Ի՞նչ ենք ուզում հայերից՝ հրաժարվել Թուրքիայի հանդեպ հավակնություններից, փոխել Սահմանադրությունը, ընդունել նորը

«Առանց Թուրքիայի միջանցք չի լինի»
Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման․ մասնավորապես՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքով միջանցք բացելու մասին, Ալիևը հայտարարել է, որ այն չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։
«Թուրքիան երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի անդամ չէ։ Սակայն մենք Թուրքիային տեղեկացնում ենք այն հարցերի մասին, որոնք քննարկում ենք։ Եթե Հայաստանը ցանկանում է վերջ դնել հարաբերություններում առկա խնդիրներին, դառնալ տարանցիկ երկիր, դա կարող է անել միայն Թուրքիան»,-ավելացրել է նա։
«Հրաժարվել Թուրքիայի հանդեպ հավակնություններից»
Ալիևը Հայաստանին նաև մեղադրել է թուրքատյացության և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների մեջ։ Նրա խոսքով՝ թուրքական կառավարությունը նախատեսում է կառուցողական քայլեր ձեռնարկել, բայց Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա։
«Ի՞նչ պետք է անի Հայաստանն առաջին հերթին։ Նրանք պետք է հրաժարվեն Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից, փոխեն Սահմանադրությունը, ընդունեն նորը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։
Եվ կրկին Զանգեզուրի, Երևանի ու Սևանի մասին
Այսպես, Ադրբեջանի Հանրապետության նախագահը հերթական անգամ Հայաստանի Սյունիքի մարզն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածք»։
«Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողն է»,-Ալիևի խոսքերը մեջբերել են տեղական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ այս շրջանը Հայաստանին է փոխանցվել 1920թ․-ին, իսկ մինչ այդ «մեզ է պատկանել»։
«Գյոյչա լիճը նրանք Սևան են անվանում։ Բավական է նայել 20-րդ դարասկզբի քարտեզին, դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում է նաև Իրևանին։ Նրանք քանդել են Իրևանի պատմական մասը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, ներառյալ՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ»,-հայտարարել է նա։
Ալիևը խոստանում է, որ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ, բայց ոչ տանկերով։
«Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք նաև Իրևան։ Ժամանակը կգա, և մենք դա կանենք»,-հայտարարել է նա։
Հայկական բանակի ուժեղացումը Ռուսաստանի օգնությամբ անհանգստացնող է
Ադրբեջանի նախագահին անհանգստացում և նրա մոտ հարցեր են առաջացնում Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացման ծրագրերը։
«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք մեր ռուս գործընկերներին։ Ինչի՞ համար է դա արվում։ Ռևանշի հասնելու ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի»,-ասել է նա։
Նրա խոսքով, ադրբեջանական սահմանապահ զորքերը գտնվում են հայկական կողմի անմիջական հարևանությամբ, սակայն ոչ մի միջադեպ տեղի չի ունենում, ինչը վկայում է ռազմական պլանների բացակայության մասին: