Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 փետ 2019 17:25

Գոնե ես բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից. ոչ միայն խոչընդոտներ չկան, այլ նաեւ կա փոխադարձ հետաքրքրվածություն

Գոնե ես բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից. ոչ միայն խոչընդոտներ չկան, այլ նաեւ կա փոխադարձ հետաքրքրվածությունՀայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Այս մասին այսօր՝ փոտրվարի 1-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա կարող  ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները բավականին դինամիկ զարգացում են ստանում, եթե մանավանդ հաշվի ենք առնում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում եւ ահա տեղի է ունենում իմ պատասխան այցը» ,–նշեց Նիկոլ Փաշինյանը։  

Նա շեշտեց՝ Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերություններն առանձնահատուկ կարեւորություն ունեն. «Գերմանիան Հայաստանի կարեւոր միջազգային գործընկերն է, Եվրամիության երկրներից առաջին առեւտրատնտեսական գործընկերը Հայաստանի համար, իսկ աշխարհում՝ երկրորդը։ Այս փաստով արդեն արձանագրվում են այն առանձնահատուկ կարեւորությունը, որ ունեն Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի հարաբերությունները»։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ–ում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը անշրջելի է Հայաստանի համար. «Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարեւոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը եւս մեկ անգամ ցույց է տվել, որ ժողովրդավարությունը եւ ժողովրդական համակարգն անշրջելի են Հայաստանի համար։ Ուրախ եմ, որ եւ Գերմանիան եւ Եվրամիությունն ընդհանրապես պատրաստակամ են Հայաստանի Հանրապետությանը աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում»։
Նրա համոզմամբ՝ կարեւոր է, որ Գերմանիան Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական ընտրության խնդիր չի դրել.  «Շատ կարեւոր է ընդգծել, որ մեր ԵՄ մեր գործընկերները եւ առավել եւս Գերմանիան այս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առաջ չի դնում եւ չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը իսկապես կարող է լիարժեք իրականացվել նաեւ Եվրամիության եւ հատկապես Գերմանիայի աջակցությամբ»։
Փաշինյանը նշեց, որ քննարկվել է երկկողմ հարբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ. «Ընդ որում, առանձնակի կարեւորություն է ստացել տնտեսական համագործակցության թեման եւ արձանագրել ենք, որ այսօր արդեն գերմանական կապիտալի ներգրավման մի քանի կարեւոր ներդրումային ծրագրեր են իրականացվում ՀՀ–ում եւ մենք հույս ունենք, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց գերմանական ներդրումները ՀՀ–ում անխուսափելիորեն կավելանան»։ 
Նրա խոսքով՝ Մերկելի հետ տարածաշրջանային հարվերում փոխադարձ ընկալում կա. «Ըստ էության, մենք խոսեցինք նաեւ տարածաշրջանային իրավիճակի մասին, միջազգային օրակարգին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք փոխադարձ ըմբռնում։ Իհարկե, մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հարցերը չափազանց կարեւոր են, բայց կարեւոր է նաեւ արձանագրել , որ խաղաղությունը եւ կայունությունը պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք»։
ԼՂ կարգավորման գործընթացում, Փաշինյանի խոսքով, արձանագրել են՝ գործընթացի չի կարող միակողմանի լինել. «Մենք խոսել ենք նաեւ ԼՂ կարգավորման ընթացիկ իրավիճակի մասին եւ այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ պետք է գործընթացը լինի երկկողմանի, եւ չի կարող ընթանալ միակողմանիության տրամաբանության մեջ»։
Իր ելույթի ամփոփելիս Փաշինյանն ընդգծեց՝ բավարարված է Մերկելի հետ քննարկումների արդյունքներից։ «Այս պահին կարող ենք արձանագրել, որ գոնե ես բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլ նաեւ կա փոխադարձ հետաքրքրվածություն այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր ուժ ու թափ հաղորդելու համար»,–եզրափակեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր