Ինչպե՞ս թուրքերն արձագանքեցին Ռուսաստանում տեղի ունեցած ռազմական բախումներին
Հունիսի 23-ի երեկոյան Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության (ՌՄԿ) հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երկրի ԶՈւ-ին մեղադրեց կառույցի ճամբարի հրթիռակոծման մեջ և հայտարարեց, որ Ռուսաստանում փաստացի պատրաստվում է «վերականգնել արդարությունը»։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները լայն արձագանք գտան միջազգային մամուլում՝ այդ թվում թուրքական:
Թուրքական մամուլն այս առումով առանձնակի օպերատիվությամբ էր լուսաբանում ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումները` դրանք որակելով որպես «ռազմական հեղաշրջման փորձ»:
Թեմայի շուրջ ցուցաբերված զգայունությամբ առանձնացան մասնավորապես թուրքական իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցները։ Դա, թերևս, ունի իր պատճառները, քանի որ Թուրքիայի ներկա իշխանությունը ոչ վաղ անցյալում՝ 2016 թ․-ի հուլիսի 15-ին ևս բախվել էր ռազմական հեղաշրջման փորձի, որը, ինչպես հայտնի է, ձախողվել էր:
Մերձիշխանական «Hürriyet»-ը, մեկնաբանելով և վերլուծելով դեպքերն ու իրադարձությունները ՌԴ-ում, առանձնացրել էր երկու հիմնական սցենար. Վլադիմիր Պուտինն ամբողջ ուժով կջախջախի ապստամբությունը և կուժեղացնի Ուկրաինայի գիծը կամ էլ ռուսական բանակը կպառակտվի, քանի որ անձնակազմի մի մասը կարող է անցնել Պրիգոժինի կողմը։
Թուրքիայի իշխանությունների խոսափող համարվող «Sabah» թերթի կայքը, ամբողջովին իր աջակցությունը հայտնելով ՌԴ նախագահ Պուտինին, գրել էր. «Այն բանից հետո, երբ Էրդողանը զանգահարեց Պուտինին, հեղաշրջման փորձը ձախողվեց»:
Թուրքական «Yeni Şafak» պարբերականն էլ նյութը վերնագրել էր հետյալ կերպ՝ «Ռազմական հեղաշրջման փորձ և քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում»։ Հրապարակման մեջ Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում որոշակի զուգահեռներ են տարվել 1917թ.-ի հոկտեմբերյան հեղաշրջման հետ:
Պետք է նշել, որ թուրքական իշխանական և մերձիշխանական ԶԼՄ-ներում նկատվում էր որոշակի «անհանգստություն», որ Պրիգոժինի համախոհները հաջողության կհասնեն: Այս առումով նկատվեց որոշակի ցնծություն, երբ ՌԴ-ում Պրիգոժինն ու նրա համախոհները ձախողվեցին:
Ազգայնական «YeniÇağ» թերթի շապիկին տեղ գտած թեմատիկ նյութն էլ վերնագրվել էր այսպես․ «Ռուսաստանի վարձկանները դարձան Պուտինի համար իսկական գլխացավանք»:
Իսկ մերձիշխանական «TGRT haber» հեռուստաալիքը (նաև լրատվամիջոց) իր հրապակման մեջ հիշեցրել էր Պուտինի ու Պրիգոժինի նախկինում եղած կապերի և դրանից հետո առաջացած տարաձայնությունների մասին: Այստեղ պետք է շեշտել, որ երբեմն հակառուսական քարոզչական բնույթի հրապարակումներով հանդես եկող «TGRT haber»-ը Պրիգոժինի և նրա համախոհների նկատմամբ ունի հստակ բացասական վերաբերմունք, քանի որ նրանց մեղադրում է Լիբիա զինյալներ կամ, ինչպես իրենք են բնութագրում, «վարձկաններ» ուղարկելու մեջ: Թուրքական քաղաքական շրջանակները նույնպես արձագանքեցին թեմային:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներռուսաստանյան զարգացումների շուրջ հեռախոսազրույց ունեցավ Վ․ Պուտինի հետ: Ի դեպ, հեռախոսազրույցը թուրքական կողմի նախաձեռնությամբ էր տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացրել էր Կրեմլի մամուլի ծառայությունը. «Թուրքիայի Հանրապետության նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին»:
Թուրքիայի նախագահականից տարածված հաղորդագրության համաձայն էլ՝ հեռախոսազրույցի ընթացքում Թայիփ Էրդողանը նշել էր, որ տեղի ունեցածը հնարավորինս շուտ հանդարտությամբ հանգուցալուծելու համար Թուրքիան պատրաստ է կատարել այն, ինչ իր վրա է ընկած։