Հայաստանն այս իշխանությունների շնորհիվ Անկախության հռչակագրի ոչ թե իրականացման, այլ՝ կորստի փուլում է. Տեսանյութ
1990 թվականի օգոստոսի 23-ը պատմական նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար՝ ընդունվեց Անկախության հռչակագիրը: Գերագույն
խորհրդի առաջին նիստում՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին հռչակագրի ընթերցումը վստահվեց ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանին: Օգոստոսի 23-ին խորհրդանշական օրվա հետ կապված Հայացք
մամուլի ակումբը հյուրընկալել էր Արամ Մանուկյանին: Արամ Մանուկյանը ասուլիսին իր հետ
բերել էր խորհրդանշական 23 հատ Անկախության հռչակագրի օրինակներ, որը ստորագրությամբ
նվիրեց ներկաներին: 26 տարի անց անձամբ է ստորագրում հռչակագրի տեքստի տակ ու հպարտանում, որ եղել է երկրի ծննդյան վկայականի ստեղծման գործընթացի մի մասնիկը. «Օգոստոսի 23-ը մեր ժողովրդի պատմական, հրաշալի օրերից
մեկն է: 26 տարի առաջ այս օրը ընդունվեց մեր պատմության մեջ երևի լավագույն փաստաթուղթը:
Երկրորդ փաստաթուղթը չեմ կարող գտնել, որն այնքան սիրելի է, այնքան ռոմանտիկ, այնքան
իրատեսական, այնքան ծրագրային, ինչպես Անկախության հռչակագիրը: Դա մեր պետականության
անկյունաքարն է, ծննդյան վկայականը: 1990 թվականին, դեռևս երկու ամիս է ինչ աշխատում էր խորհրդարանը և որևէ մեկս պատգամավորական փորձ չենք ունեցել, երբ աշխատում էինք այս փաստաթղթի վրա: Մեկը բժիշկ էր, մեկը ուսուցիչ, մյուսը գիտնական, բայց ծնվեց այս հրաշալի փաստաթուղթը, որը երբևէ որևէ մեկը չի քննադատել, սա հիրավի մեր երկրի պետականության հիմքն է: Այս փաստաթուղթը հարկավոր է գուրգուրել. սա պատմական
փաստաթուղթ է»,-նշեց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը խոսեց այն մասին, թե որքան համարձակ, գրագետ ու մշակված քայլ էր Անկախության հռչակագրի կազմումը և ընդունումն այն ժամանակ`այլ պետության`Խորհրդային միության կազմում: Իսկ հիմա, մտահոգություն հայտնեց, որ Հայաստանն այս իշխանությունների շնորհիվ այս կարևոր փաստաթղթի
ոչ թե իրականացման, այլ՝ կորստի փուլում է. դարձել է ոչինչ և որևէ լծակ չունի իր անկախությունը խորացնելու համար: Կորստի համատեքստում նա խոսեց ԼՂՀ կարգավորման հարցում առկա խնդիրներից ու նկատեց. «Ղարաբաղում հաջողություններ ունեցել ենք ռեալ անկախության, Ռուսաստանի, Իրանի աջակցության, Թուրքիայի չեզոքության, միջազգային կառույցների աչք փակելու հաշվին: Մինչդեռ, այսօր ամբողջապես հակառակն է՝ կանգնած ենք մեր բարեկամների`մեզ համար անհետացման
ճանապարհին: Որևէ երկիր չկա, որն ամբողջությամբ կանգնած է Հայաստանի թիկունքին և պաշտպանում է հայկական շահը, Ղարաբաղի շահը: Երկիրը հզոր է այնքան, ինչքան բարեկամ ունի, երկիրը թույլ է և ապաշնորհ այնքան, ինչքան հակառակորդ ունի: Մեր հարևաններ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը մեր կողքի խաղացողներն են, ու պետք է անել այնպես, որ մեր ներկայությունը նրանց համար շահավետ լինի: Բայց մենք տեսնում ենք, որ նրանք միմյանց հետ համագործակցում են, իսկ մենք դուրս ենք մնում այդ գործընթացներից, ու հեռանկարում էլ ոչինչ չի երևում: Մեզ ավելի վատ օրեր և ծանր փորձություններ են սպասվում ու եթե ԼՂՀ հարցում երբեմն առաջարկվել են բարդ վիճակներ, այժմ դրան էլ գումարվել է կարճ ժամկետը, որի ընթացքում պետք է պատասխան տան»,- ասաց Արամ Մանուկյանը: «Ոչ մի թիզ հողը», նա համարում է դուրս գալ բանակցություններից և ըստ նրա՝ նրանք, ովքեր այսօր մերժում են բանակցությունները, դրական վիճակի չեն բերում մեր երկիրը:
Արամ Մանուկյանը անդրադառնալով «Սասնա Ծռերի» գործողություններին
և իրենց լռությանը նշեց, որ լռում էին, փողոց դուրս չէին գալիս, քանի որ բռնությամբ իշխանափոխության տարբերակը չեն ընդունում և իրենք լուրջ վտանգ էին տեսնում, որ ստեղծված վիճակը կարող էր ավելի սրվել՝ վերածվելով պետության կորստի կամ քաղաքացիական պատերազմի. «Չի կարելի անել այնպիսի բան, որը կարող է եղածն էլ կործանել: Եվ մեր լռությունը հենց այդ նպատակն ուներ, որ չսրեր, չլարեր վիճակը, չտաներ ավելի վատ էսկալացիայի: Բռնությունը, ում կողմից էլ այն իրականացվի, իշխանափոխության համար մեթոդ չէ, մեր մեթոդը չէ: Բռնությամբ դու լեգիտիմացնում ես, հնարավորություն ես տալիս ամեն հաջորդի ժամանակ այդ մեթոդը կիրառել: Որքան էլ նրանք ազնիվ են, որքան էլ հայրենասեր են, որքան էլ իմ ընկերներն են»:
Պատգամավորն ասաց նաև, որ իրենք կալանավորված «Սասնա ծռերին» փորձում են աջակցել, փաստաբանների հետ են աշխատում, բայց դա հրապարակավ չեն անում։
Նա
նաև անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին նշելով, որ ՀԱԿ-ը կարևորում է Գյումրու եւ Վանաձորի ընտրությունները. «Թեկնածուներ ունենք, ցուցակները կազմած են: Երկու տեղում էլ կլինեն բաց ցուցակներ, փորձելու ենք մեր շուրջ հնարավորինս լայն կոնսոլիդացիա ստեղծել: Վաղը չէ մյուս օրը մեր վարչության նիստն է, որտեղ կհաստատվեն ցուցակները և կհրապարակվեն թեկնածուների անունները»:
Խոսելով ընտրական օրենսգրքի շուրջ
ձեռք բերվող համաձայնությունների մասին, Արամ Մանուկյանը ասաց, որ Ընտրական օրենսգրքում
փոփոխություններ անելու վերաբերյալ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացրած
հինգ պահանջներից չորսն իշխանությունը համաձայնել էր բավարարել: «Երկու օրվա ընթացքում
«4+4+4» ձևաչափի մասնակից քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները հայտարարություն կանեն, թե վերջնական ինչ համաձայնություններ են արձանագրել»: