Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

11 հուն 2018 18:47

«Դստերս ոչինչ վերադարձնել չի կարող․․․». Փրկարարի մասնակցությամբ ողբերգական վթարի մեղավորները ազատ կարձակվեն

«Դստերս ոչինչ վերադարձնել չի կարող․․․». Փրկարարի մասնակցությամբ ողբերգական վթարի մեղավորները ազատ կարձակվենԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց 2017 թվականի աշնանը Աճառյան փողոցում ԱԻՆ աշխատակցի ու սլավոնական համալսարանի ուսանողի մասնակցությամբ ողբերգական վթարի գործի դատական քննությունը:
Այս ողբերգական պատահարի արդյունքում 11-ամյա դպրոցական աղջնակ է մահացել, իսկ երեխայի հարազատները, որ նույն մեքենայի մեջ էին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ամբաստանյալի աթոռին երկու Հակոբյաններ են՝ ո՛չ բարեկամներ:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին 27-ամյա Լևոն Հակոբյանը՝ ԱԻՆ հրշեջ-փրկարար, իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի, տրանզիտային համարանիշով ավտոմեքենայով Երևանի Աճառյան 42 շենքի մոտ ճանապարհի չթույլատրված հատվածում հետադարձ է կատարել, խոչընդոտել է սահմանված թույլատրելի արագության գերազանցումով նույն ուղեմասով ընթացող՝ 23-ամյա Արթուր Հակոբյանին պատկանող, նրա վարած «HUMMER H2» մեքենայի երթևեկությանը, ինչը և դարձել է սարսափելի ավտովթարի պատճառ:
Արթուր Հակոբյանը վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը, մեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի, որտեղ ընդհարվել է սկզբում «Օպել», ապա «Նիսան» մեքենաներին:
«Օպելի» 11-ամյա ուղևորուհի Լարիսա Մ.-ն տեղում մահացել է՝ երեխայի գլուխը կտրվել է իրանից, երեխայի ծնողներին պատճառվել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Վթարից հետո փրկարար Լևոն Հակոբյանը առանց կանգ առնելու հեռացել է դեպքի վայրից, գնացել է իր աշխատավայրը, այնուհետև փրկարարների հետ ներկայացել է դեպքի վայր ու ոչինչ չի հայտնել կատարվածի մասին:
Այն բանից հետո, երբ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի նկարահանած նյութերի ուսումնասիրությունից պարզվել է վթարի ամբողջ պատկերը, հանրությունն աղմուկ է բարձրացրել, Լևոն Հակոբյանը ներկայացվել է ոստիկանություն:
Տուժողները Արարատի մարզի Ոստանիկ գյուղից են:
Հրշեջ –փրկարար Լևոն Հակոբյանը միջնակարգ կրթություն ունի, նրա խնամքին են 3 և 5 տարեկան մանկահասակ երեխաներն ու չաշխատող կինը:
Արթուր Հակոբյանը դեպքի պահին Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող էր:
Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, Լևոն Հակոբյանին՝ 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով՝ նաև՝ պատահարի վայրը թողնելու համար:
Մահացած երեխայի ընտանիքում օրեր առաջ՝ մայիսի 5-ին, տղա է ծնվել: Ընտանիքում մեծանում է ևս մի զավակ՝ 8 տարեկան…
Նախորդ դատական նիստում Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Վազգեն Թադևոսյանը հանդես էր եկել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու կամ գրավով փոխարինելու միջնորդությամբ:
Մեղադրողը ժամանակ էր խնդրել՝ իր դիրքորոշումը ճշտելու համար:
Այս դատական նիստում մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նշելով, որ ամբաստանյալին կալանքի տակ պահելու հիմքերը «դատավարության այս փուլում դեռևս չեն վերացել»:
Ամբաստանյալ Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Վազգեն Թադևոսյանը արձագանքեց դատախազի՝ վերոհիշյալ արտահայտությանը՝ ասելով, թե դա «անորոշ միտք է»:
Պաշտպանը հարց բարձրացրեց՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու ո՞ր հիմքերն են, որ առկա են, չեն վերացել: Պաշտպանը նշեց, որ գործով արդեն հարցաքննվել են տուժողի իրավահաջորդը՝ մահացած երեխայի հայրը, տուժողը՝ մահացած երեխայի մայրը, վկաների մեծ մասը:
Չհարցաքննված են մնացել 2-3 վկաներ, նրանք էլ Արթուր Հակոբյանի դեմ ըստ էության ցուցմունք չեն տվել: Ազատություն դուրս գալով՝ Արթուր Հակոբյանը նրանց վրա ի՞նչ ազդեցություն պիտի ունենա, ազդեցություն ունենալու, ճնշելու իմաստ անգամ չկա, քանի որ այդ մարդիկ Արթուր Հակոբյանի դեմ ցուցմունք չեն տվել: Դատարանում հարցաքննված վկաներն ու տուժող կողմն էլ որևէ բառ չեն ասել, թե Արթուր Հակոբյանը կամ նրա հարազատները փորձել են ճնշել իրենց վրա, դա այն դեպքում, որ նախաքննության ընթացքում Արթուր Հակոբյանը երկու ամիս եղել է ազատության մեջ: Այդ ընթացքում քննիչը երկու անգամ որոշում է կայացրել, որ ՀՀ պետական սահմանը փակվի Արթուր Հակոբյանի համար, չնայած՝ գրավի կիրառման դեպքում նման բան չի արվում: Բայց, միևնույնն է, Արթուր Հակոբյանը փորձ էլ չի արել երկրից հեռանալու կամ գործի քննությանը ինչ-որ կերպ խոչընդոտելու: Այժմ էլ, եթե դատարանը Արթուր Հակոբյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինի գրավով, նա յուրաքանչյուր դատական նիստին ճիշտ ժամանակին կներկայանա, կդրսևորի պատշաճ վարքագիծ:
Դատախազի առարկությունը նկատի ունենալով՝ պաշտպանն ասաց. «Տպավորություն է ստեղծվում, որ անձնական թշնամանքի դաշտ ենք մտնում… Հիմա նույնիսկ ծանր և առանձնապես ծանր հանցանքներ գործած անձինք են կալանքից ազատ արձակվում, իսկ Արթուր Հակոբյանի կատարածը անզգույշ հանցագործություն է՝ միջին ծանրության»:
Ըստ պաշտպանի՝ անազատության մեջ մնալու դեպքում յուրաքանչյուր օր խախտվում է իր պաշտպանյալի հիմնարար իրավունքը:
«Խնդրում եմ՝ տեղի չտաք դատախազի առարկությանն ու կայացրեք արդարադատության շահից բխող որոշում»,- դատարանին հորդորեց պաշտպանը:
Դատարանը քիչ անց որոշում կայացրեց՝ մասնակի բավարարել պաշտպան Վազգեն Թադևոսյանի միջնորդությունը, ամբաստանյալ Արթուր Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել գրավով՝ 1 միլիոն դրամի չափով:
Դատարանի դահլիճի մի կեսը մեծ ոգևորություն ապրեց, մյուս կեսը՝ Լևոն Հակոբյանի հարազատները, ավելի սրտատրոփ դարձավ, քանի որ հաջորդիվ ԱԻՆ նախկին աշխատակից Լևոն Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Ժաննա Կոտիկյանի միջնորդությունն էր՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Պաշտպանը կարծիք հայտնեց, թե իր պաշտպանյալին ընդհանրապես անհիմն են մեղադրանք առաջադրել: Պաշտպանը դեպքերի ընթացքոը նկարագրեց այն տրամաբանությամբ, որ վթարը կատարվել է ո՛չ Լևոն Հակոբյանի մեղքով, նա վթարից հետո դեպքի վայրը չի լքել-հեռացել, այլ պարզապես մեքենան դուրս է բերել երթևեկելի գոտուց՝ մեքենան տարել-կանգնեցրել է ԱԻՆ ծառայության մոտ, իսկ ինքը ծառայակիցների հետ վերադարձել է դեպքի վայր ու կատարել է փրկարարական գործողություններ: Պաշտպանը չանդրադարձավ այն հարցին, որ փրկարարը կատարվածի մասին չի զեկուցել իր հրամանատարությանը, այլ միանգամից նշեց, որ Լևոն Հակոբյանը, իմանալով, որ «իրենով հետաքրքրվում են»՝ ինքնակամ է ներկայացել ոստիկանություն: Միայն՝ որպեսզի նա ծառայության վայրից՝ Բյուրականից շուտ հասնի Երևան, նրա հետևից իր մեքենայով մեկնել է ոստիկանության Ավանի բաժնի պետը…
Պաշտպանը նշեց, որ Լևոն Հակոբյանը շնորհակալագրեր ունի անբասիր ծառայության համար, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, բացառվում է, որ ազատություն դուրս գալով՝ նա ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի՝ խոչընդոտի գործի քննությանը, նոր հանցավոր արարք կատարի կամ ազդեցություն և ճնշում գործադրի գործով անցնողների վրա:
Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի կալանավորումը փոխարինել գրավով՝ 500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամի չափով: Պաշտպանն ասաց. «Ինչքան քիչ՝ այնքան լավ… Գրավի գումարի շատն ու քիչը չէ, որ ապահովում է մարդու պատշաճ վարքագիծը…»:
Պաշտպան Ժաննա Կոտիկյանը նշեց, որ Լևոնի ծնողները «բանվոր մարդիկ են», շատ գումար չունեն, բայց նրանց ազգականներն էլ են պատրաստակամություն հայտնել՝ գումարի հարցում օգնելու:
Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան Վազգեն Թադևոսյանը միջնորդությանը՝ «բովանդակային առումով» կողմ արտահայտվեց, սակայն նշեց, որ չի կիսում Ժաննա Կոտիկյանի դիրքորոշումը՝ «վթարի վերաբերյալ մոտեցումների առումով»:
Մեղադրող դատախազն այս անգամ էլ առարկեց միջնորդության դեմ՝ նույն հակիրճ ոճով՝ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը:
Տուժողի իրավահաջորդը չառարկեց միջնորդության դեմ: Իսկ մեր զրույցի ժամանակ ասաց, թե ամբաստանյալների՝ կալանքի տակ կամ ազատության մեջ լինելը իրեն ո՛չ ուրախացնում, ո՛չ տխրեցնում է: Կատարվածը անզգույշ հանցագործություն է, եթե դիտավորյալ արարք լիներ, ինքը այլ վերաբերմունք կդրսևորեր: Հիմա այս ամբաստանյալները քանի տարի էլ նստեն՝ հետո դուրս են գալու, իսկ իր դստերը ոչինչ վերադարձնել չի կարող…
Դատարանը քիչ անց իր որոշմամբ ուրախացրեց նաև դահլիճի մյուս մասին՝ Լևոն Հակոբյանի կալանավորումը փոխարինելով գրավով՝ գրավի չափ սահմանելով 1 միլիոն դրամը:
Նշենք, որ նախագահող Արմեն Վարդապետյանը երկու միջնորդություններն էլ քննության առավ ողջամիտ ու սեղմ ժամանակում և խորհրդակցական սենյակում ձևականորեն շատ ժամանակ չծախսեց՝ հոգեհան անելով որոշմանը սպասողներին:
Այսօրվա դատական նիստը ավարտվեց դատարանին ուղղված շնորհակալություններով: Հաջորդ նիստին՝ հուլիսի 12-ին, ամբաստանյալները դատարան կներկայանան որպես ազատ ամբաստանյալներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր