Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 հոկ 2022 14:02

Պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ-ն ռուսական կողմի հետ Արցախ կանոնավոր զորք ուղարկել-չուղարկելու հարց չի քննարկել. փաստորեն, ՊՆ-ն հերքում է Արամ Սարգսյանի հայտարարությունները

Սեպտեմբերի 17-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետևյալ հարցադրումներով.


1. «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը լուրջ գումարներ է վճարել Ռուսաստանին, բայց նա հրաժարվել է մեզ զենք մատակարարել:


Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը: Եթե նման բան եղել է, այդ զենքի մատակարարման պայմանագրերը կնքվել են գործո՞ղ իշխանության օրոք, թե՞ նախկին իշխանությունների ժամանակ կնքված պայմանագրերը չեն կատարվել:  Եվ երկրորդ՝ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակաշրջանի՞ն է դա վերաբերում:


2. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը որոշակի պայմանավորվածություններ էր ձեռք բերել սպառազինության մատակարարման հետ կապված, ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն անգամ նրան դաշույն նվիրելիս ասել էր՝ «կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»: Արդյոք այս պայմանավորվածությունները գործնական փուլ տեղափոխվե՞լ են:


3. Ա1+»-ին տված հարցազրույցում Արամ Սարգսյանը նաև հայտարարել էր, որ «ՌԴ-ն արգելել է Հայաստանին կանոնավոր զորք ուղարկել Արցախ, այլապես կռմբակոծվի Երևանը», դրա համար, ըստ նրա, ՀՀ-ից հիմնականում մոբ է գնացել: Արդյոք եղե՞լ է նման պահանջ ՌԴ-ի կողմից պատերազմի օրերին: Բացի այդ, Արամ Սարգսյանի պնդմամբ, չի գործել նաև Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ միացյալ համակարգը:


4. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ի՞նչ հաճախականությամբ է եղել Արցախում, ի՞նչ տեսակ մասնակցություն է ունեցել, եղե՞լ է հրամանատարական կետում, ե՞րբ և քանի՞ անգամ: Տարբեր տեղեկությունների համաձայն, Սուրեն Պապիկյանը մշտապես եղել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մոտ, հրամանատարական կետում:


5. Պատերազմից հետո երբևէ այցելե՞լ է Արցախ ՀՀ պաշտպանության նախարարը:


Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ Պաշտպանության նախարարությունը ի պատասխան մեր հարցերի՝ պատասխան-գրություն է ուղարկել, որում ասվում է.


«Ի պատասխան Ձեր՝ 17.09.2022 գրության, հայտնում ենք, որ Պաշտպանության նախարարությունում ուսումնասիրվել է Ձեր հարցումը:


ՀՀ կառավարության 13.09.1998 N 173 որոշմամբ հաստատված ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի 3-րդ գլխի 19-րդ կետը սահմանափակում է առաջին հարցադրումով Ձեր պահանջած տեղեկատվության հրապարակայնացումը:


Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը և ՍՌՏ ձեռքբերումներն իրականացվում են պլանային կարգով:


Երրորդ հարցի առնչությամբ հայտնում ենք, որ 2020-ի ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը ռուսական կողմի հետ նման հարց չի քննարկել:


Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զբաղեցրել է պետական այլ պաշտոն»:


Փաստորեն, ՊՆ-ն հերքում է Արամ Սարգսյանի հայտարարությունները:


Նշենք, որ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հարցին՝ «Դուք տեսե՞լ եք բունկերում Սուրեն Պապիկյանին», պատասխանել էր, թե չի տեսել, հետո հավելել էր. «Մի ինչ-որ ժամանակ մտել ու դուրս է եկել, ինքը շատ երկար ժամանակ եղել է Արցախում» և «կանոնակարգել է կառավարության գործունեությունը Արցախում»:


Հավելենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստին՝ չլինելով ԱԽ խորհրդի անդամ: Նա այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր:


Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ հրամանատարական կետում եղել են պատահական մարդիկ և ռազմական ոլորտը չներկայացնող պաշտոնյաներ, այդ թվում՝ ռազմական օպերացիաների քննարկմանը:


Աղբյուր՝ 168.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր