Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 մայիս 2019 15:30

Իշխանազանցություն, դիրքի չարաշահում. Ովքե՞ր են դատվելու այսօրվա իրադարձությունների համար

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առավոտը ժամը 08։30-ից պետք է արգելափակեն բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Եւ բազմաթիվ քաղաքացիներ, անսալով նրա հորդորին, շրջափակել են դատարանների շենքերը։
Էմոցիոնալ հոգեվիճակից կտրվելով, մի կողմ դնելով Փաշինյանի՝ հասարակության ստվար հատվածի սերը, համակրանքը վայելելու հանգամանքը, անգամ մոռանալով, որ օրերս դատարանի դահլիճից ազատ է արձակվել հայ ժողովրդի տասնյակ տարիների անհաջողությունների, դժբախտությունների «մեղավորը»՝ Ռոբերտ Քոչարյանը, անդարադառնանք այսօր տեղի ունեցող իրադարձությունների իրավական կողմին։


Նախ, արձանագրենք, որ երեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքում դատարանների մուտքերը, ելքերը փակելու կոչից անմիջապես հետո ուժային կառույցները պետք է քայլեր ձեռնարկեին։
Այսպես
1. Նիկոլ Փաշինյանի հորդորը սահմանադրական կարգի տապալման կոչ է, այսօրվա գործողությունները՝ արդեն իսկ սահմանադրական կարգի տապալում, արդարադատության իրականացման խոչընդոտել, իշխանազանցություն։ Փաստացի՝ իշխանության մի ճյուղի ղեկավարը դադարեցնում է 3-րդ ճյուղի գործունեությունը։
2. Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությամբ ոչ միայն իր դատավճիռն է գրում, այլեւ մի ամբողջ պետական համակարգին դարձնում հանցագործ, նրա կոչին արձագանքող մարզպետները հանցակից են, ոստիկանությանը՝ հանցագործ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ոստիկանությանը հրամայել է ապահովել խաղաղ ցույցերի անվտանգությանը։ Բայց ոստիկանությունը պարտավոր է ապահովել պետական մարմինների աշխատանքը, այդ թվում՝ դատարանների, հետեւաբար՝ պետք է անհապաղ ցրեր ցուցարաններին, ովքեր խոչընդոտում են դատավորների մուտքը։
3. Ոստիկաններից, Փաշինյանի պաշտոնյա թիմակիցներից բացի եւ առավել ծանր վիճակում է գլխավոր դատախազը։ Իր սկզբունքայնությամբ հպարտացողԱրթուր Դավթյանը երեկ պարտավոր էր անմիջապես քրեական գործ հարուցեր, այդտեղ կերեւար, որ սկզբունքային է, ծառայում է մասնագիտությանը, կոչմանը, ոչ թե իշխանություններին, ղեկավարներին։
4. Դատարանների անկախության երաշխավոր Բարձրագույն դատական խորհուրդը, ով երեկ անհապաղ նիստ էր հրավիրել Փաշինյանի հորդորից հետո, պետք է հանդես գար կոշտ գնահատականներով, ոչ թե ասեր, թե «ես վաղը կխոսեմ», այս հայտարարությունը ցույց տվեց, որ այս կառույցը սպառված է։ Իհարկե, հասկանալի է, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը իր լռությամբ եւ հարմարվողականությամբ է վճարում պաշտոնավարման դիմաց։ 
5. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով մինչ պաշտոն ստանձնելը, որպես հայտնի իրավաբան՝ Եվրոպական դատարանում պաշտպանում էր Կոնվենցիան եւ ՀՀ Սահմանադրությունը, մատնանշում, թե ինչպես են իշխանությունները ոտնահարում նորմերը, պետք է պատասխանի հարցին՝ արդյոք Փաշինյանի հորդորը եւ տեղի ունեցող գործողությունները համապատասխանում են Սահմանադրության եւ Կոնվենցիայի 6-րդ հոդվածին։ Ի դեպ, այս մասով մենք արդեն գրավոր հարցում ենք ուղարկել ԱՆ։ 
6. Այսօր տեղի ունեցող դեպքերի համար ապագայում քրեական պատասխաանատվության կենթարկվի նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը։ ՀՀ շարքային քաղաքացիներս ահռելի գումարներ ենք ծախսում, որպեսզի մեր երկիրը ունենա նախագահի ինստիտուտ, որի միակ գործառույթը սահմանադրության պահպանումն է եւ հետեւելը, որպեսզի պետական մարմինները հետեւեն սահմանադրությանը։ Սուղ պետական միջոցներից սնվող Արմեն Սարգսյանի նախագահությունը առայժմ նշանավորվել է վոյաժներով, այդ ընթացքոմ բարեւ-պաչիկ օպերացիով, չմոռանանք նաեւ խոհարարական հմտությունների ցուցադրումն ու երեխաների նկատմամբ մեծ սերը։ Այսօր տեղի ունեցող իրադարձություններին ոչ ադեկվատ արձագանքելը, դպրոցականին վայել հայտարարություն տարածելը անշուշտ իր հետեւանքները ունենալու է, եւ եթե մի օր Հայաստանը իրավական պետություն դառնա, նախագահին մեղադրանք է առաջադրվելու ՔՕ-ի 308-րդ հոդվածի համար՝ պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով։
7. Այսօր տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն ներհայասատանյան են եւ կարող են քրեական պատասխանտվության խնդիր առաջացնել վերոնշյալ անձանց մասով, այլեւ մենք լուրջ խնդիրներ կունենանք միջազգային կառույցների առումով, քանի որ փաստացի դրանով խախտվում է Եվրոպական կոնվենցիան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագիր, ԵԽ պարտավորությունները։
Հ.Գ. Եւ վերջում մեկ էմոցիոնալ դիտարկում, ինչքան էլ շատերիս սրտով չլինի Քոչարյանի կալանքից ազտավելը, ցանկանանք նրան տեսնել ճաղերից այն կողմ, ամեն դեպքում՝ նրան ազատ արձակելու որոշումը քարտ բլանշ էր նոր իշխանության համար՝ ցույց տալու եւ ապացուցելու, որ այո, ի տարբերություն հին Հայաստանի, նոր Հայաստանում դատավորներին չեն զանգում։ Սակայն, Փաշինյանը այս հնարավորությունը ձեռքից բաց թողեց, փոխարեն ուսումնասիրեր, թե ինչու է դատավորը նման որոշում կայացրել, արդյոք ԱԱԾ-ն դատավորի գործողությունների մեջ որեւէ կոռուպցիոն ռիսկ չի՞ տեսնում, իսկ գուցե դատավորը շարժվել է օրենքով, եւ իսկապես Քոչարյանին կալանավորելու հիմքեր չկան, ինչքան էլ սիրելի վարչապետին համոզի գլխավոր դատախազը։ Եթե կալանքի հիմքեր կան, դատավորը ազատել է Քոչարյանին, ուրեմն՝ գուցե դատախազությունը պրոֆեսիոնալ չի ներկայացրել մեղադրանքը, հնարավոր է նաեւ դատավորը պրոֆեսիոնալ չի եղել, քավ լիցի, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում որոշումները կբեկանվեն, իսկ եթե հիմքեր չկան Քոչարյանին կալանքի տակ պահելու, այդ դեպքում՝ ինչու են վարչապետին խաբում յուրայինները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր