Իրավապահները քանդում են. «կուռքերի» թիրախավորումը

Այսպիսով, տեղի ունեցողում ակնառու է հին համակարգի խորհրդանիշների կամ «կուռքերի» թիրախավորումը, ինչն անկասկած ունի հոգեբանական ահռելի նշանակություն: Նախ, մի կողմից դրանով փորձ է արվում գործնականում ցույց տալ, որ ոչ ոք անձեռնմխելի չէ, և Նոր Հայաստանում այդ մասին իշխանության հայտարարությունները իրական են, կամ այլ կերպ ասած՝ խոսքը գործ է: Դրանից բացի՝ կուռքերի թիրախավորումը նաև նպաստում է հասարակության մեջ հոգեբանական տրանսֆորմացիա առնվազն խթանելուն: Որքան էլ մարդիկ կանգնել, քայլել ու հաղթել են, միևնույն է, նրանց հոգեբանությունը դեռ կարիք ունի «միֆազերծման», ընդ որում թե՛ բացասական, թե՛ դրական «միֆերի» առումով: Որովհետև Գագիկ Ծառուկյանը, օրինակ, այդ իմաստով համակարգի հարաբերական խորհրդանիշ է և նա ամենևին միարժեք բացասական ընկալում չունի և նրա ընկալումը ավելի շուտ չեզոք և դրական է:
Սակայն միֆը միֆ է և դրական, թե բացասական, այն կաղապարում ու կաշկանդում է հանրային մտածողությունն ու հոգեբանությունը, կամա թե ակամա: Իսկ թավշյա հեղափոխության հիմնարար հաջողություններից և դրա բյուրեղացման առանցքային գրավականներից մեկը կարող է լինել և պետք է լինի հանրության մտածողության այդ «միֆազերծումը»՝ թե՛ դրական, թե՛ բացասական այդ պերսոնաժների «հողեղենացումը»: Ներկայիս պրոցեսը լուծում է նաև այդ խնդիրը: Եվ վերջապես, լուծվող խնդիրների շարքում է նաև համակարգի այսպես ասած հոգեբանական «հողանցումը», որովհետև անգամ իշխանափոխությունից հետո, եթե պահպանվում են դարձյալ բոլոր կատեգորիաների միֆերը, անկախ դրանց բնույթից, դա բերում է նրան, որ համակարգում պահպանվում են այսպես ասած «ռևանշի» հույսերը: Իսկ որքան էլ դրանք իռացիոնալ, այդուհանդերձ ռիսկային լիցք պարունակող տրամադրություններ են, որոնք կարող են հենց իռացիոնալ գործողությունների էլ բերել, անշուշտ, ամենևին ոչ հաջողության արդյունքով, սակայն խնդիրներ ստեղծելով թե՛ հեղինակների, թե՛ նաև ավելորդ խնդիրներ նոր իշխանության համար: