Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

24 սեպ 2018 12:17

Դրա ազատ ընտրությունը ո՞րն է, էդ ո՞նց ես գնում արտահերթ ընտրությունների.չեմ կարծում, որ արդար և թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել

 lragir.am -ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Պարոն Շարմազանով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը, ավելի շատ, քանի Երևանի ավագանու նախորդ ընտրություններին։ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է, ստացել է ձայների 81, 05% տոկոսը։ ՀՀԿ-ականները հիմա էլ շտապում են հայտարարել, որ քիչ էր մասնակցությունը։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում տեղի ունեցած ընտրությունները։


Իշխանափոխությունից հետո այս էմոցիոնալ ֆոնի վրա սա ոչ թե ՏԻՄ ընտրություն էր, այլ վարչապետը ներկայացրեց իր անձնական հարցը, և գրեթե տեղի չունեցավ ծրագրերի պայքար։ Այս ընտրարշավի ընթացքում քաղաքական տարբեր սպառնալիքներ, ասֆալտին փռելու կոչեր հնչեցին, և սպասելի էր, որ նման էմոցիոնալ էյֆորիկ ֆոնի վրա եթե պարոն Փաշինյանը առաջարկեր ոչ թե Հայկ Մարությանին, այլ իր հարևան Սմբատ պապիկին, նման արդյունքն ակնկալվում էր։
Ինչ վերաբերում է մասնակցությանը, ընդամենը երեք տոկոսով երևանցիների մասնակցության ավել թիվը ևս մեկ անգամ խոսում է այս մասին, որ վարչապետի կոչը կամ լավ տեղ չի հասել, կամ ամբողջությամբ տեղ չի հասել, սպասվում էր ավելի մեծ մասնակցություն. մեկ ամիս շարունակ կոչ անել հանրությանը, որ գան ընտրության, կոչ անել, որ սա իր վստահության հանրաքվեն է, չստացվեց, որովհետև շուրջ 60 տոկոսն այս կամ այն պատճառով ականջալուր չեղան Փաշինյանի կոչին։ Առաջին գնահատականը սա էր։ Արդյունքների առումով սպասելի էր, որ իրենք էին հաղթելու, և այստեղ երկու կարծիք լինել չէր կարող, որովհետև ոչ թե ծրագրային, ոչ թե թեկնածուների ընտրություն գնաց, այլ տեղի ունեցավ ճնշում, իշխանության լծակների բանեցում, որի մասին խոսեցին նաև իր հետ համագործակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
Մասնակցության մասով պետք է ասեմ, որ փաստորեն թիվը տպավորիչ չէր, որովհետև եթե Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀԿ-ն գազելներով է բերում ընտրատեղամաս, դրա համար էր այդքան մասնակցություն, ստացվում է՝ գազելներն ու վարչապետի կոչը գրեթե հավասար նշաձող ունեն։ Եվ այս իմաստով, եթե իմ հարգելի գործընկերները կարծում էին, որ մասնակցության մեծ բում է լինելու, մենք տեսանք, որ այդպես չէր, ընդամենը երեք տոկոսի տարբերություն տվեց, այն էլ այն դեպքում, որ քաղաքապետի նախորդ ընտրություններին ընդամենը երեք քաղաքական ուժ էին մասնակցում, իսկ հիմա տասից ավելի ուժեր են մասնակցում։
Այնուամենայնիվ, շատերի գնահատմամբ՝ ձեր քաղաքական ուժը այդքան տոկոս ձայն էր հավաքում գազելներով ընտրատեղամաս բերելով, ընտրակաշառք բաժանելով, վարչական ռեսուրս կիրառելով։ Այս դեպքում որևէ մեկին չեն ստիպել գալ ընտրատեղամաս։ Դիտորդներն էլ փաստում են ընտրությունների արդար և թափանցիկ լինելը։
Նախ ես չեմ կարծում, որ արդար և թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել, որովհետև հենց ընտրարշավի արդյունքում մենք տեսանք, որ քաղաքական իշխանությունը վարչապետի գլխավորությամբ բազմիցս շանտաժի էր ենթարկում մեր քաղաքական օպոնենտներին, որոնք, իմիջիայլոց, ոչ թե ՀՀԿ անդամներ էին, հակահեղափոխականներն էին, ինչպես իրենք են ասում, այլ իրենց քաղաքական գործընկերները նույն կառավարությունում։ Կրկնում եմ՝ պատմության մեջ չէր եղել այդպիսի դեպք, որ պետության ղեկավարն ամենօրյա ռեժիմով անձամբ մասնակցի քարոզարշավին։ Եվ անհավասար պայմաններ էին։ Եթե Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ ընդամենը երեք քաղաքական ուժ է մասնակցել և 40-ից ավելի տոկոս է եղել, իսկ հիմա 12 ուժերի մասնակցության պարագայում 43, այն էլ վարչապետ Փաշինյանի ամենօրյա կոչերի արդյունքում, որ ընտրությունների գնացեք և այլն, մենք տեսանք, որ մասնակցությունը բարձր չէր։ Եվ սա  փաստ է։ Եվ մենք տեսանք, որ երևանցիների 60 տոկոսը չգնաց ընտրության։ Այսինքն՝ 60 տոկոս երևանցիներ ականջալուր չեղան վարչապետի կոչին։
«Իմ քայլը» դաշինքի հաղթանակը և մյուս քաղաքական ուժերի պարտությունը մտահոգո՞ւմ է ՀՀԿ-ին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն հնարավոր է նվազագույն շեմը չհաղթահարի և չանցնի խորհրդարան։
Նախ՝ ես մեկ անգամ չէ, որ նշել եմ, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը հիմնազուրկ է։ Որն է այն հիմքը, որի հիման վրա Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կա օրենսդիր մարմին, կա գործադիր մարմին և կա դատական իշխանություն։ Երեք իշխանություններն էլ, ըստ Սահմանադրության, առանձին իշխանություններ են և իրականացնում են Սահմանադրությամբ իրենց վրա դրված լիազորությունները։ Սա նույնն է, որ ասենք Տարոն Մարգարյանն ստացել է 70 տոկոս ձայն, ու մենք ասեինք՝ դե որ Տարոն Մարգարյանն ստացել է 70 տոկոս ձայն, Ազգային ժողովում մեզ տվեք 70 տոկոս ձայն, գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այդպես չէ, ի՞նչ կապ ունի ՏԻՄ ընտրությունների պատկերը խորհրդարանական ընտրությունների հետ։ Խորհրդարանն, ըստ Սահմանադրության, ձևավորվում է 5 տարին մեկ, իսկ խորհրդարանը լուծարելու հիմքերը Սահմանադրության մեջ գրված են։
Այն, ինչ ասում են Փաշինյանի կողմնակիցները, որ գնում են խորհրդարանական ընտրությունների, մի հատ թող ձևն ասեն, թե ինչպես են դա անելու։ Մի պատգամավոր էլ ես եմ, առանց իմ կամքը հարցնելու ո՞ր մեկդ կարող եք գնալ արտահերթ ընտրության։ Ի՞նչ կապ ունի ՏԻՄ ընտրությունը, որին մասնակցել է 43 տոկոս, ԱԺ ընտրությունների հետ։ Այսինքն այդ 370 հազար մարդը, որոնցից մի մասը սկի չի էլ ընտրել Փաշինյանի թիմին, պիտի գա պրեսինգ անի, որ գնանք արտահերթ ընտրությունների, ինչ է թե Փաշինյանն այդպես է ուզո՞ւմ։ Մենք չպետք է գնանք Փաշինյանին, Շարմազանովին, Պետրոսյանին կամ Պողոսյանին հակառակ գնալու ճանապարհով։ Պետք է գնանք Սահմանադրության ճանապարհով։
Մայիսի 8-ին Ազգային ժողովը ընտրել է վարչապետ, որը ներկայացրել է իր ծրագիրը, որը պետք է իրականացնի։ Ազգային ժողովն այս 4 ամսվա ընթացքում որևէ արհեստական  խոչընդոտ կառավարության գործունեությանը չի արել, հետևաբար կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, պետք է բարի լինի իր խոստումները կատարել, իր բարեփոխումներն իրականացնել, մարդկանց  կյանքը լավացնել։ Պետք է դրա համար պայքարել, արտաքին մարտահրավերների դեմն առնել։ Մենք տեսնում ենք բավական լուրջ իրավիճակ, Ադրբեջանի հոխորտանքներին պետք է պատասխանենք, Թուրքիայի, Մերձավոր Արևելքի շուրջ զարգացումներ ու բազմաթիվ խնդիրներ կան։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն իշխանության գալիս մի քանի պայման է դրել, դրանցից մեկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է, այդ օրենսգիրքը Ազգային ժողովը դեռ չի էլ ստացել։ Էդ ո՞նց ես գնում արտահերթ ընտրությունների։
Բայց Ազգային ժողովն արագ կարող է ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու արտահերթ ընտրություններ անցկացնել։
Ազգային ժողովը հո խաղալիք չի՞, մսուր-մանկապարտեզ չի, Ազգային ժողովը Սահմանադրության լիազորություններով օժտված օրենսդիր մարմին է՝ անկախ նրանից՝ Կարգին Հայկոն կստանա 100 տոկոս ձայն, 70, թե 80։ Իսկ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ պետք է բարեփոխվի ընտրական օրենսգիրքը։ Այդ Ընտրական օրենսգիրքը պետք է բարեփոխվի, գա Ազգային ժողով, քննարկվի, ընդունվի։ Իսկ ուր է փոփոխված ԸՕ-ն։ Հայաստանում Փաշինյանի դիկտատուրա չէ, Հայաստանը ժողովրդավար երկիր է, առանձին կան գործադիր, օրենսդիր և դատական իշխանություն։ Ինչպե՞ս են գնում արտահերթ ընտրությունների, թող ձևն ասեն։
Որքան էլ նշեք, որ այս խորհրդարանը արդար ընտրությունների արդյունքում է ձևավորվել և քաղաքական ուժերը դա չեն բողոքարկել, հանրային տրամադրությունները չե՞ք նկատում, որ այլ են։
Ինչ է նշանակում հանրային տրամադրություններ, հանրային տրամադրությունները կարող է վեց ամիսը մեկը փոխվեն։ Մենք հո հանրային տրամադրություններո՞վ չպետք է առաջնորդվենք, մենք պետք է առաջնորդվենք Սահմանադրությամբ։ Այդ դեպքում Սահմանադրությունը մեր ինչի՞ն է պետք, վեց ամիսը մեկ հանրային տրամադրությունները կփոխվեն, վեց ամիսը մեկ ԱԺ ընտրություններ կանենք։ ԱԺ-ն, ըստ Սահմանադրության, առանձին օրենսդիր մարմին է և պարտավոր է Սահմանադրության շրջանակներում իր գործառույթները կատարել։ Քաղաքագիտական անգրագիտություն է ցանկացած ՏԻՄ ընտրությունները կապել ԱԺ արտահերթ գործընթացների հետ։
Եթե իսկապես արդար և թափանցիկ են եղել խորհրդարանական ընտրությունները, այդ դեպքում ինչո՞ւ շահագրգիռ չեք, որ արտահերթ ընտրություններ տեղի ունենան, որ ապացուցեք։
Մենք որևէ մեկին ապացուցելու որևէ բան չունենք։ Իշխանությունը չի գնահատական տալիս ընտրություններին, ընտրությունների որակին և արդյունքներին գնահատական են տալիս մասնագիտական միջազգային կառույցները։ ԵԽԽՎ մոնիտորիգի հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Վենետիկի հանձնաժողովը, ԵՄ դեսպանատունը, Միացյալ Նահանգների դեսպանատունը, այս բոլորը կառույցներն ընդունել են, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները քննարկման ենթակա չեն։
Գոնե մեկ բան կա՞, որ Դուք բարձր եք գնահատում իշխանությունների քայլերում, մասնավորապես թաղային հեղինակությունները չկային այս ընտրություններին, մարդկանց  գազելեներով չէին բերում ընտրատեղամաս։
Այս իշխանությունների կատարած քայլերի և դրականն եմ ասել, և բացասականը, բայց, դժբախտաբար, բացասականն այնքան շատ է, որ դրականը կորում է դրա մեջ։ Երբ դու քո հասարակությանը բաժանում ես սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, ընտրական գործընթացը ասֆալտ փռելու պարագայում տեսնել դրականը, դրա ազատ ընտրությունը ո՞րն է։ Ես Հայաստանում տեսել եմ երեք իշխանություն՝ Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և ես նրանցից որևէ մեկից չեմ լսել կոչ իր ընդդիմադիրներին ասֆալտներին գետնին փռելու, սևի և սպիտակի բաժանելու, հեղափոխականների և հակահեղափոխական համարելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր