Բժշկի խորհուրդ.Ե՞րբ պետք է միս տալ երեխային
Երեխաների սննդակարգում միսը պարտադիր է: Երեխաներին խորհուրդ չի տրվում լինել բուսակեր, քանի որ աճի և զարգացման համար երեխայի օրգանիզմին անհրաժեշտ են կենդանական սպիտակուցներ, B վիտամիններ (B12 վիտամինն առկա է միայն կենդանականծագում ունեցող մթերքներում), օգտակար նյութեր (երկաթ, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր), որոնցով հարուստ է մսամթերքը:
Ե՞րբ պետք է միս տալ երեխային
Միսը երեխայի սննդակարգ պետք է մտցնել 7-8 ամսականում: Ըստ բժշկական նկատառումների (սակավարյունություն, թերսնում և այլն)՝ մսամթերքը հնարավոր է ավելի վաղ ներառել երեխայի սննդակարգում (5-6 ամսական): Ինչպես ցանկացած տեսակի մթերք, մսային սոուսները ևս պետք է սկսել տալ աստիճանաբար` սկսած ½ թեյի գդալից: Միսը կարելի է խառնել բանջարեղենային, հացահատիկային խյուսի և կրծքի կաթի հետ: Հարկավոր է նշել, որ երեխաներին միս չի կարելի տալ կարտոֆիլի խյուսի հետ, քանի որ այդմթերատեսակները միասին փոքրիկները վատ են մարսում:
Ինչպիսի՞ միս է անհրաժեշտ տալ վաղ հասակի երեխային
Խորհուրդ է տրվում նախապատվություն տալ նապաստակի կամ հնդկահավի մսին: Այն նվազ ալերգիկ է, պարունակում է բոլոր անհրաժեշտ նյութերը և հեշտությամբ է մարսվում: Այս տեսակ մսին ընտելանալուց հետո երեխայի սննդակարգ կարելի է մտցնել հորթի միս, տավարի միս և հավի միս:
Եթե ինքներդ եք պատրաստում մսային խյուսը, ապա այն հարկավոր է եփել «երկրորդ» արգանակի մեջ (այսինքն՝ ամեն անգամ եռացող ջուրը հարկավոր է թափել և փոխարենը լցնել թարմ ջուր): Միսը կարելի է մանրացնելբլենդերով կամ անցկացնել քերիչով: