Այս նախագիծը չի կարելի ընդունել առանց հոգեբանների, սոցիոլոգների, մանկավարժների կարծիքը հաշվի առնելու. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում փաստաբան Տիգրան Սարգսյանը խոսեփց «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի, կարգավորվող խնդիրների, և այն, թե, ինչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության շրջանում:
«Ցանկացած նախագիծ, որը միտված է հանցավորության կանխարգելմանը, այդ թվում նաև բռնությաը, պետք է ողջունել: Ընդհանուր նախագիծը
դրական եմ գնահատում: Ինձ համար զարմանալի է, որ այս նախագիծը իրավաբաններն են անընդունելի
համարում, ուրիշ բան, որ որոշակի դրույթներ քննադատեն, ձևափոխվեն, վերախմբավորվեն: Նախագծում ձևակերպումներ կան, որոնք «ոչ մասնագիտական
հանրության» համար անընդունելի են. «Պետք է հաշվի առնենք, որ հասարակությունն իշխանությանը
չի վստահում, հենց այդ տրամադրությունների առկայությունն է, որ ստիպում է, որ ցանկացած
նախաձեռնություն հասարակության կողմից մերժվի, քննադատվի»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Տիգրան Սարգսյանի կարծիքով, սա այն նախագիծն է, որը չի կարելի ընդունել առանց հոգեբանների, սոցիոլոգների, մանկավարժների կարծիքը հաշվի առնելու. «Նախագծով սահմանվում է, որ պետությունն իր առջև խնդիր է դնում ընտանեկան բռնությունների հետ կապված կանխարգելիչ գործառույթ իրականացնել: Պետությունը պետք է կադրեր ունենա, կադրերի վերապատրաստում իրականացնի: Նախագծով նշվում է, որ սոցապնախարարությունը, ոստիկանությունը, առողջապահության համակարգը պետք է այս խնդրի լուծման համար համագործակցեն: Շատ ավելի լավ է, որ այս համագործակցությունը լինի օրենքի մակարդակով և կարգավորվի օրենքով, այն կլինի ավելի տեսանելի և կայուն»,- ասաց փաստաբանը:
Դիտարկմանը, որ քրեական և այլ օրենքներով նախատեսված են պատիժներ բռնությունների համար և նոր օրենքի անհրաժեշտություն չկա, Տիգրան Սարգսյանն ասաց. «Քրեական օրենսգրքում որևէ տարբերակում չկա բռնությունը խանութում կլինի, փողոցում, թե` աշխատավայրում: Ընտանիքի հետ կապված առանձնացվում է, որովհետև ընտանիքը փակ է և այնտեղ մտնելու համար առանձնահատուկ կարգ պետք է սահմանվի: Ընտանիքի անդամ համարվում է օրենքով գրանցված, նաև օրենքով չգրանցված փաստացի ամուսնության մեջ գտնվող զույգերը, նրանց երեխաները, սկեսուր, սկեսրայր, եղբայր, քույր, զոքանչ, աներ, բոլորը համարվում են ընտանիքի անդամներ: Իրավապահ մարմնի աշխատակիցը, ոստիկանը կարող է մտնել ընտանիք և իր լիազորությունները իրականացնել, եթե կա բողոք: Այնպես չէ, որ պետության ներկայացուցիչը երբ ուզի քաղաքացու դուռը կթակի: Պետք է լինի հիմնավոր բողոք՝ արձագանքելու և արձանագրելու համար, որից հետո այդ ամենը ներկայացվում է հոգեբանական և իրավաբանական աջակցության կենտրոն: Սա ևս դրական բան է, քանի որ մեր երկրում ստեղծվելու է հոգեբանական և իրավական աջակցության կենտրոն, որը զբաղվելու է ընտանեկան բռնարարություններից տուժած անձանց օգնության աջակցությամբ»: