Ստացվե՞ց, որ ընտրությունները վերածվելու են մի մեծ ֆինանսական միջոցառման, որի ժամանակ, ըստ որոշ արտահոսքերի, մեկ ընտրողին տրվելիք գումարը կարող է հասնել մինչեւ 20 հազար եւ ավելի դրամի: Սա, հումորով ասենք, որ մինչեւ այժմ չնվաճված ցուցանիշ է:
Ստվերային գումարները, որոնք կծախսվեն այս ընտրություններին, կարող են հասնել մեկ միլիարդ դոլարի 1/3-ին համարժեք դրամի, որը Հայաստանի բյուջեի ծախսային մասի էլ 1/3-ն է կազմում:
Այս բոլորի մեջ հումորը չկորցրած մարդիկ լավատեսական տարր էլ կարող են գտնել. ընտրություններին Հայաստանում շրջանառվելիք ահռելի գումարները միգուցե մի փոքր աշխուժացնեն մեր տնտեսական կյանքը: Միայն ափսոս, որ այդ գումարների գերակշիռ մասը ստվերում է շրջանառվելու, առանց հարկերի տեսքով բյուջե մտնելու:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր