Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

08 սեպ 2018 13:45

Մոսկվան Երևանից անկեղծություն է ակնկալում. ԿԿարողանա՞ Փաշինյանը ապացուցել իր հավատարմությունը.«Նեզավիսիմայա գազետա»

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի թղթակից Յուրի Ռոքսն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարելիք այցին, որի նպատակն է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելը:

Աղբյուրը նկատում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո դա կլինի Պուտին-Փաշինյան երրորդ հանդիպումը: Հայտնի է, որ ռուսական կողմն անկեղծ երկխոսության հույս ունի:

«Թե՛ մեր, թե՛ հայկական կողմի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել: Մոսկվան Երևանից անկեղծություն է ակնկալում»,- մեկնաբանելով վաղվա այցը՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ռոքսի համոզմամբ՝ պաշտոնյայի ասածի տողատակերում կարելի է հասկանալ ակնարկն առ այն, որ եթե հայկական կողմը մտադիր է ասել մի բան, բայց անել հակառակը, ապա ավելի լավ է նման քայլի չգնա:

«Հետադարձ հայացք գցելով մի շարք հետխորհրդային պետություններին՝ ակնհայտ է դառնում, որ նրանց կողմից Կրեմլին հիմարեցնելու ցանկություններն ու փորձերը ձախողվել են:

Չի բացառվում, որ ՀՀ վարչապետը հաշվի է առել այս փորձը»,- շարունակում է հոդվածագիրը:
Ռոքսը ենթադրում է, որ բանակցությունների ընթացքում Մոսկվային կհետաքրքրեն հետևյալ հարցերը՝ Երևանի վարած քաղաքական գծի անփոփոխ լինելը, Հայաստանի կողմից Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանների վերանայման հավանականությունը, հայ զինծառայողների ուղարկումը Սիրիա, «VIP անձանց», մասնավորապես՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ միջպետական դաշինքներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնողների նկատմամբ դատական գործընթացները, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Հեղինակը մեջբերում է քաղաքագետ Ալեքսանդ Իսկանդարյանի տեսակետը, համաձայն որի՝ հայ-ռուսական հարաբերություններում տիրող իրավիճակն էականորեն չի տարբերվում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եղած իրավիճակից:

«Փաշինյանը մտադիր է այդ հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնել: Սակայն չեմ կարծում, որ հիմա կարելի է խոսել կտրուկ փոփոխությունների մասին: Ներկայիս իրավիճակը դեռ միառժամանակ կպահպանվի: Մոսկվայում, հավանաբար, կքննարկվի քաղաքականությունը, որը մտադիր է վարել Հայաստանը: Իսկ այդ քաղաքականությունն իշխանափոխությունից հետո միայն հիմա է որոշվում»,-ասել է Իսկանդարյանը:

Մինչդեռ քաղաքական վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի կարծիքով՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ կարող է քննարկվել ոչ թե մասնավորապես ՀՀ վարչապետի, այլ նրա թիմի՝ կարևոր պաշտոններ զբաղեցնող անդամների վարած քաղաքականությունը: Մասնագետն ընդգծել է, որ տվյալ պաշտոնյաները ոչ միայն պրոֆեսիոնալիզմի պակաս ունեն, այլև հակված են քաղաքական ուժի այլ կենտրոններին:

«Կասկած չկա այն հարցում, որ Փաշինյանը ցանկանում է պահպանել Հայաստանի արտաքին քաղաքական գիծը, սակայն նրա շրջապատի մի մասը վարչապետին դրդում է խախտել հավասարակշռությունը»,-մանրամասնել է Պետրոսյանը՝ նկատելով, որ Փաշինյանը գտնվում է իր շրջապատի այն մասի ճնշման տակ, որը Մոսկվայի հետ կոշտ երկխոսության կողմնակից է:

Վերլուծաբանի կարծիքով՝ այս համատեքստում Փաշինյանի ու նրա թիմի տվյալ մասի միջև տարաձայնություններ կարող են առաջանալ հայ զինծառայողներին Սիրիա ուղարկելու հարցի շուրջ: Հայտնի է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս նախորդ իշխանությունների հետ, ու Փաշինյանն այն չի ուզում խախտել: Այնուհանդերձ՝ նրա թիմի արևմտամետ անդամները դրան դեմ են, քանի որ չեն ցանկանում Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնել:

«Փաշինյանի հռետորաբանությունը կասկած չի թողնում այն հարցում, որ նա չի ցանկանում վտանգել ՌԴ-ի հետ հարաբերությունները, սակայն լոկ հայտարարությունները քիչ են»,-շարունակել է Պետրոսյանը՝ ընդգծելով, որ կասկածները վերջնականապես ցրելու համար հարկավոր է երկու պետությունների իշխանական տարբեր ճյուղերի միջև համագործակցություն, որում վերջին շրջանում նկատվում են թերացումներ:

Հոդվածագրի նկատառմանն առ այն, որ ռազմական ոլորտում վերջերս ամեն ինչ այդքան էլ հարթ չէ (նկատի ունի Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանագրի վերանայման վերաբերյալ Հանաստանում հնչած կոչերը), Պետրոսյանը պատասխանել է, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը գիտակցում է տվյալ ռազմաբազայի անհրաժեշտությունը և որ այդ հարցը լուրջ մակարդակով դրված չէ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելուն, ապա վերլուծաբանի կարծիքով՝ նոր իշխանություններն արդեն հասկացել են, որ տվյալ պարագայում հապճեպ են գործել՝ հաշվի չառնելով նրա զբաղեցրած լուրջ պաշտոնն ու միջպետական դաշինքի վարկանիշը գցելու հավանականությունը:

«Դժվար թե նրանք նույն սխալը կրկնեն նաև ԵԱՏՄ-ի դեպքում»,- ասել է Պետրոսյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախկին վարչապետ, ներկայում ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու հավանականությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա Ալեքսանդր Իսկանդարյանը նկատել է, որ նա քաղաքականությունն օգտագործում է քրեական հետապնդումից ազատվելու համար:

«Եթե ինչ-որ մեկը Մոսկվայում պատրաստվում է խաղադրույք անել նրա վրա, ապա դա հեռանկարային չէ, քանի որ Քոչարյանի վարկանիշն այն աստիճան ցածր է, որ նրա հավանական հաջողության մասին խոսելը միամտություն է»,-ասել է Իսկանդարյանը:

Վերջում քաղաքագետն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ նկատելով, որ Փաշինյանը միշտ էլ եղել է Արցախի՝ բանակցային գործընթացի մաս կազմելու կողմնակից:

«Նա այդ մասին միշտ ասել է, իսկ իշխանության գալուց հետո ավելի հաճախ է սկսել խոսել այդ մասին: Սակայն ԼՂ-ին բանակցային գործընթացում ներառելը կախված չէ միայն ՀՀ վարչապետի ցանկությունից»,-եզրափակել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր