Բժշկության պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում հաջողվել է վերականգնել ամբողջովին կույր տղամարդու տեսողությունը, որը չէր տեսնում 40 տարի
Բժշկության պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում հաջողվել է մասնակիորեն վերականգնել ամբողջովին կույր մարդու տեսողությունը, որը 40 տարի տեսնել չէր կարողանում, գրում է Nature ամսագիրը:
Նշվում է, որ 58-ամյա տղամարդը կուրացել էր 18 տարեկանում պիգմենտային ռետինիտ հիվանդության պատճառով, որի հետևանքով խաթարվում է լուսազգայուն բջիջների գործառույթը:
Խնդիրը շտկելու համար ամերիկացի բժիշկները դիմել են գենետիկ ինժեներիայի օգնությանը, որի միջոցով նրանց հաջողվել է շտկել ցանցաթաղանթի գանգլիոնային բջիջներն ու դրանք դարձնել լուսազգայուն: Մասնավորապես, մասնագետները փոփոխության են ենթարկել այն բջիջները, որոնցում սկսել են արտադրվել ռոդոպսինները (լուսազգայուն գունակներ,-խմբ.):
Դա անելու համար հետազոտողներն ակնագնդի մեջ են ներարկել հատուկ ադենովիրուս, որը «կոդավորել է» սպիտակուցը: Փորձարկումից 4,5 ամիս անց հիվանդին տրամադրվել են հատուկ ակնոցներ՝ հատուկ տեսողական վարժություններ անելու համար և փորձարկման արդյունքները պարզելու նպատակով:
Վարժությունների կատարումից 7 ամիս անց հատուկ ակնոցն օգտագործելիս հիվանդի մոտ ի հայտ են եկել տեսողության բարելավման նշաններ: Նշվում է՝ տղամարդը կարողացել է միմյանից տարբերել դյուրակիր համակարգիչը, փոքր արկղերը, բաժակները և այլն:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ 58-ամյա տղամարդու ուղեղը ներարկումից հետո «նոր լեզու է սովորել», որի շնորհիվ ցանցաթաղանթին «հաջողվել է» համապատասխանեցնել իրեն հասած ազդակներն արտաքին աշխարհի հետ: