Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

11 մայիս 2021 13:57

Թուրքերին այս ամենը ձեռնտու չէ,եթե այդ ծրագիրը գործարկվի, Հայաստանը ոչ միայն դուրս է գալիս թուրք-ադրբեջանական շրջափակումից, այլ նաև դառում է կարևորագույն հանգույց

Պարսից ծոցի և Սև ծովի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք ստեղծելու Իրանի Իսլամական հանրապետության ծրագիրը վտանգված է ՀՀ գործող իշխանությունների ապաշնորհ գործողությունների հետեւանքով։

Տրանսպորտային այս միջանցքի ջատագովներից է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի իրագործման շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ կարևորագույն հանգույց՝ Մերձավոր Արևելքի եւ Սև ծովի միջեւ։ Նշենք, որ ապրիլի 19-ին այդ հարցի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։

Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց համաձայնագրի նախագծի շուրջ նախորդ հանդիպմանը չհամաձայնեցված դրույթներին: Ստորագրվեց արձանագրություն, որով նախատեսվում է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը և քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։

Տրանսպորտային միջանցքի այս ծրագիրը կարող է այլընտրանք լինել թուրք-ադրբեջանական պրոյեկտին, որով ադրբեջանցիները ցանկանում են Զանգեզուրով անցնող միջանցք ունենալ, կյանքի կոչել պանթյուրքական ծրագիրը, որով վտանգվում է հատկապես Սյունիքի բնակչության անվտանգությունը։

«Կարծում եմ, որ իրանցիների նման որոշման համար հիմք է հանդիսացել նաև տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումները, որոնց արդյունքում որոշ սպառնալիքներ են առաջացել նաև Սյունիքի համար։ Եւ այդ սպառնալիքները հաշվի առնելով իրանցիները ակտիվացրել են այդ ծրագրի շուրջ քննարկումները և առաջարկները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը եւ ավելացրել. «Սա պայմանավորված է նաև նրանով, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակում կոչվող ծրագրի շրջանակներում խոսվում է նաև Նախիջևանը այդպես կոչվող Արևմտյան Ադրբեջանին կապող ճանապարհների մասին, որոնք Բաքվում լկտիաբար կոչվում են Զանգեզուրի միջանցք: Այսպիսով, իրանցիները, կարծես թե, այլընտրանքային ծրագիր են իրականացնում»։

Սակայն Հյուսիս-Հարավ մայրուղու հատվածը Սյունիքի մարզում կարող է վտանգված լինել ադրբեջանական ներկայության պայմաններում: «Մեր երկրում իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհ և դիլետանտ գործողությունների արդյունքում մենք ստացել ենք այն իրավիճակը, երբ այժմ քննարկում ենք, արդյոք Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի կառուցումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգված են, թե ոչ:

«Նման խնդիր այժմ կա, եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց հիմա գործող խճուղու որոշ հատվածներ, ըստ էության գտնվում են ադրբեջանական ուղիղ դիտարկման տակ: Հետևաբար այս խնդիրը արդիական է և կարևոր: Պետք է, որ ադրբեջանական բռնազավթիչները այդ տարածքներից հեռանան այնքան, որպեսզի չվտանգվի ոչ մեր բնակչության կյանքը, ոչ էլ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս ճանապարհը»,- ասաց իրանագետը: Ավելին՝ նրա կարծիքով՝ Ռուսաստանը եւս դժվար թե որևէ առարկություն ունենա այս ծրագրի վերաբերյալ, քանի որ դրա քննարկումները այս տարի չէ որ սկսվել են:

«Այս ծրագրի վերաբերյալ ռուսական կողմի առարկությունները չեն երևում: Նաև Ռուսաստանի շահերից է բխում այս ծրագիրը, քանի որ, եթե այն գործարկվի, ակնհայտ է, որ Վրաստանը սերտորեն կկապվի Հայաստանի հետ, այն երկրի հետ, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Ռուսական կողմը ջանքեր է գործադրում, որպեսզի Վրաստանը վերադառնա Ռուսաստանի հետ դրական համագործակցության դաշտ և սա կարող է դառնալ այս ամբողջ հայեցակարգի բաղադրիչ»,- շեշտեց նա:

Իրանագետը միևնույն ժամանակ նկատեց, որ թուրքական կողմին այս ամենը ձեռնտու չէ: Եթե այդ ծրագիրը գործարկվի Հայաստանը ոչ միայն դուրս է գալիս թուրք-ադրբեջանական շրջափակումից, այլ նաև դառում է կարևորագույն հանգույց, որը կկապի Մերձավոր Արևելքը Սև ծովին:

«Բնականաբար, թուրքական շահերի մեջ այդ ծրագիրը չի կարող տեղավորվել, բայց չեմ կարծում, որ Թուրքիան ազդու լծակներ ունի խոչընդոտելու այս ծրագրի կյանքի կոչմանը», — ասաց Ոսկանյանը:

Նա նաև չբացառեց, որ թուրքական կողմը կփորձի ճնշում գործադրել վրացական կողմի վրա, որպեսզի Վրաստանը հրաժարվի այդ ծրագրից:

«Սակայն, թե Հայաստանի, թե Վրաստանի շահերից է բխում, որ այս ծրագիրը կյանքի կոչվի: Վրաստանում էլ խանդավառված չեն ներկայության այն աստիճանից, որը ի հայտ է եկել թուրք-ադրբեջանական դիրքերի ուժեղացման հետևանքով իրենց պետության տարածքում: Վերջերս Վրաստանում տեղի ունեցան նաև բողոքներ՝ ուղղված թուրքական տնտեսական ներկայությանը, ուստի Վրաստանի իշխանություններն էլ փորձում են գտնել այլընտրանքային եղանակներ հավասարակշռելու թուրք-ադրբեջանական ներկայությունը իրենց երկրում: Հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը և Վրաստանը ունեն բարեկամության հազարամյակների փորձ, Հայաստանը ևս կարող է վրացական կողմի հետ բանակցությունների միջոցով նման ճնշումների գոնե որոշակի հատվածը չեզոքացնել»,- եզրափակեց Ոսկանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր