«Ժամանակ». Ալեքսանդր Դուգին․ Սերժ Սարգսյանը 5 շրջան հանձնելու պայմանավորվածություն ուներ
![«Ժամանակ». Ալեքսանդր Դուգին․ Սերժ Սարգսյանը 5 շրջան հանձնելու պայմանավորվածություն ուներ «Ժամանակ». Ալեքսանդր Դուգին․ Սերժ Սարգսյանը 5 շրջան հանձնելու պայմանավորվածություն ուներ](https://hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1530859766_serj-sargsyan.jpg)
- Պարոն Դուգին, դուք Բաքվում հուլիսի 1-ին ֆորում եք անցկացրել «Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում» խորագրով: Ծանոթ եք հավանաբար այդ ֆորումի շուրջ քննարկումներին, նախ ի՞նչ է նշանակում միակ դաշնակից, արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ:
- Իրականում այդ ֆորումը ընդգծում էր Ռուսաստանի մտերմությունը Բաքվին այն նոր աշխարհաքաղաքական իրողության պայմաններում, որը ձևավորվել է Հարավային Կովկասում: Հայաստանում նոր վարչապետի՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո (որն, իմ կարծիքով, եկավ գունավոր հեղափոխության արդյունքում), այն պայմանավորվածությունները, որ ուներ նախկին ղեկավարությունը՝ Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ գտնվող յոթից հինգ շրջաններ վերադարձնելը, դա Ղարաբաղի շուրջ կայունության ապահովման բանալին էր, հակամարտության լուծման սկիզբը, բայց այդ պայմանավորվածությունները զրոյացվեցին: Սերժ Սարգսյանը երկար ժամանակ այդ բանակցությունները վարում էր, և դա թույլ կտար ամրապնդել Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց ոչ թե Հայաստանի դեմ, այլ հօգուտ բոլոր ժողովուրդների, այդ ամենը կանգնեցվեց ու զրոյացվեց: Ռուսաստանը, լինելով Հայաստանի դաշնակից, իրականում ավելի ու ավելի շատ է ռազմավարական տարբեր հարցերով մոտենում Ադրբեջանին: Փաշինյանի այդ քաղաքականությունը հարվածի տակ դրեց այդ պայմանավորվածությունները, ինչն էլ իր հերթին իրավիճակի էսկալացիայի կարող է բերել, մենք այդ պատճառով անցկացրեցինք այդ կոնֆերանսը: Իմ կարծիքով՝ դա ոչ ադեկվատ արձագանք առաջացրեց և՛ Հայաստանում, և՛ նույնիսկ Ռուսաստանում: Խոսքը չէր գնում հակահայկականության մասին: Այդ կոնֆերանսի ընթացքում քննադատության ոչ մի խոսք չկար՝ ուղղված հայերին ու Հայաստանին, խոսքը համագործակցության մասին էր և ընդամենը այն պայմանավորվածությունների կատարման մասին էր, որին մասնակցել է նաև Հայաստանի իշխանությունը: Ադրբեջանին խաղաղ և ոչ ռազմական ճանապարհով այդ շրջանների հանձնումը Հայաստանի նոր ղեկավարությունը դրել է կասկածի տակ․․․
- Կներեք, բայց մեզ պաշտոնապես հայտնի չէ, որ Սերժ Սարգսյանը իր իշխանության վերջում պատրաստվում էր հինգ շրջան հանձնել, և ոչ էլ հայտնի է, որ նոր ղեկավարությունը այդ խոստումը չեղարկել է: Ձեզ այդ ինֆորմացիան որտեղի՞ց:
- Իհարկե, դա իմ ինֆորմացիան է, բայց հարցը դա չէ: Ռուսաստանի մտերմացումն Ադրբեջանի հետ մեր երկրների սուվերեն որոշումն է: Բայց որպեսզի այդ մտերմացումը խաղաղ լինի, դրան պետք է մասնակցի նաև Հայաստանը, այդ մտերմացումը Հայաստանի դեմ չէ: Ուզում եմ ասել, որ այդ կոնֆերանսի մեջ հակահայկական ոչինչ չկար, նույնիսկ հեռակա կարգով: Եթե պարոն Փաշինյանը շարունակի Սերժ Սարգսյանի բռնած ուղին՝ այդ դեպքում Բաքվի և Մոսկվայի մերձեցումը միայն կարագանա, և հավատացեք՝ դա Հայաստանին դեմ չէ: Ռուսաստանն ուզում է խաղաղություն, հաշվի առնելով բոլոր կողմերի հետաքրքրությունը՝ ուզում է գնալ կարգավորման: Հինգ շրջանների վերադարձը ձեռք էր տալիս բոլոր կողմերին, որովհետև Հայաստանն էլ իր օգուտներն էր ստանում դրանից: Այդ շրջանները ոչ թե միայն տալիս եք, այլ Ադրբեջանի նախագահը դրա դիմաց պատրաստ է արտոնություններ տալ թե՛ տնտեսական համագործակցության համար, թե՛ նաև նպաստել հայ-թուրքական սահմանի բացմանը: Հայաստանը դուրս կգա ապաշրջափակումից, թշնամանքը կվերանա: Ես ուղղակի ապշած եմ, թե ինչպես այդ ամենը մեկնաբանեց հայկական կողմը, ոչ մի հակահայկական դեմարշ չկա, այն աղբը, որ տեսա համացանցում ու մամուլում, ինձ ապշեցնում է:
- Դուք նշում եք, որ խաղաղության ջատագով եք, բայց բարձրանում եք Լելե Թեփե, որը 2016 թվականին ռազմական ճանապարհով գրավել է Ադրբեջանը: Ինչպե՞ս հասկանանք ձեր այցի նպատակը:
- Առաջին հերթին, երևի գիտեք՝ Ռուսաստանի կարծիքով՝ ոչ միայն այդ հինգ շրջանը, այլ ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, այդպես է ամրագրում միջազգային իրավունքը: Ու ես կարծում եմ՝ միանգամայն սովորական է գնալ մի տարածք, որ իմ երկիրը համարում է Ադրբեջանի տարածք: Երկրորդ՝ դա այց էր Լելե Թեփեի բարձունք, դա ռազմական բնույթ չուներ, իմ ձեռքին հրացան չկար, ես ռազմական գործողությունների չէի մասնակցում: Ես ուզում էի հասկանալ՝ գործընթացն ինչպես է զարգանում, որքանով է այն կործանարար, վտանգավոր, ինչպիսին կարող են լինել հետագա զարգացումները: Ես ուզում եմ ասել, մենք այդ տարածքը ճանաչում ենք որպես Ադրբեջանի տարածք, ու ՌԴ քաղաքացու տեղաշարժը այդ տարածքով միանգամայն նորմալ է, այն չի գրավվել Հայաստանի կողմից... ես այնքան էլ լավ չհասկացա, թե այն ում ձեռքից ում է գնացել, բայց իրավական տեսանկյունից ես ոչ մի խախտում չեմ արել: Ես և կոնֆերանսի որևէ մասնակից որևէ հակահայկական հայտարարություն չենք արել, դա գիտական կոնֆերանս էր: Ես հայտնվում եմ Քուրդիստանի, Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի սահմաններին, գնում եմ թեժ կետեր, հետազոտում՝ ինչ է կատարվում այնտեղ: Դա իմ կյանքն է, ես իմ աչքերով պետք է տեսնեմ՝ ինչ է կատարվում: Հեշտ է խոսել, առանց մարդկանց տառապանքները տեսնելու, դու չես հպվում պատերազմին անձամբ, այդ դեպքում ամեն ինչ հեշտ է թվում, բայց պետք է ամեն ինչ մոտիկից տեսնես: Իմ ներկայությունն այնտեղ շատ արդարացված է, ոչ մի օրենք չեմ խախտել, ինչո՞ւ պետք է արդարանամ: Ես ասում եմ՝ խաղաղ ճանապարհն այլընտրանք չունի, մարդիկ չպետք է տառապեն, պետք են փոխադարձ զիջումներ, փոխադարձ պարտավորություններ: Արյունը մեծ ողբերգություն է:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում