Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ․ Զուրաբիշվիլի, թե՞ Վաշաձե
Վրաստանում
ավարտվեցին նախագահական ընտրությունները։ Թեկնածուներից որևէ մեկը չկարողացավ հաղթահարել
50 տոկոսի շեմը և փաստորեն մինչև դեկտեմբերի 2-ը տեղի կունենա ընտրությունների երկրորդ
փուլ։
Նախագահի
հիմնական հավակնորդներից անկախ թեկնածու, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացավ ձայների մոտ 38,6 տոկոսը,
իսկ «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գրիգոլի Վաշաձեն՝ 37,8։
Իշխող
կուսակցության համար այսպիսի արդյունքը, համենայնդեպս հաղթանակ դժվար է համարել, չնայած նրան, որ իրենց աջակցությունը վայելող թեկնածուն
առաջին տեղում է։
Ընտրությունների
արդյունքներից և նախընտրական քարոզարշավի ընթացքից դատելով որոշ եզրահանգումներ և հետևություններ
հնարավոր է կատարել։
Եվ այսպես․ Ֆրանսիայում ծնված և
մեծացած, Սաակաշվիլու թիմում աշխատած
և այնուհետև վերջինիս ընդդիմախոսը դարձած Սալոմե Զուրաբիշվիլու անձը այդպես էլ լիարժեք չընկալվեց
վրաց հասարակության լայն շերտերի կողմից։ Զորօրինակ, նախագահի հիմնական հավակնորդի
վրացերեն լեզվին ոչ պատշաճ տիրապետելը, հատկապես կոնսերվատիվ հայացքներ ունեցող ընտրողների
մոտ, կարող էր առաջացնել լիարժեք վստահության դեֆիցիտ։ Բացի դրանից, Զուրաբիշվիլին
փաստորեն պաշտոնապես չի առաջադրվել «Վրացական
երազանք»-ի կողմից և վերջինիս համակիրները
ոչ բավարար մոտիվացիա կարող էին ունենալ աջակցելու
Սալոմե Զուրաբիշվիլուն՝ համարելով նրան «օտար թեկնածու»։
Եվս մեկ հանգամանք՝ Վրաստանում կա ընտրողների
մի հատված, որոնց կարելի է անվանել «հակասաակաշվիլիականներ» և որոնք պարտադիր չէ, որ անպայման լինեն իշխող
կուսակցության անդամներ, բայց հակված են աջակցելու ներկայիս իշխանությանը։ Հատկապես
վերջիններիս համար անընկալելի է Սալոմե Զուրաբիշվիլու կերպարը և ամենայն հավանականությամբ
ընտրությունների ցածր մասնակցությունը և Սալոմե Զուրաբիշվիլու, սպասվածից ցածր արդյունքը պայմանավորված է նաև նրանց՝ ընտրություններին չմասնակցելու հանգամանքով։
Իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» ոչ
այնքան իր հանդեպ ունեցած համակրանքի ավելացման, այլ իշխանության բացթողումների և հասարակության մեջ առկա
սոցիալական և տնտեսական դժգոհությունների ֆոնի վրա կարողացավ ապահովել բարձր արդյունք։
Ուժերը այս պահին գնահատվում են հավասար։
Ակնհայտ է, որ երկրորդ փուլում կհաղթի այն թիմը, որը կկարողանա ճիշտ հետևություններ անել և առավելագույնը մոբիլիզացնել առկա ռեսուրսները։ Այստեղ իշխանությունների հնարավորությունները կարծես
թե ավելի մեծ են։
Արտյուշ Գրիգորյան
«Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ