Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

20 ապր 2018 20:17

ՈՒկրաինական, թե՞ հայկական

Հայաստանում կրկին փոթորիկ է, բոլորը, և՛ ընդդիմությունը և՛ իշխանավորները, և՛ անտարբերները սպասում են հանգուցալուծման:  Կանխատեսում անելը անշնորհակալ գործ է, բայց կարելի է փորձել ներկայացնել Հայաստանի տնտեսական և հետևաբար քաղաքական իրավիճակը:
 
Հայաստանում բիզնեսը և իշխանությունը սերտաճել են մի անբաժանելի կծիկի մեջ և քաղաքական անցուդարձի ամբողջ իմաստը տեղավորվում է «փող-իշխանություն-փող2» սխեմայի մեջ: Այդ սխեմայի մեջ, իշխանությունը օգտագործվում է  փող «աշխատելու» համար: Օրենքի ոչ գերակայության պայմաններում ապահովում է հարստության անձեռնմխելիությունը, իսկ փողը իր հերթին հանդիսանում է իշխանության զավթման և իրականացման գլխավոր շարժիչ ուժը:
 
Այսպես, վարչակարգը քաղաքական հնազանդությունը գնում է աչք փակելով բիզնեսի ու բյուրոկրատիայի մութ գործերի վրա, փայ մտնելով ու փաստացի ստեղծելով պետություն պետության մեջ մարմինը, երբ ստվերային ֆինանսական հոսքերը արտահայտում են իրական քաղաքական իրավիճակը, փայերը ու հարաբերությունները, ստվերից դուրս թողնելով պաշտոնական վիճակագրությունը ու բյուջեի ծախսումները արտաքին պարտքերի հետ մեկտեղ:
Այդ տնտեսական և քաղաքական համակարգը չունի Ալլահի կողմից շնորհված նավթային կամ այլ հանքային մեծ պաշարներ, որոնք թույլ կտան գնել բնակչության քաղաքական հնազանդությունը և լոյալությունը բարեկեցության դիմաց: Այդ նավթային խողովակի բացակայության պայմաններում, ի տարբերություն Ծոցի շեյխերին կամ Ալիևին, որոնք նստելով երկրի հարստության գլխավոր աղբյուր֊-խողովակի վրա ընդամենը բաժանում են բարիքների հպատակներին՝ մեր շեյխի թեկնածուն ուզողի դերում է: Այդ կարգավիճակի տարբերությունը՝ իշխանավորի բարիք բաժանողի և բարիքը ուզողի, խլողի միջև արմատապես տարբերում է նաև Հայաստանի կառավարման և տնտեսավարման համակարգը նավթային ավտոկրատիաներից: Այդ իսկ պատճառով, մեր պարագայում, հանցավոր բուրգի ղեկավարի կախվածությունը հենարանից ավելի մեծ է, իսկ այդ հենարանը ավելի ընդարձակ ու ծախսատար: 
 
Մեզանում իշխանությունը ստիպված է ստեղծել արհեստական մենաշնորհներ (նավթային խողովակ), որպեսզի այդ ծառայության դիմաց փայ ուզի այդ հոսքերը վերաբաշխելու համար, հավաքելով ֆինանսական միջոցները տնտեսության տարբեր ոլորտներից ստվերային մեխանիզմներով, ապահովելով «փող-իշխանություն-փող2» բանաձևը: 
Մենաշնորհները ստեղծվել են, ոչ թե տնտեսական մրցակցության հետևանքով, այլ վարչական նպատակներով, քանի որ տնտեսական մենաշնորհները ապահովում են քաղաքական մենաշնորհները, և հետևաբար՝ անձնական հարստացումը և «փող-իշխանություն-փող2» բանաձևը:
Նույն նպատակով է իրականացվում նաև հարկա-բյուջետային քաղաքականությունը, երբ վերադասը գիտի, որ հարկերը պիտի թաքցվեն, իսկ բյուջեն պիտի մսխվի, պարտադիր պետք է մսխվի քաղաքական հնազանդության ու դեռ խորքերում պահված քրեական գործի արխիվացման համար, իսկ Հայաստանի հանքա֊-արդյունաբերությունը՝ չնայած չունի մեծ նշանակություն համաշխարհային տնտեսության համար, պետական բյուջեից դուրս մի կերպ ապահովում է միայն մեր իշխանավորների ախորժակը:
Հասկանալի է, որ այսպիսի քաղցկեղ համակարգը ծախսատար է, քանի որ խլում է երկրից զարգացման հնարավորությունները: Պետք է նաև մատնանշել, որ այս համակարգը նույնիսկ, այսպես կոչված, իր լավագույն տարիներին այնքան ծախսատար է, որ պահանջում է դրսի ֆինանսավորում, կամ վարկերի տեսքով, կամ անհայտություն հայտնաբերվող (գազի, հոսանքի և այլ) պարտքերի դիմաց տրվելիք պետական գույքի վաճառքի տեսքով: Այդ ճեղքվածքը այն գինն է, որը վարչակարգը վճարում է իր քաղաքական հենարանին՝ հնազանդության և աջակցության դիմաց, և նույնիսկ ներմուծողների գերշահույթը և սպառողների ուսերին դրված հարկահավաքությունը չեն բավարարում հենարանի անընդհատ աճող ախորժակը: 
 
Իրականում, չի էլ կարող բավարարել, որովհետև լեգիտիմությունը միշտ ավելի էժան է նստում երկրի վրա, իսկ ոչ լեգիտիմ հանցախումբը պիտի ծախսի իշխանավորման ապահովման համար ավելին, քան կարող էր ստանալ այդ քաղաքական հենարանը, այսպես ասած, բնական լեգիտիմ իշխանության դեպքում: Եթե այդ հենարանի վարչակարգից ստանալիքը նույնն է, ինչ լեգիտիմ ու «նորմալ» կարգավիճակում, ապա այդ հենարանը չի ունենա ոչ մի շարժառիթ պաշտպանելու վարչակարգը և եկամտի փայ վճարի այդ վարչակարգին, և չի գնա հանցավոր համաձայնության: 
Ուստի՝ վարչակարգը պիտի գնի իր հենարանի աջակցությունը ռեսուրսների «նորմալ» բաշխման համեմատ շատ ավելի բարձր գնով, ապահովելով տնտեսական և քաղաքական մենաշնորհը երկիրը թալանելու նպատակով: 
 
Այս ճանապարհով երկիրը հասել է յոթ միլիարդ դոլար պարտքին, որը գնալով ավելանում է, և արդեն գործում է  ֆինանսական բուրգի տրամաբանությամբ, երբ նոր վարկերը անհրաժեշտ են հին վարկերը փակելու համար, և ոչ թե ինչ որ զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Իսկ նույն ՊՊԾ-ներին ու ահռելի ուռճացված հենարան պահելու, կերակրելու համար տարեկան կես միլիարդ դոլար պիտի մտնի երկիր, որ իրավիճակը մնա այնպիսին ինչպես որ կա: Մայր գումարները, տոկոսները ու հենարանի կերակրելը դառնում է երկրի ֆինանսների համար լուրջ բեռ և հանդիսանում է վարչակարգի գլխավոր խնդիրը: Ի վերջո նոր նախագահ Արմեն Սարգսյանը բերվել է հենց այդ արևմտյան ֆինասնական ռեսուրսներին մուտք ստանալու ակնկալիքով:
 
Վերադառնալով քաղաքական իրավիճակին հստակ է այն իրողությունը, որ ներկա պայմաններում այլևս անհնար է իշխանություն-տնտեսություն ոչ կոնֆլիկտային տարանջատումը: Եթե Սերժ Սարգսյանը հանձնի իշխանությունը, ապա նաև զրկվելու է տնտեսական հնարավորություններից, ինչը չի ուզոմ ոչ մի պարագայում: 
Միամիտ հույսերը (ոչ Սերժ Սարգսյանի, այլ հավակնորդների), որ հնարավոր է ստանալ քաղաքական իշխանությունը ամենահարուստ հային տալով երաշխքներ ու ազնիվ խոսք, որ ունեցվածքին ձեռք չեն տա՝ սին են: Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե ինչպես է աշխատում հայկական քաղաքական-տնտեսական հանցավոր համակարգը: Չկա ունեցվածք առանց քաղաքական իշխանության, ու չկա քաղաքական ազդեցություն առանց ստվերային տնտեսական հոսքերի վերահսկման ու կառավարման:
 
Այս իմաստով, իհարկե, ինքը հավերժ չէ, բայց ենթադրում եմ, որ փորձ է արվելու կատարել անցում դեպի «ընտանեկան» կառավարում, իշխանության լծակները կենտրոնացնելով եղբայրների, եղբայրների որդիների, փեսաների, ինչու չէ դուստրերի ձեռքը, ստեղծելով ընտանեկան տոհմային ստվերային մարմին՝ մի քանի մերձավորների ներգրավմամբ, որը պիտի վերահսկի իրավիճակը և պաշտպանի ունեցվածքը:
Մյուս կողմից իհարկե, տնտեսական և սոցիալական վիճակը երկրում գնալով բարդանալու է, ինչը պահանջելու է արդեն արտոնվածների շրջանակի նեղացում: Մենաշնորհային համակարգը միտում ունի դեպի նեղացում, գործող անձանց քչացում, ինչը մենք տեսնում ենք տնտեսության տարբեր ոլորտներում: Նաև հայ ժողովդրի պայքարը ստիպում է նույն օլիգարխատին սկսել վճարել:
 
Այդ գործընթացը իհարկե կարելի է միայն ողջունել: Ի վերջո վարչակարգը անելու է այն, ինչը պիտի արվեր. ստիպելու է ստվերին վճարել: Դրական գործընթաց է, մեկ նրբերանգով՝ եթե բիզնեսը վճարում է ինչքան պետք է, կամ ապարատը չի կարողանում փող «աշխատել» (բյուջեի մսխում, կաշառքներ), ապա հավատարիմ մնալու ոչ մի շարժառիթ չի մնում: Հանուն ինչի՞ վտանգել սեփական անունը, հեղինակությունը, անվտանգությունը, ազատությունը ու ապագան, եթե օգտվողը այլոք են՝ շատ նեղ շրջանակի անձիք:
Այս գործընթացը ընդհանուր առմամբ կատարվեց  ՈՒկրաինայում, երբ միջին դասակարգը ու օլիգարխները ուղղակի ապստամբեցին Յանուկովիչի ու իր որդի Սաշկոյի դեմ: Իհարկե, մեծագույն դեր խաղաց նաև Դմիտրի Ֆիրտաշի 2014թ ձերբակալությունը Վիենայում՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջով: ՈՒկրաինական օլիգարխները շատ արագ ամեն ինչ հասկացան, ու միջանկյալ քաղաքական դիրքերից դարձան незалежни-ի կողմնակիցներ, քանի որ ունեցվածի ահռելի մասնաբաժինը Արևմուտքում էր, հանդիսանում էին Մեծ Բրիտայիայի ու Իսրաելի հարկային ռեզիդենտներ, ու մեսիջը չհասկանլու դեպքում խստորեն պատժվելու էին:
 
Մեր օլիգարխատը նույնպես ունի մեծ ներդրումներ Արևմուտքում, Պարսից Ծոցի երկրներում, Արևելյան Եվրոպայում, որոնք գտնվում են նույն Արևմուտքի ազդեցության տակ ու չեն մերժի ԱՄՆ֊-ի ՀԴԲ-ի՝ անձի կամ գույքի կալանավորման հայցը: Ավելին, Հայաստանի ամենակարևոր ընկերություններից նույն Որոտանի կասկադը ամերիկյան ընկերության սեփականությունն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ գերմանական ընկերության սեփականությունն է, Վալեքս գրուպը՝ շվեյցարական է և այլն: Ակտիվների փոխանակումը, երբ տրվում է  հայկական ընկերության 100 տոկոսը, փոխարենը ստանալով արևմտյան ընկերության ինչ-որ մասնաբաժին՝ հետքերը հայ ժողովդրից ու արդարադատությունից թաքցնելու ու գողոնը լեգիտիացնելու համար՝ չի փրկելու այդ արևմտյան ընկերությունների կառավարությունների գործողություններից:
 
Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու Արևմուտքը չի օգտագործում այդ հզոր լծակը, որը թույլ կտա շատ արագ սթափեցնել ամբողջ դասակարգը: Իմ տպավորությամբ, իմ վարկածով առկա է Արևմուտք-Ռուսաստան ներքին պայմանավորվածություն, որ Հայաստանը ռուսական գերիշխանության գոտի է: Բայց ռուս-արևմտյան սրացման դեպքում հնարավոր է, որ այդ վաղեմի պայմանավորվածությունները այլևս և չհարգվեն: Առավել ևս, որ Ռուսաստանի զսպման քաղաքականության և արևմտյան  առաջխաղացման՝ Մերձբալթիկա, հետո Կիև-Թբիլիսի շարքից հետո կարծես թե հասունանում են նոր գոտիներ, որոնց մեջ Երևանը վերջին տեղում չէ հաստատ: 
Այս հավանական սցենարը մեր համար կարող է ունենալ ամենակատաստրոֆիկ հետևանքները, քանի որ եթե ռուս֊-արևմտյան հարաբերությունների պարզումը իրականացվում է այլ երկրի հողում, ապա այդ երկիրը չի կարողանա խուսափել մեծ կորուստներից, իսկ մեր պարագայում  նման բախումը մեր համար կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ 
 
Եվ այս ենթադրյալ սցենարի օրինակով  դրսի պարտադրանքով օլիգարխիկ «հեղափոխությունը» և դրա պտուղները մենք տեսնում ենք նույն ՈՒկրաինայում, և այդ իմաստով այդ սցենարը՝ վատագույն տարբերակն է: Ավելին, «շան որդի է, բայց մեր շան որդին է» սկզբունքը կիրառում են բոլոր գերտերությունները, և նույն ուկրաինական դառը փորձը և ուկրաինական շարժման կիսատությունը, անավարտվածությունը ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում հետապնդվում են արտաքին քաղաքական նպատակներ, և մեղսունակ պետության և երկրի կառուցումը միայն այդ երկրի բնակիչների դարդն է։ Ոչ ոք մեր փոխարեն այդ խնդիրը չի լուծելու։
 
Անհրաժեշտ է հեռու մնալ արտաքին գործոնների ներգրավման գայթակղությունից, ինչպես նաև հստակ պահել հակա-օլիգարխիկ գիծը, թողնելով խոշոր բիզնեսին միայն տնտեսական լծակները, ինչը մեր նման փոքր երկրում արդեն իսկ շատ մեծ ազդեցություն է: Հակառակ դեպքում, օլիգարխները՝ Սերժ Սարգսյանի հենարանը կարող է փորձել ազատվել հեղինակազրկված պարագլխից հաստատելով արդեն ուկրաիանական մոդելի օլիգարխիկ կառավարում, որը ոչնչով այս բրգաձև համակարգից լավը չէ:
Կարող է՞ Հայաստանը ընտրել, ձևավորել ոչ վատագույն տարբերակը՝ մեր անելիքից է կախված պատասխանը:
Բայց, ես մեկ վայրկյան չեմ կասկածում, որ այս քաղցկեղ համակարգը տապալվելու է։ Այն պատմական ընթացքից, պատմական ժամանակաշրջանից, մեր մարտահրավերներից, զարգացման տրամաբանությունից դուրս է։ ՈՒժի կիրառումը չի փրկելու քաղաքական դինոզավրերին պատմական պարտությունից:
Նոր սերունդը կայացվում է, սոցիալիզացվում է աշխարհի ազդեցությամբ, ոչ թե հանրապետական կոմսոմոլի։ Հայաստանը Հյուսիսային Կորեա չէ, սահմանները, ինֆորմացիան բաց է, դրսի հետ շարժը կա, և իր բոլոր թերություններով և առավելություններով նոր, երիտասարդ սերունդը և հետևաբար, գնալով բնակչության ավելի մեծ մասը կայանում է այլ միջավայրում։ Եվ այդ եկող նոր սերնդի (և հետևաբար բնակչության) և հին կառավարման համակարգի միջև հակասությունները անտոգոնիստիտիկ են, անհաղթահարելի և միայն սրվելու են։ 
Այդ հակասությունը ավարտվելու նոր սերնդի լիակատար հաղթանակով, այլ հարց է, թե երկիրը ինչ գին է վճարելու քրեա֊օլիգարխիկ համակարգի դիմադրության պատճառով։
Հայկ Բալանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր