Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

09 օգոս 2018 14:49

Բարձրացնե՞լ աշխատավարձերն ու թոշակները, թե՞ ոչ

Բարձրացնե՞լ աշխատավարձերն ու թոշակները, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանի կառավարությունը կբարձրացնի՞ արդյոք պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև կենսաթոշակառուների թոշակներն ու նպաստները։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ ընդհանուր աշխատավարձերի բարձրացման մասով կառավարությունը բյուջետային քննարկումների մեջ է:

Ավինյանը, ըստ էության, չբացառեց բարձրացման այդ հնարավորությունը՝ նշելով, որ ընդհանուր աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից։
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ պատկերը դրական է, և եթե տենդենցը նման կերպով շարունակվի, կարծում եմ՝ մոտ ապագայում կարող ենք քննարկել նաև այդ հարցը»,- ասաց:
«Մոտ ապագան» պետք է արդեն շուտով երևա, որովհետև թոշակների ու աշխատավարձերի չափերը պետք է արտացոլվեն 2019 թվականի պետական բյուջեում, որի քննարկումներն արդեն սկսվել են։
Մինչ առաջ անցնելը՝ հասկանանք, թե տնտեսության ինչ տենդենցի մասին էր ասում փոխվարչապետը, և արդյո՞ք այդ տենդենցը կպահպանվի։
Տնտեսության միտումները
Սկսենք տնտեսական ակտիվությունից։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, շարունակում է աճել նախատեսվածից բարձր տեմպով։ Ապրիլ և մայիս ամիսների դանդաղումից հետո՝ հունիս ամսին (2017 թվականի հունիսի համեմատ), տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմեց 9.6%։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակը՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, ունենք 8.9% տնտեսական ակտիվության հավելաճ։ Սա վերջին տարիների կտրվածքով ռեկորդային լավ ցուցանիշ է։ Հիշեցնենք, որ այս տարվա համար ի սկզբանե կանխատեսվում էր 4.5% տնտեսական աճ, և առաջին կիսամյակի դինամիկան հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ տարվա կտրվածքով կունենանք կանխատեսվածից բարձր աճ։

Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտներին (հարկեր և տուրքեր), ապա Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ունենք ոչ միայն նորմալ հավաքագրում, այլև գերակատարում։ Այսպես, ըստ ՊԵԿ տվյալների, այս տարվա հունվար-հունիսին հավաքագրվել են 602.1 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 9.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Միայն 2018 թվականի հունիս ամսին ՊԵԿ-ը հավաքագրել է 150.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, որից 121.5 մլրդ դրամը  հաշվեգրվել է ՀՀ պետական բյուջե՝ որպես հարկային եկամուտներ և պետական տուրք։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի հունիսին պետական բյուջե հաշվեգրվել էր 94.7 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք։
Հիշեցնենք, որ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվում էր հավաքագրել 1 տրլն 248.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2019 թվականի պետական բյուջեն դեռ պատրաստ չի, սակայն 2019-2021 թվականների Միջնաժամկետ ծախսերի ծրագրում կանխատեսում կար, որ բյուջեի հարկային եկամուտները 2019 թվականին կկազմեն 1 տրլն 392.4 մլրդ դրամ։ Այսինքն, եթե 2019 թվականի բյուջեն շատ չշեղվի ՄԺԾԾ-ից, ապա 2019 թվականին հարկային մուտքերը կաճեն մոտ 144 մլրդ դրամով կամ 11.5%-ով։
Ընդհանուր առմամբ, ըստ ՄԺԾԾ-ի, 2019 թվականին պետբյուջեի եկամուտները պետք է կազմեն 1 տրլն 454.1 մլրդ դրամ (146 մլրդ դրամով կամ 11%-ով շատ, քան 2017 թվականին), իսկ պետբյուջեի ծախսերը՝ 1.6 տրլն դրամ (134,8 մլրդ դրամով կամ 9.2%-ով շատ, քան 2017 թվականին)։ 2019-ի տնտեսական աճը, ըստ նույն փաստաթղթի, կկազմի 5.3%։
Հիշեցնենք, այս կանխատեսումները ֆիքսված են դեռ նախորդ կառավարության կողմից մշակված ծրագրում։ Հիշեցնենք նաև, որ ըստ նոր կառավարության՝ հեղափոխության հնարավոր դրական էֆեկտը դեռ արտացոլված չի միջնաժամկետ ծախսերի ծրագրում։ Այսինքն՝ կարելի է հասկանալ, որ կառավարությունը 2019 թվականին ակնկալում է 5.3%-ից բարձր տնտեսական աճ և 11.5%-ից բարձր հարկային մուտքերի աճ (որը կլինի ոչ միայն տնտեսական աճի, այլև ստվերի կրճատման հաշվին)։
Սա բավարա՞ր է, որ կառավարությունը բարձրացնի աշխատավարձերն ու թոշակը։
Մինչև հարցին պատասխանելը՝ մեջբերենք մի հատված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մի հարցազրույցից, որը տվել էր «Ազատություն» ռադիկոկայանին մեկ տարի առաջ՝ 2017 թվականի սեպտեմբերի վերջին, երբ քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեն։ Խոսելով այն մասին, որ 2018 թվականի բյուջեով թոշակների և աշխատավարձերի աճ չէր նախատեսվում, Տիգրան Ավինյանն ասել էր. «Կարծում եմ, որ դա առնվազն անբնական է։ Երբ մեր բյուջեի եկամտային մասն աճում է մոտավորապես 8%-ով, ծախսային մասը՝ 7.6%-ով, գոնե գնաճի հետ պետք է ինդեքսավորել աշխատավարձը։ Այսինքն, կառավարության այս մոտեցումը (աշխատավարձերն ու թոշակները անփոփոխ թողնել.-  Խմբ.) ոչ միայն անհասկանալի է, այլև անբնական է»։ Տիգրան Ավինյանի խոսքերից ստացվում է, որ եթե այս պայմաններում կառավարությունը գոնե գնաճին համարժեք չինդեքսավորի (չբարձրացնի) պետական հատվածի աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները, դա առնվազն անհասկանալի կլինի։
Արժե՞ բարձրացնել աշխատավարձերը, թե՞ ոչ
Իհարկե, պետական հատվածում աշխատավարձերի ու նպաստ ստացողների համար այս հարցը միանշանակ պատասխան ունի՝ այո։ Սակայն ընդհանուր տնտեսության տեսանկյունից դա այնքան էլ միանշանակ չէ։ Որքան էլ չսիրեք ՀՀԿ-ին, ամեն դեպքում, 2017 և 2018 թվականներին բարձր տնտեսական աճի պայմաններում աշխատավարձ ու թոշակ չբարձրացնելը հիմնավորումներ ուներ։ Մոտեցումն այն էր, որ նախ շեշտը պետք է դնել կապիտալ ծախսերի ավելացման վրա, կայուն տնտեսական աճի հիմքեր ապահովել, նոր միայն «արխային» բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։ Բացի այդ, 2016 թվականին գրանցվել էր 1.1% գնանկում, այնպես որ, կառավարությունը կարող էր ասել, որ հասարակության գնողունակությունը չի նվազել։
Ի՞նչ ասել է՝ գնաճին համարժեք ինդեքսավորում։ Սա նշանակում է, որ աշխատավարձերն ու թոշակները պետք է գոնե գնաճին համարժեք աճեն։ Գնաճը, որը թիրախավորում է ԿԲ-ն, 4% ±1.5% է: Այս տարվա հունիսին 12 ամսյա գնաճը 0.9% է՝ ստորին շեմից բավականին ներքև, և այս տարի դժվար թե բարձր գնաճ լինի։ 2017 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%՝ թույլատրելի ստորին շեմին մոտ։
Ընդունենք, որ կառավարությունը հիմք ընդունելով 2017 և 2018 թվականների գնաճը՝ որոշում է «շռայլորեն» ինդեքսավորել  աշխատավարձերն ու թոշակները՝ 5%-ի չափով։ Ի՞նչ կունենանք։
Միջին ամսական կենսաթոշակը կաճի 2 հազար դրամով՝ ներկայիս 40 հազար դրամից հասնելով 42 հազարի։
Պետական հատվածում միջին ամսական աշխատավարձը կաճի 7 հազար դրամով՝ ներկայիս 144 հազար դրամից հասնելով 151 հազար դրամի։
Նպաստի միջին ամսական չափը կաճի մոտ 900 դրամով՝ 17.8 հազար դրամից հասնելով 18.7 հազար դրամի։
Հավելյալ 2000 դրամը կօգնի՞ թոշակառուին հոգալ բոլոր ծախսերը, կամ` աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը կլուծի՞ պետծառայողի խնդիրների գոնե մի մասը։ Դժվար թե, մանավանդ որ, թոշակների և աշխատավարձերի աճը բերելու է գնաճային ճնշումների։
Մյուս կողմից, դա բավականին լուրջ գումար կկազմի պետբյուջեի համար։ Ճշգրիտ հաշվելու համար բավարար տեղեկատվություն չունենք, սակայն մոտավոր հաշվարկներով՝ միայն կենսաթոշակների և նպաստների մասով 5%-անոց ավելացումը 15 մլրդ դրամի հավելյալ ծախս կլինի բյուջեի համար։ Մոտավորապես 10 մլրդ դրամի լրացուցիչ ծախս էլ կստեղծի նաև պետական հատվածի աշխատավարձի ավելացումը։ Այսինքն, մոտավորապես 25 մլրդ դրամի ծախս՝ պետական բյուջեի համար (կրկին ընդգծենք, շատ մոտավոր հաշվարկներով)։
Միգուցե 25 մլրդ դրամն այնքան էլ մեծ գումար չի թվում ընդհանուր բյուջեի ծախսերի մեջ։ Մանավանդ, որ ընդամենը 1,5 ամսում ստվերի դեմ պայքարի արդյունքում մոտ 20 մլրդ դրամ էր վերականգնվել։ Սակայն չպետք է մոռանալ, որ ստվերի դեմ պայքարի արդյունքում բյուջետային մուտքերն ունեն մեկանգամյա էֆեկտ. ստուգեցիր, հայտնաբերեցիր, բռնագանձեցիր՝ և վերջ, հաջորդ տարիներին այդ գումարները չեն լինի։ Սակայն խնդիրը դա էլ չէ։ Պետք է հասկանալ՝ արդյո՞ք այս պահին այդ 25 մլրդ դրամն ավելի էֆեկտիվ տեղաբաշխելու տեղ չկա։
Օրինակ, այսօր նոր կառավարության առջև կանգնած ամենալուրջ խնդիրը կադրերն են ու ցածր աշխատավարձը։ Կողմնակի, ապօրինի եկամուտների մեխանիզմի վերացումից հետո շատ դժվար է որակյալ կադրեր ներգրավել պետական համակարգ կամ պահել եղած կադրերին։ Ընդ որում, այս խնդիրը առավել սուր է պետական կառավարման համակարգի՝ առավել պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց դեպքում։  Եթե գերատեսչության ղեկավար անձնակազմը ստանում է ընդամենը 200-300 հազար դրամ աշխատակազմ, ապա անհնար է հուսալ, որ նա առավոտից երեկո գերծանրաբեռնված ռեժիմով կաշխատի՝ դիմանալով ներքին (կաշառքներ և այլն) և արտաքին (բարձր վարձատրությամբ աշխատանք մասնավոր հատվածում) գայթակղություններին։
Իսկ միգուցե ավելի ճիշտ կլինի այդ 25 մլրդ դրամն ուղղել միայն պետական կառավարման համակարգի աշխատավարձերի կտրուկ բարձրացմա՞նը։ Չէ՞ որ այս փուլում պետական համակարգի պրոֆեսիոնալիզմը չափազանց կարևոր է։ Եթե հետաքրքիր է, ասենք, որ ընդհանուր առմամբ՝ պետական համակարգում աշխատում են մոտ 140 հազար մարդ, որից 19 հազարը՝ պետական կառավարման համակարգում։ 25 մլրդ դրամը, օրինակ, բավարար կլիներ նրանց բոլորի աշխատավարձերը 100 հազարական դրամով բարձրացնելու համար։
Հասկանում ենք, որ սա բավականին նուրբ հարց է և շահարկումների տեղիք կարող է տալ։ Ոմանք կասեն՝ եկած-չեկած՝ իրենց աշխատավարձերն են բարձրացնում։ Սակայն պետական ծառայողներին նորմալ վարձատրելը չափազանց կարևոր է՝ անկախ նրանից, թե քաղաքական որ ուժն է իշխանության ղեկին։
Իդեալական տարբերակը, իհարկե, այն կլիներ, որ և՛ թոշակներն ու ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվեին, և՛ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանցը՝ շատ ավելի զգալի չափով։ Սակայն դրա համար ռեսուրսներ են պետք։ Ամեն դեպքում, սա ընդամենը տարբերակ է, որը կարելի է քննարկել։

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր