Ավելի լավ է չհանգստանալ, քան քիչ հանգստանալ. Հոգեբան

Ինչպե՞ս
ճիշտ կազմակերպել ամառային հանգիստը, հոգեբանական և առողջական խնդիրներից խուսափելու
համար:
Հանգիստը
կարևոր նախապայման է առողջության պահպանման, վերականգնման նաև աշխատանքային գործունեության
արդյունավետության համար: Յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է լիարժեք հանգիստ ապահովել
մասնավորապես ամռանը: Հանգստի կազմակերպումը ենթադրում է և հանգստի անհրաժեշտ տևականություն, և տվյալ անձի համար ցանկալի բովանդակություն: Չենք կարող ասել, որ հանգստի այս տարբերակը լավ է, մյուսը`
վատ: Այն խիստ անհատական է,
կախված է անձնային առանձնահատկություններից, հետաքրքրություններից, ցանկությունից,
աշխատանքային առանձնահատկություններից: Օրինակ, մտավոր, նստակյաց աշխատանքի դեպքում
ցանկալի է ընտրել ակտիվ հանգստի տարբերակը, իսկ ֆիզիկական ծանրաբեռնված գործունեության
դեպքում` պասիվ հանգիստը:
Չհանգստանալու
պատճառով ի՞նչ բացասական երևույթներ կարող են ի հայտ գալ մարդու մոտ:
Նրանք, ովքեր
չեն հանգստանում և նույնիսկ հպարտանում են, որ առանց հանգստի կարողանում են աշխատել,
չեն գիտակցում իրավիճակի խնդրահարույց լինելը: Հանգստի բացակայությունը կարող է առաջացնել
աշխատունակության նվազում, ցրվածություն, մոռացկոտություն, նյարդայնություն, հաճախադեպ
են դառնում առողջական խնդիրները: Չհանգստանալը բացասաբար է անդրադառնում միջանձնային
հարաբերությունների, աշխատանքային և ընտանեկան մթնոլորտի վրա:
Ո՞րն է հանգստի
համար արդյունավետ ժամանակային տևողությունը:
Բազմաթիվ
հետազոտություններ վկայում են, որ ավելի լավ է չհանգստանալ, քան քիչ հանգստանալ: Գիտնականները
նշում են, որ նվազագույն ժամանակը հանգստի
երկու շաբաթն է, նորման` երեք:
Ինչպե՞ս խուսափել հետարձակուրդային սթրեսներից:
Որպեսզի խուսափենք հետարձակուրդային սթրեսից, անհրաժեշտ է գրագետ պլանավորել հանգիստը: Ինչպես արդեն նշեցինք, հանգստի կազմակերպումը ենթադրում է և հանգստի անհրաժեշտ տևականություն և բովանդակություն: Իհարկե, հետարձակուրդային ադապտացիայի դժվարությունները պայմանավորված են նաև անձնային առանձնահատկություններով: Անշուշտ, կարելի է հաշվի առնել հոգեբանական հետևյալ նյուանսները.
հանգստի մեկնելուց առաջ անավարտ գործերը հնարավորնս ավարտին հասցնել, արձակուրդից վերադառնալ 2-3օր շուտ նախքան աշխատանքի գնալը, նաև արձակուրդն այնպես պլանավորել, որ աշխատանքի վերադառնալ
չորեքշաբթի կամ հինգշաբթի, քանի որ աշխատանքային շաբաթի կրճատումը հեշտացնում է ադապտացիան:
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը