Թուրքական ընդդիմությունը միավորվել է Էրդողանի դեմ

Անկարայում հինգ ժամ տևած աշխատանքային ճաշից հետո հրապարակված գրավոր հայտարարության մեջ ընդդիմության առաջնորդներն ընդգծել են, որ Թուրքիան ապրում է «իր պատմության մեջ ամենախոր քաղաքական և տնտեսական ճգնաժամը»։ Նրանք դրա համար մեղադրել են նախագահական համակարգը, որը երկրում ներդրվել է 2017 թվականի հանրաքվեից հետո։
Ըստ ընդդիմադիրների՝ իրենց համատեղ նպատակն է Թուրքիային վերադարձնել «ուժեղացված խորհրդարանական համակարգը»։ Փոխըմբռնման հուշագիրը, որով պայմանավորվածություններ են ձեռք բերվել կառավարման նոր ձևի վերաբերյալ, կհրապարակվի փետրվարի 28-ին. ասվում է հաղորդագրության մեջ։
Աշխատանքային հանդիպման ընթացքում հավաքվել են ընդդիմադիր դաշինքների հետևյալ ղեկավարները՝ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցությունից (CHP), Մերալ Աքշեները՝ ազգայնական «Լավ» կուսակցությունից, Թեմել Քարամոլլաօղլուն՝ պահպանողական «Երջանկություն» կուսակցությունից, Ահմեդ Դավութօղլուն՝ «Ապագա» կուսակցությունից, Գյուլթեքին Ույսալը՝ Դեմոկրատական կուսակցությունից, և Ալի Բաբաջանը՝ «Ժողովրդավարության և առաջընթացի կուսակցությունից» (DEVA): Երկխոսությունը որակվել է որպես «պատմական»։
«Որպես ուժեղացված խորհրդարանական համակարգ ձեռք բերելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կողմեր՝ մենք վճռական ենք կառուցել ուժեղ, ազատական, ժողովրդավարական և արդար մոդել, որը կստեղծի արդյունավետ օրենսդրական համակարգ՝ լայն ներկայացվածությամբ, թափանցիկ և հաշվետու ղեկավարմամբ, անաչառ և անկախ դատական համակարգով եւ իշխանությունների տարանջատմամբ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։