«Հայկական աջաբսանդալ».ունեցանք բավականին «թեժ ամառ». «Փաստ»
![](https://armtimes.com/static/article/15/05/67/150567.jpg)
Այն գաղափարը, որ, որպես կանոն, ամառային արձակուրդային սեզոնը քաղաքական առումով լինում է պասիվ և զերծ որևէ ինտրիգային զարգացումներից, հերքվեց հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած բուռն զարգացումներով: Հանուն արդարության պետք է փաստել, որ այն քաղաքական գործընթացներին, որին մենք ականատես եղանք վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում, մի ողջ տարվա չափաբաժին էր, և հանրային հարթակը հաճախ չէր հասցնում ակտիվ լրահոսին:
Նորություն չէ, որ այսօր հայ հասարակությունը գերքաղաքականացված է, և ամեն երրորդ քաղաքացին կամ քաղաքագետ է, կամ վարչապետ, ուստի քաղաքական ոչ մի դրվագ չի վրիպում խոշորացույցով լրահոսը «մաշող» հայի աչքից: Հենց դրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր քաղաքական ակտ, լինի դա կուլտուրկենցաղային միջադեպ, թե տարածաշրջանային լուրջ վերադասավորում, հայկական լրատվական տիրույթում և սոցցանցերում դառնում է «մեմ»-երի առիթ:
Եվ այսպես, հանրային դիսկուրսում էմոցիոնալ քննարկված և արժեհամակարգային ցնցումների հանգեցրած իրադարձությունը կապված էր հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ: Սա այն հարցն էր, որ անմիջապես հարվածեց և միանգամից արթնացրեց ողջ «հայու գենին»: Իսկ եթե ավելի լուրջ, հենց այս հարցի շուրջ էլ Փաշինյանի թիվ մեկ քննադատները փորձեցին կառուցել իրենց քննադատական կլեյմոն:
Իշխանության սատելիտներն իրենց հերթին, Ստամբուլյան կոնվենցիայի դրական ելևէջներն ամեն կերպ թմբկահարելով, փորձում էին այնտեղ առկա ռիսկերը քողարկելով՝ այլ լույսի տակ դա մատուցել հասարակությանը: Որոշ շրջանակներ պնդում էին, որ սա հանրային օրակարգում հատուկ ներառված թեմա է, որն իր հանգուցալուծումը պետք է ստանա ՍԴ մատույցներում և այնտեղ որոշակի հանգուցալուծումներից հետո: Այս հարցի հետ կապված անգամ ականատես եղանք արդարադատության նախարարի փոփոխությանը, ըստ տեղեկությունների, նորանշանակ նախարարը ոչ միայն կոնվենցիայի վավերացման ջատագովներից է, այլ հենց այդ պետական փաստաթղթի օրինական վավերացման «կնքահայր» դառնալու համար է գործուղված:
Ամռան ընթացքում մյուս կարևոր հարցը, որի թնջուկը դեռևս լուծված չէ և պարզ չէ, թե ի վերջո ինչ հանգուցալուծում է ունենալու, կապված է Ամուլսարի հանքի շահագործման գործընթացի հետ: Բանն այն է, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը, ում հետ տարիներ առաջ կնքվել է համապատասխան պայմանագիրը և ստացել է հանքի շահագործման լիցենզիան, այսօր գործող կառավարության առաջ խնդիր է դրել՝ կամ
թույլ տալ հանքի բուն աշխատանքները սկսել, կամ սեպտեմբերի 11-ին նրանք բողոքով կդիմեն Լոնդոնի արբիտրաժային դատարան: Ահա հենց այս դիլեման Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին կանգնեցրել է լուրջ «քաղաքական փակուղու» առաջ, և նրանք ուղղակի գտնվում են աննախանձելի իրադրությունում:
Խնդիրն այն աստիճանի բարդ է, որ անգամ այն երկպառակտություն մտցրեց Փաշինյանի թիմի ներսում, քանի որ այնտեղ ընդգրկված, ժամանակին ակտիվիստ, հիմա քաղաքական գործիչ դարձածների համար սա առանցքային նշանակության հարց էր, և իրենց ողջ գործունեության ընթացքում նրանք կայացել են՝ դեմ լինելով Ամուլսարի հանքի շահագործմանը: Միանշանակ է, որ Ամուլսարի թեման իր բնույթով բնապահպանական լինելուց միանգամից վերածվեց քաղաքական հարցի, և քաղաքական տարբեր շահեր այն սկսեցին օգտագործել սեփական քաղաքական ամբիցիաների համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: