Ցավոք, բոլոր վարչական շրջանների «յուղոտ» տարածքները շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից.

«Ցավոք սրտի, այսօր իրենք սեփականության վկայականներ ունեն: Այս պրոցեսը 20 տարի եղել է, և այսօր կան ծրագրեր, որ մենք ուզում ենք իրականացնել, բայց այս հանգամանքը խանգարում է: Բայց եթե մեզ պետք է մի հողակտոր ինչ-որ մի ծրագրի իրականացման համար, մենք բանակցում ենք, որ իրենք այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հող մեկ այլ տեղում տանք: Ցավն այն է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ, որն ամենադաժանն է: Եվ մարդիկ գալիս են, ուզում են այդ այգիներում շինարարություն անելու համար թույլտվություն ստանալ, բնականաբար, մենք մերժում ենք»,- նշեց Հայկ Մարությանը:
Քաղաքապետը հայտնեց, որ հողատարածքներ սեփականաշնորհվել են Նոր Նորքի, Դավթաշենի և մնացած գրեթե բոլոր այգիներում:
«Մենք դատախազության հետ համատեղ այս ուղղությամբ աշխատում ենք: Մենք սկսել ենք այգիներից, այս պահին գույքագրում ենք այգիները և դատախազության հետ համատեղ տեսնում ենք, թե ինչ հիմքերով են վաճառվել տարածքները, և կտեսնենք արդյունքները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վերելակների փոփոխմանը, Հայկ Մարությանը նշեց, որ խնդրին պետք է լուծում տրվի, և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են:
«Բնականաբար, դա կապված է մեծ գումարների հետ, և մենք փնտրում ենք այդ գումարները նաև մասնավորի հետ համագործակցության մեջ: Տարբեր միջոցներ կան՝ մասնավորին ներգրավելու, մենք հիմա քննարկում ենք և լավագույն տարբերակը կընտրվի, որ թե´ վերելակների որակը լավը լինի, թե´ բնակիչների վրա հետագայում այդ վերելակի ծախսը մեծ չլինի:
Եթե պետությունը գումար ունենար, կարելի էր ուղղակի այդ գումարը տրամադրել և սկսել պրոցես, բայց քանի որ մենք չենք ուզում արտաքին պարտքը մեծացնել, փորձում ենք այլ լուծումներ գտնել»,- հայտարարեց քաղաքապետը: