Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

20 դեկ 2018 14:39

Խոշոր չափերի հափշտակություն՝ «Հայբիզնեսբանկ»-ից. Առանցքում կրկին վարչության նախագահի նախկին տեղակալն է

Խոշոր չափերի հափշտակություն՝ «Հայբիզնեսբանկ»-ից. Առանցքում կրկին վարչության նախագահի նախկին տեղակալն է«Հայբիզնեսբանկ»-ից կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակման հերթական գործն է ուղարկվել դատարան, որի առանցքում կրկին վարչության նախագահի նախկին տեղակալ Մելիք Եսայանն է։ 
Ըստ մեղադրանքի՝ Մ.Եսայանի վստահելի մարդը՝ Ա.Օսմանյանը, համաձայնել է օժանդակել նրան կեղծ գործարքների միջոցով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակելու գործում։
Մասնավորապես՝ սեփականության իրավունքով Մելիք Եսայանին պատկանող, իրականում 90.638.000 դրամ շուկայական արժեք ունեցող Նորք-Մարաշում գտնվող անշարժ գույքը, իբր, 251.933.000 ՀՀ դրամ գումարով վաճառվել է Օսմանյանին, ինչի դիմաց որպես նախավճար ինքը Մելիք Եսայանին իբր տվել է 89.847.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև տունը գրավադրվել է բանկում, որի արդյունքում 21.02.2013թ. ստացվել է հիփոթեքային վարկ 400.000 ԱՄՆ դոլարի չափով, որը նույն օրը Արշակ Օսմանյանը փոխանցել է Մելիք Եսայանի հաշվին, իսկ վերջինս այն խարդախությամբ հափշտակել է:
Նշված 400.000 ԱՄՆ դոլարից 2013թ. մարտից-մայիս ամիսների ընթացքում թվով 3 գործարքով բանկին մարվել է ընդամենը 2.533 ԱՄՆ դոլար գումարը, իսկ մնացած 397.467,30 ԱՄՆ դոլարը չի վճարվել:
Օսմանյանին մեղադրանք է առաջադրվել խարդաշությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Գործը դատախազությունն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան։
Հիշեցնենք, որ դատարանում գտնվում է նաեւ մեկ այլ քրեական գործ, որով որպես մեղադրյալ անցնում է հենց Մելիք Եսայանը՝ շուրջ 11մլն Եվրո «լվանալու» մեղադրանքով։
Մեղադրական եզրակացության համաձայն, Մելիք Եսայանը 2008 թ. մարտի 11-ից մինչև 2013 թվականի մայիսի 15-ը (ներառյալ) ժամանակահատվածում հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի տեղակալ և Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն, իր կարգադրիչ և այլ լիազորություններն իր և ուրիշ անձանց օգտին և այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանի, ԻԻՀ և ԱՍՆ քաղաքացի Մաջիդ Ռ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Զեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, քաղաքացի Վահիկ Մանուկյանի, Ժնև քաղաքում գրանցված «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թ. օգոստոսից մինչև 2013թ. մարտը (ներառյալ) ժամանակահատվածում, օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ:
Նրանք վերոնշյալ կեղծ փաստաթղթերով, խարդախությամբ հափշտակել, ապա օրինականացրել են Մոսկվայում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲԸ կողմից, «Սբերբանկ» ընկերության միջոցով (միջնորդությամբ), SWIFT համակարգով «Հայբիզնեսբանկ» ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերի գումարը' ընդհանուրը 5 804 577 000 դրամին համարժեք 10 980 000 եվրոն, որից 1 000 000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9 980 000 եվրոն SWIFT հաղորդագրություններում անճշտությունների առկայության և վերջնական շահառուի նշված չլինելու պատճառով ենթակա է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը: Համաձայն քր. գործի նյութերի, դրա հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ ներկայացնել «Հայբիզնեսբանկ» ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն է ստանձնել։
Վերը նշված արարքների համար Մելիք Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի («Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասի, 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 2-րդ մասի, 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև 190-րդ հոդվածի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այս քրեական գործը դատարան է ուղարկվել շուրջ 3 տարի առաջ՝ դեռեւս 2016 թվական փետրվարին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր