Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

12 հոկ 2022 12:11

Ովքե՞ր են կառուցում Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհը․ «Հետք»

«Հետք»–ը գրում է, որՀայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի ընդհանուր երկարությունը 33,8 կմ է, որից 11,8 կմ-ն ՀՀ տարածքում է: Վերջինս սկսվում է Մ-12 (Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ) միջպետական ճանապարհի Տեղ գյուղի հատվածից, անցնում Կոռնիձոր գյուղով եւ ավարտվում պետական սահմանի մոտ, որն անցնում է Հագարի գետով: Սահմանային հանգույց է գետի վրա կառուցված նոր կամուրջը: Երկրորդը Քաշաթաղի (Լաչինի) շրջանով անցնող միջանցքային հատվածն է, որը մոտ 8 կմ է: Այն սկսվում է պետական սահմանից՝ Հագարի գետի կամրջից եւ ավարտվում նախկին ԼՂԻՄ-Լաչինի շրջան սահմանագծում: Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող հատվածն էլ 14 կմ է. այն սկսվում է Լաչինի շրջանի հետ սահմանագծից ու ավարտվում Տասը Վերստ գյուղի մոտ՝ կրկին միանալով Մ-12 մայրուղուն:


Ինչպես հայտնի է, Հագարիի կամրջից մինչեւ Տասը Վերստ ձգվող 22 կմ-ոց ճանապարհը կառուցել է ադրբեջանական կողմը, եւ արդեն այս օգոստոսից Հայաստան-Արցախ երթեւեկությունը կազմակերպվում է այդ ճանապարհով: Մյուս կողմից, քանի որ ՀՀ տարածքում գտնվող 11,8 կմ-ոց հատվածը (ներքեւի քարտեզում՝ կարմիր սլաքներով) դեռ կառուցման փուլում է, գործում է ժամանակավոր երթուղի (սրա համար հայկական կողմը հապճեպ ժամանակավոր ճանապարհ կառուցեց. քարտեզում՝ կապույտ սլաքներով), որն սկսվում է Հագարի գետի կամրջից ու ադրբեջանցիներին հանձնված Աղավնո գյուղից ուղիղ գծով շուրջ 1,5 կմ հեռավորության վրա միանում Մ-12 ճանապարհին (կանաչ սլաքներով) եւ ապա հասնում Տեղ գյուղ: Երբ Հայաստանն ավարտի 11,8 կմ-ոց հատվածի շինարարությունը, ինչը նախատեսված է 2023 թ. գարնանը, ժամանակավոր երթուղին կփակվի: Բանն այն է, որ ժամանակավոր երթուղու 7,2 կմ-ն անցնում է ադրբեջանցիներին հանձնված տարածքով, սակայն մինչեւ 2023-ի գարուն կվերահսկվի հայ իրավապահների եւ ռուս խաղաղապահների կողմից:


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) տեղեկացել ենք, որ 11,8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը բաժանված է 3 տեղամասի, եւ այստեղ աշխատում է 3 շինարարական կազմակերպություն: Վերջիններս հաղթող են ճանաչվել հրատապ բաց մրցույթի շրջանակներում:


Նախկին պատգամավորի եղբորորդին կկառուցի Տեղ-Կոռնիձոր հատվածը
Մ-12-ից (Տեղ գյուղի բնակելի հատվածի վերջնամասից) սկսվող ճանապարհի առաջին 4 կմ-ն կառուցում է «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ն: Այսինքն՝ խոսքը Տեղ-Կոռնիձոր հատվածի մասին է: ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանն ու ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Բադալյանը համապատասխան պայմանագիրը կնքել են այս տարվա օգոստոսի 24-ին: Պայմանագրի գինը 1.080.000.000 դրամ է, որից 180.000.000 դրամն ԱԱՀ-ն է: Այս տարի նախատեսվում է իրականացնել 355 մլն դրամի աշխատանք, իսկ մնացածը՝ եկող տարի:


Քանի որ Տեղ-Կոռնիձոր ճանապարհը մինչ այս էլ ասֆալտապատ էր (որակին չենք անդրադառնում), պայմանագրով նախատեսված է քանդել եղած ծածկը, փոխարենը երթեւեկելի հատվածում 10 սմ հաստությամբ ավազակոպիճ լցնել, դրա վրա՝ 20 սմ-ոց խճավազային հիմք, ապա 16 սմ հաստությամբ ասֆալտ անել: 2022 թ. աշխատանքները նկարագրող փաստաթղթից հետեւում է, որ ասֆալտապատումը կարվի 2023-ին:


Շինաշխատանքների երաշխիքային ժամկետը 3 տարի է, այսինքն՝ ճանապարհը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո 3 տարվա ընթացքում եթե թերություններ ի հայտ եկան, «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ն պարտավոր է ՏԿԵՆ-ի սահմանած ողջամիտ ժամկետում վերացնել դրանք իր հաշվին:


Երեւանյան «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ն ճանապարհաշինության ոլորտում նորեկ չէ: Ընկերությունը հիմնադրվել է 2011-ին երեւանցի Արմեն Գագիկի Բադալյանի կողմից, ով նաեւ տնօրենն է: Վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբոր որդին է: Ա. Բադալյանին են պատկանում նաեւ շինարարական ոլորտի «Ա.Ա.Բ. Պրոեկտ», «Ֆանտոմ Գրուպ», «Բեկոր», «Վարանդա», «Նոր-Հենդ», «Նաիրի եւ Ռոզա», «Ինֆրարոուդ» ՍՊԸ-ները:  


5 կմ երկարությամբ երկրորդ տեղամասը կկառուցի արցախյան ընկերությունը
Նոր ճանապարհի երկրորդ հատվածը կառուցում է «Քարավան» ՍՊԸ-ն: Խոսքը Կոռնիձորից դեպի պետական սահման ձգվող 5 կմ-ոց տեղամասի մասին է: ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Ա. Երիցյանն ու «Քարավանի» տնօրեն Հակոբ Հակոբյանը պայմանագիրը կնքել են այս տարվա օգոստոսի 24-ին: Պայմանագրի արժեքը 3.550.000.000 դրամ է, որից 592 մլն-ը ԱԱՀ-ն է: Այս տարի նախատեսված է կատարել 2,3 մլրդ դրամի աշխատանք:


Ինչպես Տեղ-Կոռնիձոր տեղամասում, այս հատվածի երթեւեկելի մասը եւս կունենա 16 սմ-ոց ասֆալտի շերտ, որի տակ կլինի 20 սմ խճավազային հիմք եւ 10 սմ ավազակոպիճ: Քանի որ «Քարավանի» կողմից կառուցվող հատվածում նախկինում ասֆալտապատ ճանապարհ չի եղել, հին ասֆալտ քանդելու խնդիր չկա: Այս տարի նախատեսվող աշխատանքները սահմանող համաձայնագրից բխում է, որ ասֆալտապատումն արվելու է եկող տարի: Շինաշխատանքների երաշխիքային ժամկետը ճանապարհը պատվիրատուի ընդունելուց հետո 3 տարի է:


«Քարավան» ՍՊԸ-ն արցախյան ընկերություն է, հիմնադրվել է 2002 թ. Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում: Հիմնադիրն ու տնօրենը Հակոբ Հակոբյանն է, ով Եղեգնաձորից է, բայց երկար ժամանակ գործունեություն է ծավալում Արցախում: Ընդհանրապես, «Քարավանը» ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում ճանապարհաշինական ոլորտի ամենաակտիվ ընկերություններից է:


Հ. Հակոբյանը մասնակցություն ունի նաեւ Ջերմուկի ««Օլիմպիա» առողջարան», Ստեփանակերտի «Արմ-Ագրո», «Թարթառ Էներջի Ինվեստ» ՍՊԸ-ներում,  «Գառնի Գրուպ» ՓԲԸ-ում:


Հայտնի ճանապարհաշինարարը կկառուցի 2,8 կմ-ոց հատվածը
Երրորդ տեղամասը, որի երկարությունը 2,8 կմ է եւ ավարտվելու է Հագարի գետի վրա կառուցված սահմանային կամրջի մոտ, կառուցելու է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գրանցված «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Ի տարբերություն վերը նշված երկու շինարարական կազմակերպությունների՝ «Ճանապարհի» հետ պայմանագիրը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների armeps.am կայքում տեղադրված չէ: Այդուհանդերձ, ՏԿԵՆ-ը «Հետքին» փոխանցել է, որ հենց «Ճանապարհ» ՍՊԸ-ն է երրորդ շինարարը:


Օգոստոսի 24-ին կառավարությունը հայտնեց, որ 11,8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման նպատակով գումար է հատկացվել ՏԿԵՆ-ին: Ըստ այդմ՝ 2022 թ. իրականացվելիք շինաշխատանքների, տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսվում էր հատկացնել 5.551.808.100 դրամ, որից 5.463.772.110-ը՝ շինաշխատանքների համար, 54.052.443-ը՝ տեխնիկական հսկողության համար, իսկ 33.983.547-ը՝ հեղինակային հսկողության համար։


Մանրամասները՝ «Հետք»–ում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր