Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

24 հուն 2022 10:17

Իմ նպատակը չի Փաշինյանի հեռացումը .իմ քաղաքական թիմի պատկերացումները մի քիչ այլ են, դրա համար որոշեցի առանձին իմ օրակարգով գնալ . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։

- Դուք ապրիլի 17-ին սկսելով նստացույց Ազատության հրապարակում՝ հայտարարեցիք, որ տուն չեք գնա, մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա։ Միեւնույն ժամանակ հայտարարել էիք, որ եթե նա չհեռանա, մանդատը վայր կդնեք։ Որոշ ժամանակ անց Դուք գնացիք տուն, իսկ հիմա էլ մանդատն եք դնում։ Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ Դուք համարում եք՝ Փաշինյանն այլեւս չի հեռանալու։

- Ես ի սկզբանե ասել եմ, որ եկել եմ Ազատության հրապարակ եւ իրականացնելու եմ անժամկետ իրազեկման ակցիա, որի վերջում պետք է հասնենք այն նպատակին, որ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարող ուժը հեռանան, ձեւավորվի նորմալ, մեր ազգային շահերը ներկայացնող կառավարություն ու կարողանա լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ։ Իրազեկման ակցիան սկսվեց շատ փոքր թվաքանակի մարդկանցով, որը հետագայում վերածվեց ավելի մեծ պայքարի, փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ։ Երբ ես Ազատության հրապարակում էի, արդեն այնտեղ կային նստացույց իրականացնող «Սեւ հովազ» ջոկատի տղաները, դրանից հետո Ազատության հրապարակ եկան երկու ուսանողներ՝ սկսելով հացադուլ, հետո եկան ազատամարտիկներ եւ հացադուլ սկսեցին, եկան մեր նահատակված հերոսների ծնողները, եկավ 5165 շարժումը եւ այլն, եւ այլն։ Դրանից հետո սկիզբ դրվեց Դիմադրության շարժման քայլերթերին, եւ ինչ-որ մի օր՝ մայիսի 1-ին, այդ բոլոր ապակենտրոն եւ ցանցային պայքարի դուրս եկած ուժերը միավորվեցին Ֆրանսիայի հրապարակում։ Միավորվեցին, եւ սկսվեցին ամենօրյա բողոքի ակցիաները, շուրջօրյա նստացույցը, վրանային ավանը, երթերը, ակցիաները... Ես չեմ համարում, որ մենք ձախողել ենք եւ պետք է գնանք տուն ու որեւէ բան չանենք։ Ես շարունակելու եմ պայքարել՝ հասնելու եմ իմ նպատակին, բայց ուզում եմ ֆիքսել՝ իմ նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ իմ նպատակն է՝ ունենալ անվտանգ Հայաստան ու անվտանգ քաղաքացի։


- Դուք հայտարարել էիք, որ եթե չհասնեք նրա հեռացմանը, մանդատը վայր եք դնելու։ Դա որպես ելակետ էիք նշել։
- Ես ասել եմ՝ ես խորհրդարան չեմ վերադառնալու այլեւս, որովհետեւ ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, ով ասում է, որ պետք է իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը։ Ես անելիք չունեմ մի խորհրդարանում, որտեղ ծափահարում են մի մարդու, ով ասում է՝ հազարավոր զոհեր 44-օրյա պատերազմի ընթացքում կարող էին չլինել, բայց եղան, որովհետեւ ինքն էդպես էր որոշել։ Ես պայման էի նշել, որ եթե այս կարճ ժամանակահատվածում առաջին փուլում կարողանանք արագ հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, այո՝ ես կգնամ խորհրդարան։
- Դուք վերլուծե՞լ եք, թե ինչու շարժումը չկարողացավ հասնել հաջողության։ Վեր հանե՞լ եք սխալները, որոնք գուցե թույլ են տրվել շարժման առաջնորդների կողմից, հասկացե՞լ եք՝ որտեղ եք թերացել։
- Ես, իհարկե, ունեմ իմ վերլուծություններն ու գնահատականները։ Իհարկե, կան թե՛ բացթողումներ, թե՛ սխալներ, բայց այն ճանապարհը, որը շարունակում է այս շարժումը՝ հասնելու է վերջնական նպատակին, իմ պատկերացումներն ու իմ քաղաքական թիմի պատկերացումները մի քիչ այլ են։ Դրա համար ես որոշեցի առանձին իմ օրակարգով գնալ նույն նպատակի հետեւից։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Դիմադրության շարժումը վերակազմակերպվում է եւ գնում է մի ճանապարհով, «Հայրենիք» կուսակցությունը գնում է այլ ճանապարհով։
- Ձեզ քննադատում էին՝ ասելով, թե Վանեցյանը ցանկանում է տարանջատվել, ասում է՝ սա ապաքաղաքական պայքար է, մյուս կողմից գնացել կանգնել է Ռոբերտ Քոչարյանի կողքը, որին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ փորձում էր «բռնել»։
- Այդ թեմայի մասին շատ-շատ ենք խոսել, չեմ ուզում կրկնել, պատրաստ եմ էլի կանգնել թե՛ նախագահ Քոչարյանի, թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի, թե՛ մնացածի կողքին՝ մեր երկրի հարցերը դժվարին այս փուլում լուծելու համար։
- Ձեր այս որոշումը նախապես քննարկե՞լ էիք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների, Դիմադրության շարժման Ձեր գործընկերների հետ, եւ ինչպիսի՞ ն է եղել նրանց արձագանքը։
- Սերժ Սարգսյանին տեղեկացրել եմ իմ որոշման մասին, մենք զրուցել ենք, Սերժ Սարգսյանն իր կարծիքն է ունեցել, բայց, ամեն դեպքում, հարգել է նաեւ իմ որոշումը։ Խոսել եմ նաեւ ՀՀԿ-ի իմ գործընկերների, նաեւ խմբակցության պատգամավորների հետ, խոսել եմ նաեւ «Հայաստան» դաշինքում ներգրավված ղեկավարների՝ Վահե Հակոբյանի եւ Իշխան Սաղաթելյանի հետ, նաեւ՝ Սեյրան Օհանյանի հետ, բոլորին տեղեկացրել եմ իմ որոշման մասին, եւ նրանք հարգանքով են մոտեցել իմ որոշմանը։
-Իսկ փորձե՞լ են Ձեզ հետ պահել, ասե՞լ են՝ մի՛ դիր մանդատդ, որովհետեւ դրանով մեզ էլ ես վատ դրության մեջ դնում։
- Չեն ասել, որ մեզ վատ դրության մեջ ես դնում, բայց եղել են տարբեր կարծիքներ։
- Ձեր այս քայլի արձագանքները հիմնականում դրական էին, բայց կան նաեւ կասկածներ, որ սա քաղաքականությունից դուրս գալու քայլ է, կամ՝ սրա հետեւում իշխանությունն է կանգնած, որը փորձում է պառակտել ընդդիմությունը։Սրան ինչպե՞ս կարձագանքեք։
- Կարծում եմ՝ մանդատը դնելուց հետո իմ հրապարակային խոսքը, իմ հայտարարությունները որեւէ կերպ կասկածի տեղիք չեն տալիս, թե ես իշխանության թելն եմ մանում։ Ես այս իշխանության հետ որեւէ առնչություն ունենալ չեմ ուզում եւ չեմ կարող։ Մենք տարբեր արժեհամակարգերի կրողներ ենք, մենք տարբեր աշխարհընկալումներ ունենք։ Ինչ վերաբերում է պառակտելուն. նորից եմ կրկնում՝ նպատակը մեկն է, ճանապարհները յուրաքանչյուրն ընտրում է՝ ինչպես հասնել այդ նպատակի իրականացմանը։ Իմ ճանապարհն այլ է, իմ գործընկերների ճանապարհն այլ է։
- Ո՞ր պահից սկսած հասկացաք, որ ձեր ճանապարհները տարբեր են, եւ Դուք պետք է տարանջատվեք, եւ ի՞ նչն առիթ հանդիսացավ դրա համար։
- Մոտեցումները, թե ինչպես պետք է հասնենք մեր հիմնական նպատակին, գործողությունների հերթականությունը։ Ես չեմ ասում, որ կա խորը տարաձայնություն։ Մենք ի սկզբանե ասել ենք՝ սա ապակենտրոն, ցանցային պայքար է, եւ դա լինելու է արդյունավետ։ Սկսել ենք այդ պայքարը, եւ մայիսի 1-ին՝ ինչ-որ մի փուլում, միավորվել ենք բոլորս։ Հիմա, առաջին փուլն ավարտվելուց հետո ես եւ իմ քաղաքական թիմը որոշեցինք, որ պետք է պայքարը շարունակենք այլ կերպ։
- Ի՞նչ եք անելու։
-Ես ասել եմ,որ պետք է լինի ժողովրդի հետ լայն երկխոսություն, եւ այդ երկխոսությունը պետք է շարունակվի եւ ավելի խորանա։ Եվ այս փուլում՝ առաջին փուլում, պետք է սկսենք խոսել քաղաքացիների հետ, մեծացնենք թիմը թե՛ կուսակցական, թե՛ համախոհների...
- «Հայաստան» խմբակցության Ձեր գործընկերներն ասում են, որ մանդատները դնելու հարց այս պահին չեն քննարկում, որովհետեւ մանդատներն անհրաժեշտ պահի իրենց կարող են պետք գալ։ Օրինակ՝ հույս ունեն, որ օգոստոսի 2-ից հետո, երբ լրանա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին, հնարավորություն կունենան նրա նկատմաբ իմպիչմենթի գործընթաց նախաձեռնել, ու երեւի հույս ունեն, որ ՔՊ-ականներն էլ պետք է դուրս գան ՔՊ-ից եւ միանան իրենց։
- Ես միայն ուրախ կլինեմ, որ մեր գործընկերների այդ կանխատեսումները կամ այդ ծրագիրն իրականանա։ Բայց ես իրատեսական չեմ համարում, որ իմպիչմենթն այն գործիքն է, որ այս փուլում հնարավոր է կիրառել։ Նիկոլ Փաշինյանը նման է մի հանցագործի, ով կողքի բոլոր մարդկանց դրդում է, տանում է հանցագործության, որ հանկարծ ինքը միայնակ «չդատվի»։ Եթե լինում է սպանություն, օրինակ, էդ սպանության վայրում ներկա գտնվող բոլորին ստիպում է, որ վերցնեն, եւ նրանք էլ կրակեն զոհի վրա, որ վաղը, մյուս օրը բոլորն իրար հետ դատվեն սպանության հոդվածով։ Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսօր բոլորին սարքել է իրեն մեղսակից, եւ նրանք ուղղակի տեղ չունեն գնալու։
- Քանի որ Ձեր եւ «Հայաստան» խմբակցության նպատակները նույնն են, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ փուլում, երբ նրանք դարձյալ ակտիվանան, Դուք էլի միավորվեք։
- Դուք թե՛ ինձ, թե՛ մեր համախոհներին եւ մեր կուսակիցներին անպայման առաջիկայում կտեսնեք Դիմադրության շարժման կազմակերպած միջոցառումներին՝ հանրահավաքներին, երթերին։ Այսինքն՝ որեւէ կերպ չեմ ասում, որ չեմ գնալու էնտեղ, չեմ մասնակցելու, չեմ աջակցելու, բայց ես չեմ լինելու կազմակերպիչների մեջ»։
Մանրամասները՝ թերթի այօսրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր