Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո արյան հազվադեպ հիվանդություն են գրանցել

Հունվարի վերջին Vaccine Adverse Event Reporting System (VAERS) համակարգում գրանցվել էր թրոմբոցիտների քանակի նվազման 32, թրոմբոցիտոպենիայի 14 եւ իմունային թրոմբոցիտոպենիայի 11 դեպք այն մարդկանց մոտ, ովքեր Pfizer-ի կամ Moderna-ի արտադրած պատվաստանյութեր էին ստացել ԱՄՆ-ում: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում պացիենտներն արդեն կորոնավիրուսի դեմ ավելի քան 43 միլիոն չափաբաժին պատվաստանյութ են ստացել:
Ինչպես հայտնում է Newsweek.com-ը, անցյալ ամիս Ֆլորիդայում տղամարդը մահացել էր այն բանից հետո, երբ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց օրեր անց նրա մոտ թրոմբոցիտոպենիա էր զարգացել: Բացի այդ, Մայամիից 56-ամյա Գրեգորի Մայքլի մոտ Pfizer-BioNTech պատվաստանյութի ներարկումից մի քանի օր անց ի հայտ էին եկել այնպիսի խանգարման ախտանիշեր, որը կոչվում է իդիոպատիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա (ԻԹՊ): Նա մահացել էր երկու շաբաթ անց՝ գլխուղեղում արյունազեղումից:
Ի՞նչ է թրոմբոցիտոպենիան
Թրոմբոցիտոպենիան հազվագյուտ հիվանդություն է, որի դեպքում արյան մեջ թրոմբոցիտների քանակը նվազում է: Թրոմբոցիտները իրենցից ներկայացնում են բջիջներ, որոնք անհրաժեշտ են թրոմբների առաջացման համար՝ գործընթաց, որն անհրաժեշտ է վնասված տեղից արյունահոսությունը կանխելու համար:
Թրոմբոցիտների աջակցության ասոցիացիայի (PDSA) տվյալներով՝ ԱՄՆ-ում մոտ 100 000 մարդ տառապում է այդ հիվանդությամբ:
Ի՞նչն է առաջացնում թրոմբոցիտոպենիա
Թրոմբոցիտոպենիան կարող է փոխանցվել ժառանգաբար: Սակայն հիվանդությունը կարող է զարգանալ նաեւ վարակի, հիվանդության կամ դեղամիջոցների նկատմամբ ոչ պատշաճ իմունային պատասխանի հետեւանքով Այս դեպքում խոսքը իմունային թրոմբոցիտոպենիայի կամ իդիոպատիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի մասին է: ԻԹՊ-ն ստիպում է արյան սպիտակ բջիջներին, որոնք ստեղծում են վարակի դեմ պայքարող հակամարմիններ, հարձակվել հիվանդի սեփական թրոմբոցիտների վրա:
Թրոմբոցիտոպենիայի ախտանիշները
Թրոմբոցիտոպենիայի ախտանիշները ներառում են մաշկի տակ գտնվող արյունահոսող հատվածների կապտուկներ, հարթ կարմիր բծեր եւ կղանքի կամ մեզի մեջ արյան առկայություն: Սակայն այս ախտանիշները կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ թրոմբոցիտների քանակը իջնում է վտանգավոր ցածր մակարդակի:
Թրոմբոցիտների նորմալ քանակը տատանվում է 150 000-ից 450 000 թրոմբոցիտների միջեւ՝ մեկ միկրոլիտր արյան մեջ, իսկ հիվանդության ախտանիշները կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ թրոմբոցիտների քանակը մեկ միկրոլիտրի մեջ ընկնում է 10 000-ից ցածր: Այս դեպքում արյունահոսությունը կամ կապտուկը կարող են առաջանալ առանց ակնհայտ պատճառի: