Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

06 հոկ 2018 21:10

Վարչապետի հրաժարականը. ում է անցնում իշխանությունը

Հոկտեմբերի 2-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու եւ այդ միջոցով ԱԺ լուծարման հասնելու մտադրության մասին, հանրությունն աշխուժորեն քննարկում է, թե ինչքանով է նպատակահարմար դիմել այդ տարբերակին: Կա գնահատական կամ պնդում, թե դա վտանգավոր է, եւ խորհրդարանի մեծամասնությունը կարող է խաբել՝ Փաշինյանը հրաժարական կտա, նրա փոխարեն կառաջադրեն վարչապետի նոր թեկնածու եւ կկանգնեցնեն փաստի առաջ, իրականացնելով այսպես ասած օրինական «հակահեղափոխություն»:
Երբ հանրության տարբեր շերտեր քննարկում են որեւէ իրավիճակի ռիսկեր եւ բարձրաձայնում մտահոգությունները, անշուշտ լավ է ու կարեւոր, սակայն ցանկալի չէ, երբ այդ ամենը վերածվում է հանրության խուճապահարության:
Իսկ ներկայում նկատելի են այդօրինակ միտումներ, ընդ որում անհիմն: Վարչապետի հրաժարականի տարբերակով խորհրդարանի լուծարման հասնելու սցենարն անշուշտ պարունակում է ռիսկեր, քաղաքականության եւ բնության մեջ ընդհանրապես չկան ռիսկ չպարունակող իրավիճակներ ու սցենարներ:
Սակայն ռիսկը ունի ոչ թե խուճապի, այլ գնահատման, ըստ այդմ դրան հակազդելու հնարավորությունները դիտարկելու անհրաժեշտություն: Ռիսկը պետք է մարդուն, նաեւ հանրությանը ոչ թե վախով վարակի, այլ բերի ինքնավստահության:
Ներկայում հանրությունը չգիտես ինչու վարակվում է վախերով: Ընդ որում, կա մի պարադոքս: Մի կողմից հոկտեմբերի 2-ից հետո շատերն արձանագրում են, որ հանրությունը ցույց տվեց իր ուժը, մյուս կողմից այդ նույն շատերից շատերը խուճապ ու վախ են սերմանում, թե վարչապետը ոչ մի դեպքում չպետք է հրաժարական տա եւ գնա այդ ռիսկային տարբերակով: Ընդ որում, ամենահետաքրքիրն էլ այն է, որ չի դիտարկվում որեւէ այլ տարբերակի ռիսկայինության աստիճանը: Իսկ գուցե այլ տարբերակները առավել ռիսկային են, իմիջիայլոց:
Սակայն, այստեղ առանցքային հարցը ոչ թե ռիսկի մեկ կամ մի քանի աստիճան ավելի կամ պակաս լինելն է, այլ այն, թե ինչն է ընդհանրապես ներկայիս հեղափոխական փուլի հիմնարար երաշխիքը: Դա հասարակության աջակցությունն է վարչապետին, հանրային ճնշող մեծամասնության աջակցությունն է այն օրակարգին, որ պատվիրակել են նրան եւ որի շրջանակում գործում է նա:
Դա է կանխորոշել հեղափոխության ընթացքը, եւ դա է կանխորոշելու արտահերթ ընտրությամբ դրա տրամաբանական ավարտը: Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը հաղթել է թավշյա հեղափոխությամբ, հասարակությունը հաստատել է իր դե ֆակտո իշխանությունը, հեռացրել է նախկին իշխող համակարգին, բայց իրեն չի պահում հաղթած սուբյեկտի պես, չի պահում այնպես, ինչպես պետք է պահի իշխանությունը՝ ինքնավստահ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է ուղեկցվի հանրային երաշխիքով, ոչ թե հանրային խուճապով: Եթե հասարակությունը չի հավատում ինքն իր հաջողությանը եւ ինքն իր հաստատած իշխանությանը, ապա հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը, թե ոչ, վաղ թե ուշ այդ հաջողությունից ու իշխանությունից չի մնա ոչինչ:
Անհրաժեշտ է հասկանալ առանցքայինը, դուրս գալ հին համակարգի տրամաբանությամբ իրավիճակը չափելուց: Իշխանությունը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ հասարակությունը, քաղաքացին, նրան վարչապետի պաշտոնի բերած հանրությունը: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը իր կարգավիճակն է փոխում ժամանակավորապես, հանրությանը տալով այդպիսով ավելի խորքային խնդիր լուծելու հնարավորություն, բայց Նիկոլ Փաշինյանն իշխանությունից չի հրաժարական տալիս, որովհետեւ չի էլ կարող՝ իշխանությունը ժողովուրդն է:
Ամենատարօրինակն այն է, որ հանրային էլիտայի հավակնություն ունեցող տարբեր խմբեր թավշյա հեղափոխությունից հետո հասարակության, քաղաքացու մոտ իշխանության զգացումը ամրացնելու փոխարեն պարբերաբար նրան խուճապի եւ վախերի են մատնում «հակահեղափոխության» այնպիսի առիթներով, որոնցից հետո իրականում հենց նախորդ համակարգն ինքն է հայտնվում ծանր վիճակում եւ դրսեւորում իր վախերն այդ կապակցությամբ:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր