Իսրայելը եթե որոշի իրականացնել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու իր սպառնալիքները, «ապա կտեսնեն՝ սիոնիստական ռեժիմից որևէ բան կմնա՞, թե՞ ոչ»

Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռաիսին նշել է, որ Իսրայելն ի սկզբանե չէր ցանկանում, որ Իրանը ձեռք բերի միջուկային տեխնոլոգիա, «սակայն այդ գիտելիքը մեր երկրի համար ազգային է դարձել, և այն չի կարող խլվել մեզանից»։
Ռաիսին ասել է, որ եթե Իսրայելը որոշի իրականացնել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու իր սպառնալիքները, «նրանք կտեսնեն՝ սիոնիստական ռեժիմից որևէ բան կմնա՞, թե՞ ոչ»:
Անդրադառնալով Իրանի 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրին վերադառնալու հարցում Արևմուտքին հետ մղելու Իսրայելի ջանքերին, Ռաիսին նշել է, որ Իսրայելի ջանքերն ի վերջո ապարդյուն կանցնեն:
Իրանի նախագահի խոսքով՝ «իրանցի միջուկային գիտնականների սպանությունը, բազմաթիվ դիվերսիոն գործողությունները միջուկային ծրագրի դադարեցման համար էին:
Իսրայելն ուզում էր կանգնեցնել մեզ, բայց մենք կանգ չառանք. Նրանք մեզ չեն կանգնեցնի և չեն կարող մեզ հետ պահել այս բացարձակ իրավունքից», - շեշտել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ նախօրեին հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը, մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հնարավոր վերականգնման շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին և հետախուզությանը՝ «Մոսադ»-ին, հանձնարարվել է պատրաստվել Իրանի վերաբերյալ ցանկացած սցենարի։
«Իսրայելի պաշտպանության ուժերը և «Մոսադ»-ը հրահանգներ են ստացել մեզնից՝ պատրաստվելու ցանկացած սցենարի, մենք պատրաստ կլինենք գործել Իսրայելի անվտանգությունը պահպանելու համար։ Սա հասկանում են ամերիկացիները, սա հասկանում է ողջ աշխարհը, սա պետք է իմանա նաև Իսրայելի հանրությունը»,- գրել էր վարչապետը Twitter-ի իր էջում։
Լապիդը ևս մեկ անգամ ընդգծել էր, որ Իսրայելը դեմ է ԳՀՀԾ-ի ներկայիս տեսքով վերականգնմանը։
«Այն վատ համաձայնագիր է, այն արդեն վատն էր, երբ ստորագրվեց 2015 թվականին, այսօր դրանից բխող վտանգներն ավելի են մեծացել։ Այն մոտ է ավարտման ժամկետին, իսկ Իրանը տեխնոլոգիաների զարգացման առումով այլ վիճակում է»,- ասել էր նա։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ իր երկրի գլխավոր առաջնահերթությունն ի սկզբանե եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքին դեմ հանդես գալը:
«Մեր քաղաքական ուղղությունն առաջին իսկ օրվանից՝ պայքարել այս համաձայնագրի դեմ մեր ողջ ուժով, բայց չվնասելով ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական հարաբերություններին»,- ասել է Լապիդը։
Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։
Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։
Ուրբաթ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելն ավելի մոտ է, քան երբևէ։ Նույն օրը Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում։
Իսրայելի իշխանությունները բազմիցս դեմ են արտահայտվել Իրանի հետ նոր գործարքին: Նա բազմիցս ընդգծել է, որ Իսրայելը Թեհրանի հետ հնարավոր համաձայնագիրը չի համարի իրավաբանորեն պարտավորեցնող և կշարունակի ամբողջ ուժով դեմ լինել Թեհրանի միջուկային ծրագրին, նույնիսկ եթե նոր գործարք կնքվի: