Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

26 մար 2022 10:18

Թուրքիան և Ադրբեջանը Ուկրաինայում ՌԴ-ի հնարավոր անհաջողություններին են սպասում.կան փակ գործընթացներ, իշխանություններն ամեն ինչ թաքցնում են. «Փաստ»

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Թուրքիայի համար անվտանգային խնդիրներ ստեղծեց: Թուրքիան Ուկրաինայում բավականին պայմանագրեր էր կնքել՝ կապված «Բայրաքթարների» արտադրության, ռազմամթերքի այլ տեսակների առումով բավականին ծրագրեր ևս ուներ: Այդ ծրագրերն այս պահին ի չիք դարձան: Սակայն Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի համար լայն՝ նաև թուրք-ադրբեջանական համատեղ հնարավորություններ բացվեցին:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանական ԶՈւ-երի հերթական գործողություններին: «Այս իմաստով մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր անհաջողություններին են սպասում: Սպասում են, որ Ռուսաստանն ամբողջովին խորասուզվի ուկրաինական ճգնաժամի մեջ ու աչքաթող անի Հարավային Կովկասը՝ գլխավորապես Արցախյան հարցը, որ ադրբեջանցիները կարողանան իրենց նպատակները քայլ առ քայլ իրականացնել: Բայց Ռուսաստանն այն իրավիճակում չէ, որ Թուրքիան իրեն թույլ տա, այսպես ասեմ, Հայաստան մտնել, թեպետ վատ սցենարները միշտ պետք է նկատի ունենալ:

Պետք է հաշվի առնել նաև, որ Թուրքիան Հայաստանը գրավելու միտք միշտ է ունեցել: Առհասարակ պատերազմների, նաև խառը ժամանակներում օգտվողը մշտապես Թուրքիան է եղել: Ու, ցավոք, այսօր մեր անվտանգության միակ երաշխիքը մնացել է Ռուսաստանը. անվտանգության այլ երաշխիք չունենք»,-ասաց Ա. Իսպիրյանը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից անգամ այս փուլում խաղաղության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությանը՝ նա հավելեց. «Խաղաղության գործընթացը իշխանությունների պատրանքն է: Ադրբեջանը ընդամենը մեկ բան է հասկանում՝ դիմացինի ուժեղ լինելը: Ու խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ՝ թուրքական աշխարհն է այդպիսին:

Եթե տեսավ թույլ ես, մինչև վերջ սեղմելու է, մինչև վերջ պոկելու է: Իրենք ուժից բացի այլ բան չեն հասկանում, ու սա պետք է մեկընդմիշտ հիշել: Մանավանդ իշխանությունները սա պետք է լավ հասկանան: Սա դառն իրականություն է, որը նոր չէ: Պատմությունը, դառը փորձը միշտ պետք է հաշվի առնել: Այո, բոլոր բանական մարդիկ կողմնակից են խաղաղության, խաղաղ ապրելուն նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բայց պետք է հաշվի առնենք իրականությունը: Խաղաղությանն ուժեղ լինելով պետք է հասնել, այլ տարբերակ չկա: Մուրալով խաղաղության չեն հասնում, մուրալով ուղղակի ցեղասպանության են տանում երկիրը»:

Անդրադառնալով նաև Հայաստանի և իշխանությունների միջև առկա գործընթացներին, նաև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելուն՝ թուրքագետը նշեց. «Առհասարակ իշխանությունների հայտարարությունները բավականին հարցականների ու հարցադրումների տեղիք են տալիս: Ես չգիտեմ՝ իրենք իրականում ինչու են, օրինակ՝ դիմել միջնորդության, կամ, օրինակ՝ ինչն է մտնում իրենց ասած տարածքային ամբողջականության մեջ: Կամ՝ ի՞նչ պետք է լինի Արցախի հայության վիճակը, ի՞նչ պետք է լինի դեռևս ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորամիավորումների հետ: Եվ, առհասարակ, ինչ պետք է լինի առկա իրավիճակում, երբ ամեն օր Ադրբեջանը սադրանքների է գնում: Այս հարցերի պատասխանները միայն իշխանության ներկայացուցիչները կարող են տալ: Ո՛չ վերուծաբանները և ո՛չ էլ քաղաքացիները չեն կարող ասել, թե որոնք են այս հարցերի պատասխանները, քանի որ կան փակ գործընթացներ, իշխանությունները որևէ հարցի վերաբերյալ նորմալ հայտարարություններ չեն անում»:

Այս համատեքստում Անդրանիկ Իսպիրյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին. «Այո, բավականին դրական կլինի, եթե Հայաստանը կարգավորի հարաբերությունները, սակայն այլ հարցեր կան. ի՞նչ են բանակցում, ինչի՞ շուրջ, այսինքն՝ ի՞նչ զոհողությունների, ի՞նչ զիջումների դիմաց են բանակցում: Այդ մասին մենք ոչինչ չենք իմանում: Մի կողմից՝ շեշտում են «առանց նախապայմանների» կարգավորման մասին, բայց մյուս կողմից՝ տեսնում ենք, որ թուրքական կողմը անդադար պնդում է, որ ամեն ինչ Ադրբեջանի հետ համատեղ է արվելու: Մշտապես հայտարարում են, որ առանց Ադրբեջանի շահը հաշվի առնելու՝ ոչինչ չի արվելու: Իսկ այսօր տեսնում ենք, թե որն է Ադրբեջանի շահը: Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ են գործելու, ինչն արդեն նախապայման է: Կարծես հայկական կողմը չի տեսնում սա կամ չի ուզում տեսնել, հավանաբար՝ տարված պատրանքներով: Իսկ իրականում մենք գործ ունենք իրավիճակից օգտվող ադրբեջանական սովորական տակտիկայի հետ: Տեսնելով, որ Ռուսաստանը խառն է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, Ադրբեջանը նման քայլերի է գնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր