Շատ հնարավոր է, որ հունիսի 20-ից հետո ունենանք բախումներ

Նրա խոսքով՝ հազարամյակների պատմության մեջ, երբ հայ ժողովուրդը պառակտված է եղել և իրար դեմ են պայքարել՝ եղել են սահմանների խախտումներ, ընդհուպ՝ պետականության կորուստ և ծովից ծով Հայաստանից մնացել է մի բուռ հայրենիք, բայց էլի նույն խնդիրներն են:
«Մենք տեսել ենք, թե ինչ աստիճանի է հասել քարոզարշավը, իրար ոտք ջարդել, ծեծել են խոստանում, իրար անպատվում են, հայհոյում: Առաջին հերթին պետք է կարողանանք սա վերացնել»,- շեշտեց Գորգիսյանը և հավելեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի համերաշխություն լինի և համատեղ ուժերով առաջ շարժվեն:
«Եթե այն մեզ չհաջողվի և ատելության գեներացիա լինի, ապա շատ հնարավոր է, որ հունիսի 20-ից հետո ունենանք բախումներ, քանի որ կողմերը իրենց տեսակետը համարելու են միակ ճշմարիտը»,- ընդգծեց Գորգիսյանը և շեշտեց, որ դեպքերի նման զարգացման սցենարում քաղաքացիներն են դուրս գալու միմյանց դեմ, իսկ կողմերի ղեկավարներն իրենց թիկնազորով հետևում հանգիստ նստած են լինելու:
Ըստ Գորգիսյանի՝ իր ներկայացրած կուսակցությունը գտնում է, որ առաջինն այս խնդիրը պետք է լուծվի, որից հետո պետք է վերականգնվի տնտեսությունը, որն էլ կնպաստի բանակի և գիտության վերականգնմանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ նկատի ունեն, երբ նախընտրական ծրագրում գրում են, որ ավելացնելու են նախագահի և ԱԺ-ի լիազորությունները՝ պատգամավորը հայտնեց՝ ներկայում կա սուպերվարչապետական համակարգ, որը բերել է նրան, որ վարչապետն առանց փոխզսպման մեխանիզմներրի է մնացել և ունի բացարձակ իշխանություն:
Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը»-ն առաջարկում է վարչապետից այդ լիազորությունների մի մասը փոխանցել նախագահին և ԱԺ-ին, որպեսզի լինի բալանսավորված համակարգ:
Կուսկացության մյուս պատգամավորը՝ Անի Սամսոնյանն էլ կարևորեց սահմանի անվտանգության խնդիրը և դրանում առաջնային համարեց այն ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորելու հարցը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ճիշտ է համարում, որ վարչապետի պաշտոնակատարն արձակուրդ է վերցրել, իսկ թշնամին սահմանին կրկին զինծառայող է գերեվարում՝ Սամսոնյանը հայտարարեց, որ որևէ տարբերություն չկա, թե Փաշինյանը արձակուրդում է, թե աշխատանքի մեջ, նույն բանը շարունակվում է:
«Վարչապետի պաշտոնակատարը, որպես կառավարիչ, երկրի ղեկավար որևէ գործոն չունի»,-շեշտեց Անի Սամսոնյանը: