Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

09 հոկ 2020 16:06

Ոչ մի տեխնիկական դետալ ֆիքսված չէ, չի բացառվում, որ որևէ բան տեղի չունենա և ռազմական գործողություները շարունակվեն

Ոչ մի տեխնիկական դետալ ֆիքսված չէ, չի բացառվում, որ որևէ բան տեղի չունենա և ռազմական գործողություները շարունակվեն, պետք է սպասենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այսօր Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպմանը:

«Արբեջանաթուրքատեռորիստական այս հարձակումից հետո աշխարհը պետք է ի վերջո սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է կայուն կերպով երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը»,- ասաց նա և նշեց, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ ընկալումները էապես փոխվել են և մեծ դիվանագիտական աշխատանք կա անելու:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Արցախի ճանաչումը թիվ մեկ հարցը պետք է դառնա օրակարգում: «Հայկական կողմը հայտարարել է, որ Սիրիայից տեռորիստներ են տեղափոխվում Ադրբեջան՝ Թուրքիայի կողմից և ոչ միայն Ռուսաստանն է պաշտոնական մակարդակով ճանաչել այդ փաստը, այլ նաև Ֆրանսիան, Իրանը և այլ կազմակերպություններ և երկրներ: Սա կարևոր է ֆիքսելու համար, որ Արցախը և Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանը, ըստ էության, հակատեռորիստական պայքար են տանում»,- ասաց նա և նշեց, թե այն, որ մեր գրոծընկերները, տարբեր կազմակերպություններ, լրատվամիջոցներ, պետություններ հակամարտության գոտում հաստատել են տեռորիստների առկայությունը, արդեն իսկ դրական տեղաշարժ է:

Պատգամավորը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանք են տանում տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Ինչ վերաբերում է Արցախը բանակցային կողմ լինելուն, նա ասաց, որ դա վաղուց է մեր պնդումը: «Այս պահին բանակցությունների մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, նախ պետք է դադարի պատերազմը, հետո, եթե լինի համապատասխան մթնոլորտ, գուցե կարելի է նոր մտածել բանակցությունների մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով եկեղեցու Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի հրթիռակոծությանը՝ նա նշեց.«Եկեղեցու հրթիռակածությունը կրոնական բաղադրիչ չէ, այլ մշակութային և կրոնական ժառանգության հանդեպ տոտալ, հանցավոր անհարգանքի հարց է, բայց սա նորույթ չէ, քանի որ Ադրբեջանը հայտնի է մշակութային և կրոնական օբյեկտների նպատակաուղղված ոչնչացումներով և սա նույնպես պետք է արձագանք ստանա: Մենք ինչպես ռազմադաշտում, այնպես էլ դիվանագիտական սեղանների շուրջ որևէ հետքայլ չենք անելու մեր, Հայաստանի, Արցախի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության կենսական շահերից»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր