Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

29 մար 2017 12:25

Ով ասաց «ոչ մի թիզ հող», հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

ՀՀ գործող իշխանությանը սատարել բացառությամբ Ղարաբաղյան հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշման՝  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջին համար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր –Պետրոսյանը չի պատկերացնում անգամ ամենամղձավանջային երազում: Այս մասին նա հայտարարեց «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալելիս` պատասխանելով հարցին, որը, ըստ շրջանառվող վարկածի`  այս հարցում  դաշինքը ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածություններ ունի՝ խորհրդարանում տեղեր ունենալու համար։

«Լսե՛ք, ես պարզ, բաց հայտարարել եմ, իմ դեկտեմբերի 18-ի ելույթում էլ, որ այս հարցում մենք,այո՛, սատարում ենք Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանին, ողջ կառավարությանը, որովհետև դա ամբողջ կառավարության ծրագիրն է, թող ոչ ոք չփախչի: Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում: Ուրիշ ոչ մի հարցում մենք Հանրապետական կուսակցության հետ ճանապարհ գնալու մտադրություն չունենք: Մենք եղել ենք ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի ամենախիստ քննադատները: Գտեք մեր ելույթները 2007 թվականից սկսած»,-ասաց ՀՀ առաջին նախագահը: Նա նշեց, որ  անգամ  ուրախանում է, որ միշտ բան են վերագրում իրեն, ինչը նշանակում է,  որ իր ընդդիմախոսները  փաստարկ չունեն  Կոնգրեսի  դեմ պայքարելու, բացի իրենց  խոսքը աղավաղելուց, կեղծելուց , ստելուց, վերագրումներ անելուց: Որպես օրինակ, նա նշեց  դաշնակցական Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որը, ըստ Տեր-Պետրոսյանի, ասել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կոչել է «օկուպացված տարածք»: Նա ընդգծեց, որ ասել է, որ ըստ միջազգային հանրության` դա օկուպացված տարածք է:

Ինչ վերաբերում է նույն Դաշնակցության և մյուսների  փաստարկներին, որ մենք ինչ գործ ունենք, ասաց` եթե գործ չունեն, ուրեմն թող դուրս գան կառավարությունից: «Դա իրենց ստորագրած ՄԱԿ-ի, հենց այսօր իշխանության մեջ գտնվող Ռուստամյանի, որ իշխանության մաս է, ստորագրած հանձնառության մեջ է այդպես գրված», - հավելեց Լ.Տեր-Պետրոսյանը։ Նա հավելեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը անազնիվ են իրենց ընտրողների նկատմամբ։ Լ.Տեր-Պետրոսյանն ասաց, որ Վարդան Օսկանյանը հանդիսանալով Մադրիդյան սկզբունքների հայրը», դաշինքի նախընտրական ծրագրում չի ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման որևէ տարբերակ։ «Լուծում չկա, շատ հրաշալի ցանկություններ են, ճշգրիտ, նույնիսկ մեր տերմիններից են օգտվել։ Վարդան Օսկանյանն իրեն համարել է «Մադրիդյան սկզբունքների հայրը», բայց իրենց ծրագրում ոչ մի լուծում չկա, ինչո՞ւ ծրագրում չկա լուծում, այդ ինչպե՞ս պատահեց, մադրիդյան սկզբունքները խո՞րթ են, հիմա դարձել է խո՞րթ հայր», - հարցրեց  ՀՀ առաջին նախագահը։ Սեյրան Օհանյանին,  համարելով  «հրաշալի զինվորական»` նա  հավելեց. «Իշխանության մաս լինելով երբևէ որևէ տարաձայնություն չի արտահայտել այս հարցում իշխանությունների հետ։ Իր՝ իշխանության մեջ լինելու ժամանակ նորից Սերժն ու Նալբանդյանը քննարկել են, համաձայնվել են, հայտարարեցին էլ, որ Կազանյան փաստաթուղթը ստորագրել ենք, իսկ Ադրբեջանը չստորագրեց։ Որևէ մեկն արտահատվե՞ց դրա մասին»։ Ապա Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեց. «Նույն Օհանյանը, որ կառավարության մաս էր, ամենակարևոր ոլորտի պատասխանատուն էր։ 1998 թվականին Վազգեն Սարգսյանի ոլորտին վերաբերո՞ւմ էր, որ վեր կացավ դեմ դուրս եկավ այս ծրագրին։ Վազգենն արեց, դո՞ւ ինչու չկարողացար անել, պարո՛ն Օհանյան։ Դու էլ վեր կենայիր ասեիր՝ ես համաձայն չեմ, հրաժարական տայիր, կամ Սերժ Սարգսյանին հեռացնեիր իշխանությունից»:

Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների հաջորդ փաստարկներն են`  ինչ երաշխիք, որ, միակողմանի ստորագրելուց հետո միջազգային հանրությունը կճնշի Ադրբեջանին, որն ունի մեծ եղբայր Թուրքիա, և մյուս կողմից,  մեր անվտանգությունը երաշխավորող  ազատագրված ռազմավարական բարձունքները հանձնելուց հետո, երբ միակ երաշխիքը դառնում է միջազգային հանրությունը,  արդյոք այն համարժեք է ստրատեգիական դիրքերին, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Եթե դա լուրջ արգումենտ է. ճիշտ եք ասում` հեռացել են սահմաններից, գոնե բուն ԼՂԻՄ -ի սահմաններից, և ահագին անվտանգ է դարձել ԼՂԻՄ -ի նախկին տարածքը, որտեղ հիմնական բնակչությունն է: Էդ դեպքում, կասեմ`  ինչո՞ւ եք էդքան հիմար, ինչո՞ւ եք էդքան հեռացրել, է գնայինք մինչև  Քուռ, ավելի ապահով կլիներ: Ինչո՞ւ չենք գնում: Ինչո՞ւ էս խնդիրը չեն դնում, հնարավորություն չկա… ինչո՞ւ չկա, չէ՞ որ ասում են` 1994 թվին ես արգելեցի, թե չէ Բաքուն էին գրավում, Կիրովաբադը: Կամ ես ինչպե՞ս եմ արգելել,  կամ մինչև էդքանը թույլ ե՞մ տվել, կամ էդ էլ եմ արգելել: Իմ արգելքով`  էդքանը գրավել եք, դրանից հետո արգելել եմ, էլի գրավեիք»:

Սա Լևոն -Պետրոսյանը անվանեց   խեղկատակություն ու ասաց, որ երբ Ղարաբաղը վերադառնա ԼՂԻՄ-ի սահմաններին, միգուցե թվա, որ անվտանգությունը թուլանում է,բայց հիշեցրեց, որ այդ դեպքում զինադադարը դառնում է հաշտության պայմանագիր: «Ո՞ր երաշխիքներով, ինչպես ասացի` դա հաշտությունն է մեկ, երկրորդը ` բուֆերային գոտին` ապառազմականացված գոտին, երկու: Հիմա ասում են` չենք հավատում, ես ի՞նչ անեմ: Քրիստոսին էլ շատ մարդիկ չէին հավատում, միշտ էլ այդպես է եղել: Իսրայելի կեսն էլ չի հավատում, հետո ինչ»,-մեկնաբանեց Լևոն Տեր-Պետոսյանը։

Նա հավելեց, որ պետությունը պետք է պատրաստեր ժողովրդին ցավոտ լուծումների ասելով.«Բայց այս ազգը մեղք է։ Մեղք է։ Ի՞նչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց։ Մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն, վերջանալու է այս երկիրը։ Այսինքն՝ ես եղա չուզողը հա՞ այդ հողերի։ Կամ որևէ նորմալ մարդ։ Իհարկե, կուզեի։ Բայց մենք պետք է հեքիաթներով պետություն կառուցե՞նք։ Հեքիաթը քիչ է, դա արկածախնդրություն է։ Իսկական դավաճանները, իսկական ազգակործանները հենց այդ մարդիկ են՝ «ոչ մի թիզ հող»-ականները։ Թող ճանաչի մեր ժողովուրդը՝ ով ասեց «ոչ մի թիզ հող», հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը», - հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր