Սիֆիլիսի փոխարեն մենինգոկոկային ինֆեկցիա.վեներական հիվանդություններն աննախընթաց թափ են ստանում

Նախկինում մենինգոկոկային ինֆեկցիան կապում էին հիմնականում մենինգիտի հետ, սակայն հիմա բժիշկները ավելի հաճախ են հանդիպում սեռական օրգանների մենինգոկոկային ինֆեկցիաների: Ըստ վիճակագրության՝ այս ինֆեկցիայի կրողներ են մեծահասակների 5-10 տոկոսը: Neisseria meningitidis-ը բնակվում է մարդու քթաըմպանում եւ հեշտությամբ է փոխանցվում օրալ սեքսի ժամանակ:
Neisseria meningitidis-ի մերձավոր ցեղակիցն է սուսանակի հարուցիչը՝ Neisseria gonorrhoeae-ն: 2015 թվականին հայտնաբերել են Neisseria-ի նոր շտամ, որը երկու բակտերիաների ԴՆԹ-ի գենետիկ վերազուգակցության արդյունքն է: Այս շտամը տարբերվում է մարդկանց շրջանում անհավանական արագությամբ տարածվելու ունակությամբ:
Mycoplasma genitalium-ը եւս մեկ հիվանդություն է, որի կրողը հիմնականում երիտասարդներն են: Այս ինֆեկցիան հաճախ առանց ախտանիշների է ընթանում կամ քողարկվում է սուսանակի եւ խլամիդիոզի, արգանդի վզիկի կամ միզուղիների բորբոքման տակ: Հետեւանքները կարող են լինել անպտղությունը, վիժումը, վաղաժամ ծննդաբերությունը եւ մահացած պտղով հղիությունը: Ընդ որում՝ Mycoplasma genitalium-ը հակաբիոտիկների նկատմամբ կայունություն է զարգացնում, ինչը զգալիորեն դժվարացնում է բուժումը:
Shigella flexneri-ի բակտերիաները փոխանցվում են կղանքա-օրալ ճանապարհով եւ առաջացնում է դիզենտերիա, խիթեր, դիարեա: 70-ական թվականներից նկատվում է վարակվածների թվի աճ նույնասեռականների շրջանում, որոնք, ըստ երեւույթին, վարակվում են օրալ եւ/կամ անալ սեքսի ժամանակ: Shigella flexneri-ն, ինչպես շատ այլ ինֆեկցիոն հիվանդությունները, հակաբիոտիկների նկատմամբ կայունություն է զարգացնում, այդ թվում՝ ազիտրոմիցինի նկատմամբ, որն օգտագործվում է սուսանակի բուժման համար:
Վեներական լիմֆոգրանուլեման (առաջացնում է Chlamydia trachomatis բակտերիաների շտամը) եւս մեկ հիվանդություն է, որը նույնպես մեծ թափ է ստանում: Այն բնութագրվում է սեռական օրգանների շրջանում դրսեւորումներոով, ավշային համակարգի ախտահարմամբ, աղիքների բորբոքմամբ (սպառնում է խուղակների ձեւավորմամբ եւ աղիքների նեղացմամբ): Ինչպես եւ խլամիդիոզի դեպքում, այս հիվանդությունը մեծացնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Այն առավել հաճախ ախտորոշում են նույնասեռականների շրջանում: