Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

10 սեպ 2020 16:15

Այս տրամաբանությամբ մինչև 2019 թվականն աշխատած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պիտի հեռացվեն

Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 7-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով աշխատանքից ազատվել է «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:


«Այդ ենթակետը նշանակում է, որ պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարները իմ մեղքով սահմանված ժամկետի հետ հաշվետու ժամանակաշրջանում չեմ վճարել»,- այս մասին այսօրվա ասուլիսում պարզաբանեց Ամատունի Վիրաբյանը:


«Եթե այս տրամաբանությանը հետևենք, ապա մինչև 2019 թվականն աշխատած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պիտի հեռացվեն, որովհետև օրենքը սահմանել է, որ ՊՈԱԿ-ները պիտի ԱԱՀ վճարեն, սակայն բյուջեով այդ գումարը չի նախատեսվել: Նախատեսվեց միայն 2019 թվականի հունվարի 1-ից: Մեր բյուջեն ավելացրինք 20 տոկոսով, այդ 20 տոկոսը մենք ստանում ենք, հարկը փոխանցում ենք: Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ որ ՊԵԿ-ի հարկայինները եկան ստուգման: Այն ՊՈԱԿ-ներում, որտեղ ստուգել են, այս խնդիրն առաջացել է: Կառաջանա այն բոլոր ՊՈԱԿ-ներում, որտեղ դեռ կստուգեն, քանի որ 2018 թվականը մտնում է ստուգման երեք տարվա ժամկետի մեջ»,- ասաց Վիրաբյանը:
Արխիվի գլխավոր հաշվապահ Վահագն Աբիսողոմյանն էլ վստահեցրեց՝ իրենց ներկայացրած ստուգման ակտը որևէ մեկը չի կարդացել։ Նա պաշտոնապես հայտարարեց, որ ստուգված 3 տարի 7 ամսվա ընթացքում իրենց խախտումը հաշվաահության մեջ կազմել է 186 հազար դրամ։


«Նախարարի հրամանի հիմքում դրված է վերահսկողության պետ Դավիթ Գասպարյանի զեկուցագիրը, որտեղ նշված է, թե ստուգմամբ արձանագրվել է 742 մլն դրամ հարկային պարտավորություն։ Այս պարտավորությունն ամբողջությամբ պետության կողմից վճարվել և մարվել է։ Այս գումարից 721 մլն դրամը վերաբերում է ԱԱՀ-ին։


Նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, թե ԱԱՀ գծով իրենք խնդիր չեն տեսնում, քանի որ բոլոր ՊՈԱԿ-ներն են այս խնդիրն ունեցել։ Սակայն 21 մլն 396 հազար դրամի շահութահարկի պարտավորություն կա ակտում, որն, ըստ իրենց տրամաբանության, առաջացել է պաշտոնատար անձի, այս դեպքում՝ իմ կամ Վիրաբյանի մեղքով», - ասաց նա։


Ամատունի Վիրաբյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանն էլ շեշտեց, որ իր մոտ տպավորություն է, թե արարադատության նախարարը կամ ամբողջական չի ուսումնասիրել նյութերը, կամ իրեն սխալ են զեկուցել։


Նա նշեց, որ նախկինում արխիվը գտնվում էր տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաշվեկշռում, այժմ՝ արդարադատության. «Ստացվում է, որ այն ժամանակ պաշտոնատար անձը, որն իրավասու էր դադարեցնելու պարոն Վիրաբյանի լիազորությունները, չի կայացրել նման որոշում, գտնելով, որ խախտում չկա։ Ստացվում է, որ արդարադատության ներկայիս նախարարը, չունենալով լիազորություն նախկին գործողությունների համար, կայացնում է ոչ իրավաչափ հրաման»։


Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ որոշումը վիճարկելու են դատական կարգով։ «Անհասկանալի է, սա անձի դեմ էր ուղղված, թե ուղղակի այդպիսի իրավական որոշում կար։ Սա ավելի նման է անձին ուղղված որոշումներին, քանի որ նույն իրավիճակն այլ ՊՈԱԿ-ներում է, և որևէ մեկին աշխատանքից չեն ազատել», - եզրափակեց խոսքը փաստաբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր