ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

25 հոկ 2016 12:32

Կառավարությունը պետք է գնա այն փոփոխություններին, որի սպասումն արդեն ձևավորել է

Ազգային Ժողովը արտահերթ նիստով հաստատեց կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ:
 
-Պարոն Քոքոբելյան, ի՞նչպես կգնահատեք նոր կառավարության ծրագիրը և արդյո՞ք իրատեսական համարում եք այն:
-Նոր կառավարության ծրագրում, այո՛, կան անհրաժեշտ տեսլականներ և հայեցակարգեր, բայց դա բավարար չէ այս ծրագիրը լիիրավ համարելու համար: Այդ իսկ պատճառով, ես դեմ եմ քվեարկել կառավարության ծրագրին: Կարծում եմ, կառավարության ծրագրում պետք է հստակ մատնանշված լիներ ոլորտները, ինչու ոչ՝ ժամանակացույց և գործողությունների պլան, թե ինչպես է այն գործընթացն առաջ տանելու, որի մասին վարչապետն, ի սկզբանե, հայտարարում էր: Խոսքը վերաբերվում է  ստվերի կրճատմանը, շուկայում գերիշխող դեր ունեցող մոնոպոլիաների  գերակայությանը, ինչպես նաև կոռուպցիային, ինչի մասին, կարծես,  շատ է խոսվում՝  նույնիսկ պատեհ անպատեհ առիթներով: Բայց սայլը մինչ օրս տեղից չի շարժվում:
Կառավարության ծրագրում, բնականաբար, բացակայում են նաև թվերը: Կառավարությունը պետք է առաջին հերթին, այդ թվում՝ թվային տեսքով ցույց տար, թե մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա ինչ ազդեցություն  է  ունենալու այս ծրագիրը: Որքան էլ  խոսվի,  որ սա 6 ամսվա ծրագիր է միևնույնն է այդ 6 ամիսը՝ նույնիսկ 1-2 ամիսը բավարար ժամանակ է, որպեսզի ՀՀ քաղաքացին համոզվի, որ Հայաստանում վերը նշված ոլորտների հետ կապված տեղաշարժեր կան: Արդյո՞ք, կա մեկը, որ չգիտի, որ բենզինի և դիզվառելիքի ներկրման բնագավառում կան գերիշխող դիրք ունեցողներ և, որ այսօրվա չարդարացված գնագոյացումը շուկայում կապված է հենց դրա հետ: Սա ակնհայտ իրողություն է, շատ ցցուն փաստ և առանձին վերլուծության կարիք չունի: 
Այսօր թե՛ վարչապետը, թե՛ կառավարության ներկայացուցիչները, շատ են խոսում մեր հանրապետությունում իրավիճակի ուսումնասիրման, ախտորոշման վերաբերյալ: Իհարկե, զուտ մանրակրկիտ ախտորոշման կարիք կա, բայց հիմնականում արդեն ախտորոշված է և բոլորը գիտեն թիրախները որոնք են, հատկապես, ովքեր են այն կազմակերպությունների տերերը, ինչի պատճառով շուկայում այսօր այս վիճակն է: Այնպես որ, նոր հեծանիվ հորինելու կարիք չկա: Ողղակի փաստ է, որ շուկան ազատականացված չէ:

-Այս ծրագրով,  արտաքին քաղաքականության առումով, Հայաստանը դեպի ո՞ւր է գնում:
-Արտաքին քաղաքական առումով ողջունելի է այն, որ առաջին անգամ հստակ ծրագրում գրված է, որ ՀՀ-ն երաշխավորում է նաև  ԼՂՀ անվտանգությունը: Սակայն, շատ ավելի ճիշտ կլիներ  նշել ԼՂՀ հիմնախնդրի լուծման  և  ԼՂՀ միջազգային ճանաչման կարևորությունը: Այս ծրագրում արտաքին քաղաքական առումով նշված է նաև,  որ ՀՀ-ն գնում է ԵՏՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ-ի հետ, իսկ ինչ վերաբերվում է Արևմուտքի և Եվրամիության հետ հարաբերություններին, պարզապես,  դեկլարատիվ բնույթի  է գրված՝ պետք է հարաբերությունները զարգացվեն, ինչը ինձ համար բավարար չէ: 
ԵՏՄ-ի անդամակցության մասին, այսօրվա կառավարության ներկայացուցիչներից որոշները  նշում էին, որ այն Հայաստանին կտա նոր հնարավորություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, նոր արտադրություններ, որոնք միտված կլինեն այդ շուկայի վրա աշխատելուն: Ինչպես տեսնում եք, մենք ունեցանք խիստ նահանջ. Հայաստանի տնտեսությունը ոչ թե աճ, այլ՝ նվազում գրանցեց: Ես, կարծում եմ, ԵՏՄ անդամակցությունը յուրովի տնտեսական բլոկադա եղավ ՀՀ-ի համար: 

-Ո՞րոնք են մեր երկրի առաջ ծառացած հիմական խնդիրները, մարտահրավերները, և արդյո՞ք այս հարցերը ներառված են ՀՀ կառավարության ծրագրում: 
-Հիմնական հիմնախնդիրներից՝ անվտանգության, պաշտպանության ապահովումն է, ինչը, հատկապես, բխում է տնտեսության զարգացումից: Հաջորդը՝ տնտեսության զարգացումն է, ընդ որում, մեծ տեմպերով: Եվ երրորդ հիմնական մարտահրավերը, դա՝ արտագաղթն է: Գոնե, վերջին երկուսի պարագայում կարող եմ ասել, որ այս կառավարության ծրագրում հստակ հայեցակարգային դրույթներ չկան: Այս ծրագիրը ես համարում եմ ընդհանուր նկարագրողական բնույթի: Արտագաղթի այս տեմպերի պարագայում խոսել տնտեսության զարգացման, խոսել պաշտպանության և անվտանգության համակարգի ուժեղացման մասին՝ կարծում եմ  լուրջ մտածելու տեղիք է տալիս: Արտագաղթը սպառնում է մեր պետությանը, անվտանգությանը: Կարծում եմ, այստեղ էլ հստակ մոտեցումներ պետք է լիներ, թե ինչ է արվելու այն կասեցնելու համար և կառավարության ծրագրում արտացոլված լիներ, թե աշխատեղեր ստեղծելու ուղղությամբ կառավարությունն ինչ գործողություններ է իրականացնելու: Անկեղծ ասած, այդ խնդիրների լուծման համար նույնիսկ ծրագիր անհրաժեշտ չէ, որովհետև  Հայաստանի օրենսդրությունը և օրենսդրական դաշտում առկա գործիքակազմն ամբողջությամբ բավարար է այդ խնդիրները լուծելու համար: Այսինքն, քաղաքական կամք և քաղաքական համարձակություն է անհրաժեշտ:

-Այս կառավարությունը, կարող է արդյո՞ք խաղի նոր կանոններ թելադրել: 
-Ես երբևիցե այն կարծիքին չեմ եղել, որ Հայաստանում որևիցե կառավարություն չի կարող նոր խաղի կանոններ ստեղծել, բայց եթե շարունակվի այն ինչ մինչև այսօր է տեղի ունեցել, բնականաբար, մեծ դժվարություններ կլինեն: Ելակետային առումով այդ հնարավորությունները կան և տա աստված, որ կարողանան իրականացնեն: Կառավարության ձախողումը չի բխում ոչ մեկի շահերից, քանի որ մենք այսօր անդունդի եզրին կանգնած վիճակում ենք, ուզենք, թե՝ չուզենք, դա փաստ է:

-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում դեֆոլտ է սպասվում: Համաձա՞յն եք նման տեսակետի հետ և արդյո՞ք կա նման վտանգ: 
-ՀՀ-ում այսօր կա ծայր աստիճան ծանր տնտեսական  վիճակ, սակայն դեֆոլտի վտանգ չեմ տեսնում, քանի որ կառավարությունը, ԿԲ-ն բոլոր գործիքակազմերն ունեն  և մինչ այս պահը, իհարկե, շատ ծանր գնով՝ վարկեր վերցնելով, կարողացել են հեռու պահել նման վտանգից: 

-Կառավարությունն այս կարճաժամկետ ծրագրով կարո՞ղ է ունենալ հաջողություններ և արդյո՞ք այն մինչև 2017 թ-ի ընտրությունները ժամանակ շահելու միջոց չէ:
-Այս կառավարությունը փոփոխությունների գնալու բոլոր հնարավորություններն ունի: Օրինակ՝  շուկայի ազատականացման համար մեկ ամիսն էլ է բավական և նույնիսկ կառավարության ծրագրի անհրաժեշտություն չկա: Իհարկե, առանցքային փոփոխությունների և կառավարության հաջողելու համար քաղաքական թիմի քաղաքական կամքն է անհրաժեշտ նաև նրա դրական արձագանքն այդ փոփոխություններին: Եթե այս կառավարությունը չգնա այն փոփոխություններին, որի սպասումն արդեն ձևավորել է  շատ կարճ ժամանակ հետո հասարակությունը, բնականաբար, կգա այն եզրահանգման, որ սա քաղաքական հնարք էր ընտրություններից առաջ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր