Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

17 հոկ 2018 22:23

Ամեն բան հնարավոր է, բայց հիմա ռիսկերն անշուշտ նվազել են քան մինչ հոկտեմբերի ութն էին

Ներքաղաքական իրավիճակի շուրջ Hayacq.com-ի հարցազրույցը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, ինչը կարծես խորհրդարանը ցրելու հիմնական տարբերակն էր: Ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել:
-Համաձայն չեմ, որ դա հիմնական տարբերակն էր: Գուցե հիմնական տարբերակ էր իշխանության որոշ ներկայացուցիչների համար, բայց ոչ ժողովրդի: Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին՝ ամեն բան հնարավոր է, բայց հիմա ռիսկերն, անշուշտ, նվազել են քան մինչ հոկտեմբերի ութն էին: Կա մեկ այլ հանգամանք ևս. այս երկու շաբաթների ընթացքում վարչապետի անվտանգությունը պետք է առավելագույնս բարձր մակարդակով ապահովվի, որը ենթադրում է, որ հանրային ելքերը պետք է նվազագույնի հասցվեն: Տեսնում ենք, որ դա չի արվում: Տպավորություն է, որ շատ բաներ Հայաստանում հիմա արվում են այնպես՝ ինչպես մասնավոր կարծիքներով հարմար են համարվում: Դա խնդրահարույց իրավիճակ է:
 
-Այս պահին ինչպե՞ս կարելի է բնութագրել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը:
-Վատ, բայց լավատեսությամբ լցված: Ամեն կերպ անհրաժեշտ է զգուշանալ հասարակական հիասթափություն առաջացնելուց: Սակայն, որոշ կոնցեպտուալ մոտեցումներ, որոնք ոչնչով արդարացված չեն՝ կարող են վտանգել  վստահության հանգամանքը: Կադրային հարցը շարունակում է ամենասուր խնդիրներից մեկը մնալ: Եթե ընտրություններից հետո արմատական վերանայումներ չլինեն՝ ապա հաջորդ ընտրություններում իշխանությունն արդեն լուրջ խնդիրներ կարող է ունենալ:
 
-Ինչպե՞ս կգնահատեք այս կարճ ժամանակահատվածում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի փոփոխական քայլերը:
-Դրանք տեղավորվում են առանձնահատուկ վարքագծային կենսագրության տրամաբանության մեջ: Ինչ վերաբերում է դաշնակցությանը, ապա այդ հարգելի կուսակցության ղեկավարությունն առևանգված է մի խումբ մարդկանց կողմից, որոնք ստվերում են ողջ կառույցի հեղինակությունը: Հուսանք՝ ընտրությունները սառը ցնցուղի դեր կխաղան ողջ կուսակցության համար և սկիզբ կդնեն կուսակցության ղեկավարության փոփոխությունների, որն իր հերթին ՀՅԴ-ին ռեֆորմի և դեպի հին որակի վերադարձ կապահովի: Անհրաժեշտ է Դաշնակցությանը վերադարձնել իր սկզբնական գաղափարների՝ ազգային շահերի ծառայության դաշտ: Առաջիկայում Հայաստանը դրա կարիքը շատ է ունենալու:
 
-Ժողովուրդը արդյո՞ք կների նրանց:
-Գիտեք, 2008թ-ին ժողովուրդը մոռացել էր թե ով է Լևոն Տեր-Պետրոսյանը և մի ստվար հատված ուզում էր նրան ընտրել նախագահ: ՀՅԴ մեղքերն այդ առումով Հայաստանի հանդեպ շատ ավելի քիչ են: 2008թ ընդհանրապես մի ամոթալի էջ է, որը ոչ թե պետք է մոռանալ, այլ դրանից անհրաժեշտ է դասեր քաղել: Այնպես որ այս ընտրություններում, անշուշտ, ՀՅԴ-ն վարկանշային լուրջ կորուստներ է ցուցադրելու, բայց բացառված չէ, որ հնարավոր ռեֆորմից հետո՝ վերադառնա քաղաքական լայն հարթակ:
 
-Ինչի՞ հետևանք էր այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում:  ՀՀԿ խմբակցության  մի շարք պատգամավորներ խմբակցությունից դուրս գալու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարություն արեցին: 
-Երբ հոկտեմբերի երկուսին Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական է տալու՝ ստեղծվեց վտանգավոր իրավիճակ: ՀՀԿ-ն և այլոք դրանում շանս տեսան: Եվ այդ հնարավորությունը բացատրվում էր նրանով, որ նոր իշխանությունը նախկիններից ոչ ոքի չէր պատժել, անվերջ անդադար խոսում էր թավիշից, սիրուց ու հանդուրժողականությունից: Մի բան, որ ժողովուրդը բոլորովին չէր ուզում և չի ուզում, բայց որից կարող են օգտվել հենց նախկին ռեժիմի մնացորդները: Վարչապետի հրաժարականի մասին հայտարարությունը ժողովրդական լայն անհամաձայնության և բողոքի ալիք բարձրացրեց: Վարչապետն ամսի ութին հայտարարեց, որ անսալով ժողովրդի ցանկությանը՝ առայժմ հրաժարական չի տա: Եվ քանի որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեմ էին դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը, իսկ ժողովուրդը, սատարելով վարչապետի պահանջը՝ արդեն դրա վրա էր պնդում՝ ստեղծվեց մի իրավիճակ, որ կարող էր դուրս գալ գործադիրի վերահսկողությունից: Որոշակի պայմաններում ժողովուրդը կարող էր ինքնակազմակերպվել և ինքնուրույն՝ արդեն առանց թավիշի, լուծարել այսպես կոչված Ազգային Ժողովը: Հենց վարչապետի հրաժարականի դեմ բարձրացած բողոքի ալիքն էր, որ այդ սցենարի հավանականություն ստեղծեց և ստիպեց նախկին ռեժիմի որոշ ներկայացուցիչների ու այլ կուսակցությունների՝ զիջումների գնալ: Ինքնապահպանման և վերապրման բնազդով է դա բացատրվում: Ամսի տասնվեցի հրաժարականը լուրջ ռիսկեր դեռևս շարունակում է պահպանել, բայց, ինչպես արդեն ասացինք, դրանք այլևս այնպիսի ահռելիություն չունեն՝ ինչպես հոկտեմբերի երկուսից ութն ընկած միջակայքում էր:
 
-Ի՞նչ եք կարծում, ո՞ր ուժերը կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ դասավորվածություն կլինի խորհրդարանում։
-Կարծում եմ, գրեթե յոթանասուն տոկոս կստանա Քաղաքացիական Պայմանագիրը: Կարծում եմ, տեսանելի ներկայություն կապահովի նաև Սասնա Ծռերը: Այդ կուսակցության զբաղեցրած ազգայնամետ դաշտը լիովին ազատ էր և հասարակական լայն պահանջարկ կար ադ վակուումը լցնելու: Արայիկ Խանդոյանի մահը, որ իրականում սպանություն էր՝ նախկին ռեժիմի կողմից, որքան էլ անձնական և ազգային ողբերգություն լինի, քաղաքական առումով Սասնա Ծռերին հավելյալ համակրանք է ավելացրել շատերի մոտ: ԲՀԿ-ն թերևս նույնպես ներկայացված կլինի: Շատ ավելի պակաս տոկոսներով քան այսօր է, բայց բացառված չէ, որ մտնի ԱԺ: Լուսավոր Հայաստան-Հանրապետություն դաշինքը նույնպես, կարծում եմ, մեծ շանսեր ունի շեմը հաղթահարելու: Մյուս ուժերի մասով որևէ մեկն այսօր որևէ կանխատեսում անել չի կարող: Պետք է պոստ-ֆակտում խոսել: Հետհեղափոխական շրջաններում ամեն բան մեծապես դժվար կանխատեսելի է: Ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ արդեն ոչ այս, այլ հաջորդ՝ հինգ տարի անց կայանալիք ընտրություններում բոլորովին այլ արդյունքներ են արձանագրվելու քան այդ խորհրդարանում է լինելու: Դա միակ բանն է, որ անվիճելի է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր