Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 հուն 2018 16:00

Կառավարիչը շարունակում է «Նաիրիտի» գույքը վաճառել

Երկուշաբթի օրը՝ հունիսի 25-ին, «Նաիրիտ» գործարանի հարցով քննարկումներ կանցկացվեն՝ սնանկության կառավարչի, Էներգետիկ ենթակառուցվածքների և Բնական պաշարների ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ներդրողների, գործարանի և ԱԻՆ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Օրակարգի գլխավոր հարցը գործարանում աուդիտ սկսելու խնդիրն է։
Հիշեցնենք, որ օրերս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու ներդրումային առաջարկով հանդես եկած «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի միջև հուշագիր է ստորագրվել՝ փորձագիտական խումբ ստեղծելու և «Նաիրիտի» վիճակը քննարկելու շուրջ։
«Նաիրիտի» նախաձեռնող խմբի մոտ մտավախություն կա, որ սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը կարող է խոչընդոտել աուդիտի անցկացմանը։ Այդ մտավախության հիմքն այն է, որ թեև մայիսի վերջին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը վստահեցրել էր, թե «Նաիրիտի» սնանկության կառավարչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամանակավորապես դադարեցնել գործարանի գույքի վաճառքի գործընթացը, մինչև կլինի աուդիտի եզրակացությունը, սակայն դա տեղի չի ունեցել, սնանկության գործընթացը սառեցված չէ և ակտիվ շարունակվում է։
Երեկ գործարանի տարածքից 4 բարձված բեռնատար է դուրս եկել։ Հայտնի է, որ սնանկությունից հետո գործարանից բավական գույք է հանվել ու վաճառվել շուկայականից ցածր գներով, թեև «Նաիրիտի» տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Մարգարյանը վստահեցնում է, թե այն գույքը, որն անհրաժեշտ է վերագործարկման համար, իրենք խնամքով պահում են։ Այս իրավիճակում միայն աուդիտը կարող է հստակ պատասխանել, թե ինչ վիճակում է գործարանը, ու ինչքան ներդրումներ և ժամանակ կպահանջվի այն վերագործարկելու համար։
168.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» նախկին տնօրեն, այժմ՝ դրա վերագործարկման համար պայքարող Կարեն Իսրայելյանը նշեց, որ ամեն դեպքում աուդիտի արդյունքը դրական կլինի, միայն ներդրման գումարի մեծությունը կարող է ավելանալ և թողարկման ժամկետը 1 տարի 2 ամսվա փոխարեն՝ դառնալ 1 տարի 6 ամիս։
Նա տեղեկացրեց, որ հոլդինգը հարցում է արել կաուչուկի պահանջատերերին Իրան և Եվրոպա՝ ճշտելու համար նրանց պահանջարկը։
«Այսօր արդեն իրանական 1 և եվրոպական 1 ընկերություններ պատրաստակամություն են հայտնել 1 տարի հետո 25 հազար տոննա կաուչուկ գնելու շուկայական գներով։ Սա նշանակում է, որ գործարանն իր արտադրանքն ամբողջությամբ իրացնելու խնդիր չի ունենա»,- ասաց Կ.Իսրայելյանը։
Հիշեցնենք, որ «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց 2016 թ.՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցադիմումի հիման վրա, որին գործարանը 1 մլրդ 200 մլն դրամից ավելի գումար է պարտք։ Գործարանը դադարել է արտադրանք թողարկել 2010 թ. մարտին։
«Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգն այժմ պատրաստ է գործարանի վերագործարկման համար նախնական՝ 25-30 մլն եվրո, հետագայում՝ մինչև 105 մլն եվրո ներդրում իրականացնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր