Շաքարախտով հիվանդ ՀՀ քաղաքացիները ԱՊՀ երկրներում կարող են անհատույց առաջնային բժշկական օգնություն ստանալ
![](https://www.tert.am/cache_image/news_images/734/2200699_1/fff-770x510.jpg)
Փոխնախարարը կոչ արեց վավերացնել համաձայնագիրը, քանի որ ԱՊՀ երկրների շրջանակներում իրականացվում են համակցված գործողություններ, որոնք նպաստում են վերոհիշյալ հիվանդության կանխարգելմանը ու նվազեցմանը և այն կարևոր հարթակ է նոր բուժման մեթոդների մասին տեղեկություններ ստանալու համար:
Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում շաքարախտով հիվանդների թվի աճ է գրանցվում, որը պայմանավորված է պասիվ ապրելակերպով և ոչ ճիշտ սննդակարգով:
Փոխնախարարը չկարողացավ ասել, թե հիվանդացության մակարդակով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը որ տեղում է, բայց ենթադրեց, որ միջին հորիզոնականներում կլինի:
Ըստ փոխնախարարի, Հայաստանում գրանցվող մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունների շարքում այն չորրորդ տեղում է:
Պատգամավոր Արտյում Ծառուկյանն էլ նկատեց, որ իր ունեցած տեղեկություններով շաքարախտը 3-րդ հորիզոնականում է մահացության պատճառների շարքում, իսկ ամբողջ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում է բնակչության 8 տոկոսը:
Պատգամավորը չհամաձայնեց փոխնախարարի մեկ այլ կարծիքի հետ, որ Հայաստանը հիվանդների թվով գտնվում է միջին հորիզոնականում:
«Իմ ունեցած տեղեկություններով, Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով հիվանդության ցուցանիշը 50.9 է, իսկ ահա Ադրբեջանում 30.9, Իրանում՝ 20.9»,- հայտնեց Ծառուկյանը:
Պատգամավոր Կարինե Պողոսյանը հարցրեց, թե 2008 թվականին ընդունված համաձայնագրի ուշացումով ստորագրման նպատակահարմարությունը ո՞րն է: Պատգամավորը նաև հայտնեց, որ Հայաստանում այսօր գրանցված է 94 հազար շաքարախտով հիվանդ, որոնցից 15 հազարը ինսուլինակախյալ են և հետաքրքրվեց, թե ի՞նչ կտա համաձայնագրի վավերացումը:
«Քանի որ ստորագրել ենք, ապա վավերացումը շատ կարևոր է: Ազդեցությունն անուղղակի է լինելու: Նման համաձայնագրերը օգնում են զարգացնել ոլորտը, ծանոթանալ բուժման նոր մեթոդների»,-հայտարարեց առողջապահության փոխնախարարը և հավելեց, որ համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին, գտնվելով այլ երկրներում, անհրաժեշտության դեպքում ստանալ անհատույց անհետաձգելի բժշկական օգնություն: