Քրեական օրենսգրքով, երբ ամուսինն ապտակում է կնոջը, սպառնում՝ ոտքդ, ձեռքդ կջարդեմ, ոստիկանությունը ոչինչ անել չի կարող, քանի որ չկա հետևանք
Հայացք մամուլի ակումբում փաստաբան Գևորգ Գյոզալյանը և ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը խոսեցին «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի, կարգավորվող խնդիրների, դրական և բացասական կողմերի մասին:
Ըստ Գևորգ Գյոզալյան ընտանեկան բռնությունների
դեպքերը շատ են Հայաստանում, այդ իսկ պատճառով նա անհրաժեշտություն է համարում ՀՀ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի ներդրումը. «Ով պրակտիկ առնչվում է այդ խնդիրներին, չի կարող չտեսնել այս օրենքի անհրաժեշտությունը»:
Գևորգ Գյոզալյանը նշեց այն երաշխիքները, որն օրենքը տալիս է.
«Օրենքը սահմանում է նախազգուշացում, երկրորդն արտակարգ միջոցառման ռեժիմի կիրառում է, երրորդը պաշտպանական ռեժիմի կիրառումն է: Եթե տեսնում եք, որ ձեր հարևանն իր կնոջը պարբերաբար ծեծում է, կարող եք զանգել ոստիկանություն: Ոստիկանությունն օրենքի ուժով պարտավոր է ներկայանալ դեպքի վայր և ճշտել՝ արդյոք ընտանեկան բռնություն կա՞, թե՞ ոչ: Առաջին անգամ նախազգուշացում կարող է հայտարարել, եթե դա արդյունք չի տալիս, կարող են կիրառել արտակարգ միջոցառման մեխանիզմը և մինչև
72 ժամ որոշակի սանկցիաներ կիրառել: Եթե դա էլ չի աշխատում, իրավիճակը կարող է քննել դատարանը»:
Այն պնդումներին, թե ներկայիս օրենսդրությունը, օրինակ՝ քրեական օրենսգիրքը ևս թույլ է տալիս կանխարգելել ընտանեկան բռնության դեպքերը, Գևորգ Գյոզալյանն արձագանքեց.
«Քրեական օրենսգիրքը չի տալիս այդ երաշխիքները: Օրինակ, եթե ամուսինն ապտակում է կնոջը, նրան սպառնում՝ ոտքդ կջարդեմ, ձեռքդ կջարդեմ, ոստիկանությունը ոչինչ անել չի կարող, քանի որ չկա հետևանք: Այդպիսի մի գործ ունեի. ամուսինն ապտակել էր կնոջը, դատարանը նախադեպային որոշմամբ հայտարարեց, որ մի ապտակը դեռ ծեծ չէ: Ինչպե՞ս պաշտպանել այս կնոջը, քրեական օրենսգիրքը չտվեց դրա պատասխանը»:
Այն, որ մի ամբողջ թիմ պետք է աշխատի ընտանիքի հետ՝ հոգեբաններ, սոցաշխատողներ, հետևաբար այդ ֆինանսական միջոցները որտեղի՞ց պետք է հատկացվեն, փաստաբանն այս առիթով նկատեց. «Պետությունը չէ, պարզ է, որ Ստամբուլյան միջազգային պայմանագրին, որ ուզում են միանալ, հող են նախապատրաստում: Ենթադրում եմ, որ կառավարությունը շատ ավելի շահագրգռված է գրանտային միջոցները բերել, քան ինքն այստեղ այդ օրենքի անհրաժեշտությունը տեսնում է»:
Խաչատուր Գասպարյանը ևս կողմ է օրենքի ներդրմանը: Նա որպես հիմնավորում ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ. «ՀՀ-ում կատարված սպանությունների 17 տոկոսը բաժին է ընկնում ընտանեկան դեպքերին: Սա բավականին լուրջ տոկոս է: 2017-ի առաջին ամիսներին՝ ըստ վիճակագրության, բռնության 600-ից ավելի դեպք է քննվել դատարաններում և 142-ի կապակցությամբ հարուցվել քրեական գործ: Նշանակում է, որ քննարկված ընտանեկան բռնության դեպքերի 30 տոկոսը վերածվում է քրեական գործերի: Կարծում եմ՝ դրանք ճչացող դեպքեր են, և հավանաբար ինչ- որ բաներ վերանայել է պետք»:
Խաչիկ Գասպարյանի հավաստմամբ՝ ընտանեկան բռնության մասին օրենքը կարող է կանխարգելել ընտանեկան բռնությունները. «Ընդդիմախոսները խոսում են ընտանեկան արժեքների, ընտանիքի ավանդույթների խախտման մասին:
21-րդ դարում շատ բան է փոխվել, բայց մեր ընտանեկան հարաբերություները հին են: Օրենքի կիրառման դեպքում ենթաօրենսդրական ակտերով պիտի անդրադառնալ հուզական չարաշահումներին, հուզական բռնության տարատեսակներին: Հոգեբանական վերքերն ավելի խորն են: Այնպես որ, օրենքի ընդունումը կարևոր նախաձեռնություն է, բայց պետք է շարունակվի աշխատանքը ենթաօրենսդրական մեխանիզմների հարցում»: