Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

26 հուլ 2023 16:15

Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումն անվտանգային լուրջ խնդիր է պարունակում․ մտնելու ենք անկայունության փուլ, որին դիմակայել հնարավոր չի լինելու

Եթե տեղի ունենա այն, ինչի մասին ՌԴ արտգործնախարար Լավրովը երեկ հայտարարել է, ապա Հայաստանը մտնելու է անկայունության փուլ՝ երկարատև ժամանակահատվածով։ Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ անվտանգային մարտահրավերներ է առաջ բերելու՝ արդեն նաև ներքաղաքական դաշտում, որին Հայաստանն ի վիճակի չի լինելու դիմակայել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Լավրովի հայտարարությունից երևում է, որ այդ հարցը Մոսկվայում քննարկվել է արտգործնախարարների մակարդակով։ Եթե դա հասարակական տրամադրությունները շոշափելու փորձ լիներ, ապա ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով չէր հնչի։ Բացի այդ, Փաշինյանը երեկվա ասուլիսում ասաց, որ վաշինգտոնյան, բրյուսելյան և մոսկովյան հարթակները բովանդակությամբ նույնն են և ֆունդամենտալ որևէ տարբերություն այլևս չկա։ Նկատենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Զախարովան էլ վերջերս հայտարարեց, որ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը լիովին փոխում է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության էությունը, խաղաղապահների առաքելությունն ու այդ պահից ձևավորված ստատուս քվոն»,-ասաց քաղաքագետը։
Հիշեցնելով, որ դեռևս բրյուսելյան հանդիպումից հետո ադրբեջանական ու ռուսական մամուլում սկսեց խոսվել որոշակի քանակությամբ ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքում բնակեցնելու մասին, Պողոսյանը նկատում է՝ Մոսկվայում այդ թեզն առաջ տանելու մասին պայմանավորվածություններ, պետք է որ, եղած լինեին։

«Հասկանալի է, որ Արդբեջանն ամեն կերպ պարտադրելու էր այդ թեզերի քննարկումը ու դրանց համաձայնեցումը։ Ադրբեջանական մեդիատիրույթում նաև կոնկրետ վայրերի անուններ են նշվում, որտեղ, նրանց պատկերացմամբ, պետք է բնակեցվեն ադրբեջանցիները։ Առաջին հերթին՝ Սյունիքն է նշվում։ Իսկ որ Ալիևը չի պատրաստվում պատահական մարդկանց բերել ու բնակեցնել Հայաստանում, կասկածից վեր է։ Բերելու է մարդկանց, որոնք անջատողական շարժումներ են սկսելու Հայաստանի հանրապետությունում ու բազմաթիվ այլ խիստ վտանգավոր գործընթացներ։ ՀՀ հետ կապված Ադրբեջանի պլանները երկարաժամկետ են, իսկ ինչ վերաբերում է մեր իշխանություններին, անգամ Ալիևը գիտի ու հայտարարել է, թե Հայաստանը ռազմավարություն չունի, չգիտի, թե ինչ է ուզում։ Ցավալի է, բայց փաստ»,-նշեց քաղաքագետը։

Այն, որ փոխադարձության սկզբունքով չի քննարկել Ադրբեջանում հայերի բնակեցման հարցը, Պողոսյանն ավելի քան վստահ է։
«Վստահ եմ, որ հայերի Սումգայիթում կամ Գանձակում վերադարձի հարցը չէ, որ քննարկվել է, չնայած մեր հայրենակիցներն այնտեղից բռնի կերպով գաղթել էին։ Ու անգամ Արցախի օկուպացված տարածքներ վերադարձի մասին էլ չի խոսվել, այլ Արցախի Հանրապետության բնակչության՝ Արցախում շարունակել ապրելու հարցի մասին է խոսվել, բայց Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանը պատկերացնում է, թե Արցախն իր տարածքն է»,-նկատեց մեր զրուցակիցը։

Հնարավոր կլինի՞ խորտակման ընթացքը կանգնեցնել ու որոշակիորեն իրավիճակ փոխել, թե՞ ոչ, քաղաքագետը, դատելով ընդդիմադիր ուժերի պահվածքից, դժվարանում է նման կանխատեսում անել։

Ըստ նրա, եթե ստացվի ինչ-որ հրաշքով կանխել Հայաստանի համար անդառնալի գործընթացները, ապա բացառիկ անձնվեր, հանուն ազգային շահի ամեն մի զոհողության պատրաստ անհատներն են դա անելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր