Այս Ընտրական օրենսգրքով ունենալու ենք ոչ լեգիտիմ խորհրդարան. Տեսանյութ

Լյովա Խաչատրյանն անդրադառնալով Լարսի անցակետի փակ լինելուն ասաց, որ ճանապարհ չունենալը շատ վատ է անդրադառնալու գյուղատնտեսության վրա, գյուղմթերքի արտահանման վրա: «Եթե անցյալ տարի այս ժամանակահատվածում 12 հազար տոննա ծիրան էինք արտահանել, հիմա հետ ենք ընկնում՝ 11 հազար է արտահանվել: Արտահանման ծախսերն էլ ավելացել են: Այն ժամանակ եթե լաստանավով տեղափոխելը 300-400 դոլար էր, հիմա ճանապարհածախսը մոտ 700 դոլարով ավելացել է: Սրանք լուրջ խնդիրներ են»:
Նա նաև ասաց, որ գյուղատնտեսության համար եղանակային պայմաններն էլ բարենպաստ չեն. «Անձրևները երկարեցին, խոտքաղի աշխատանքները դժվարանում են: Մի փոքր բարձր շրջաններում արդեն խոտքաղի ժամանակաշրջան է, իսկ անձրևները դա թույլ չեն տալիս: Խոնավ եղանակին արդեն հացահատիկը, խոտը սկսում են պառկել, եթե մի քիչ էլ անձրևները շարունակվեն, բերքատվությունն ընկնելու է: Եթե այսպես շարունակվի՝ պրոբլեմ կարող ենք ունենալ կերի, հացահատիկի հետ կապված»:
Ընտրական օրենսգրքի մասին խոսելիս՝ Լյովա Խաչատրյանը նշեց. «Այս Ընտրական օրենսգրքով այսօր կարող ենք ասել, որ ունենալու ենք ոչ լեգիտիմ խորհրդարան, 50 տոկոսով լեգիտիմ խորհրդարան: Մարդիկ ընտրելու են ռեյտինգային առաջադրված թեկնածուներին, իսկ կուսակցության ընտրություն գոյություն չունի»: