ԱՄՆ-ն հազիվ թե թույլ տա Իրանի միջամտությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին

Ուրեմն ի՞նչ անել կարգավորման իրանական նախագծի հետ։ Ի դեպ, իրանական դիվանագիտության իրական դրդապատճառները երկար փնտրել պետք չէ։ ԵՊՀ Իրանագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանն այսօր ակտիվորեն փորձում են խախտել հակամարտության կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Բանակցությունների սեղանի շուրջ իր համար տեղ ձեռք բերելու Թուրքիայի ձգտումն էլ հենց այդ ձևաչափը փոխելու փորձ է։
«Այդ ֆոնին Իրանը, իբրև տարածաշրջանի առանցքային խաղացողներից և Թուրքիայի մրցակիցներից մեկը, ինչպես նաև որպես Արցախի հետ սահմանակից երկիր, պարզապես չի կարող հեռու մնալ այս գործընթացներից։ Հենց այստեղ է պետք փնտրել հակամարտության կարգավորման իրանական առաջարկների արմատը։ Թեհրանը նույնպես ուզում է ներգրավված լինել բանակցային գործընթացում»,-ասաց Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։
Նա գրեթե համոզված է, որ Իրանի ակտիվության հիմնական հասցեատերը շարունակում է մնալ Թուրքիան։ Գոյություն ունի ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք, որին Հայաստանում պետք է ուշադրություն դարձնեն։ Թեև Թեհրանի առաջարկներում խոսվում է խաղաղության հաստատման հիմնարար ծրագրի մասին, առաջնային խնդիրը հրադադարի հաստատումն է, ինչը բխում է նաև Հայաստանի շահերից։ Իրանը, ինչպես և Հայաստանը, շահագրգռված է Սիրիայից տեղափոխված ահաբեկիչներին իր մատույցներից հեռացնելու հարցում։ Ոսկանյանը իրանցի դիվանագետների պնդումներում նաև «հայանպաստ» տարրեր է տեսնում տարածաշրջանում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման վերաբերյալ։
«Մենք չպետք է մոռանանք Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ նպատակների մասին՝ միջանցք բացել Մեղրու միջով և ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար մարզի միջև։ Ամեն դեպքում, նման հռետորաբանություն առկա է։ Եվ հասկանալի է, որ դա ուղիղ սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Եվ երբ Թեհրանում խոսում են այդ սկզբունքի մասին, նկատի ունեն նաև այն, որ այստեղ վճռականորեն դեմ են տարածաշրջանի քարտեզը փոխելու` Անկարայի և Բաքվի բոլոր փորձերին»,-ասաց Ոսկանյանը։
Նա կարծում է, որ առաջարկների տարբեր կետեր կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։ Հայկական կողմն այս համատեքստում պետք է շեշտը դնի այն կետերի վրա, որոնք իրեն ձեռնտու են։
Մինչդեռ, ինչպես կարծում է քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը, ԱՄՆ-ն հազիվ թե թույլ տա Իրանի միջամտությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին:
«Վաշինգտոնը չի ընդունի Թեհրանի ոչ մի առաջարկ, որը համաձայնեցված չէ իր հետ։ Այդ երկրները միմյանց հետ կատաղի մրցակցության մեջ են։ Եվ այդ մրցակցությունը տարածվում է նաև ղարաբաղյան կարգավորման վրա»,-Sputnik Արմենիային ասաց Սարգսյանը։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ամերիկյան կողմից Իրանի դիվանագիտական ակտիվությանը որևէ հրապարակային արձագանք չի եղել։