Քըլըչդարօղլուին «քաղաքական դիակ» կդարձնեն,Թուրքիան «կթաղի» Քըլըչդարօղլուին քվեաթերթիկներով. Էրդողանը կընդունի՞ իր պարտությունը

«Իմ ազգը չի տա այս երկիրը նրան, որը նախագահ է դառնում Քանդիլի աջակցությամբ»,- Անկարայում հայտարարել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իրաք-Իրան սահմանին գտնվող Քանդիլի լեռները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնական հենակետն են։
Նախօրեին Էրդողանը հետ է կանգնել իր հայտարարությունից՝ ասելով, որ իր ազգը թույլ չի տա, որ Քանդիլի աջակցությամբ ինչ-որ մեկը նախագահ դառնա:
Էրդողանը և նրա կողմնակիցները հաճախ ընդդիմությանը մեղադրում են PKK-ի հետ կապերի մեջ։ Նրանք հատկապես թիրախավորում են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP), որն արմատներ ունի քրդական շարժումից։
Քեմալ Քըլըչդարօղլուն, որի Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) գլխավորում է վեց կուսակցություններից բաղկացած հիմնական ընդդիմադիր դաշինքը, ըստ հարցումների՝ ընտրություններում առաջ է անցնում Էրդողանից:
Թուրքիայի գործող նախագահի մեկնաբանությունները հաջորդել են ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլյուի հայտարարություններին, երբ նա ընտրությունները որակել էր որպես «Արևմուտքի քաղաքական հեղաշրջման փորձ»:
HDP-ի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն բողոք է ներկայացրել Սոյլուի դեմ՝ նրա մեկնաբանությունների պատճառով։ Նա նշել է, որ «ակնհայտ է, որ Սոյլուն գնահատում է, որ մայիսի 14-ի ընտրությունները քաղաքական հեղաշրջման փորձ կլինեն, եթե գործող նախագահը պարտվի նախագահի մեկ այլ թեկնածուի նկատմամբ»:
ԱԶԿ-ի քաղաքական դիսկուրսը, որը երկար ժամանակ քննադատվում է թուրքական հասարակության բևեռացման համար, ավելի բռնի երանգ է ստացել ընտրությունների օրվա մոտենալուն պես՝ մտավախություն առաջացնելով, որ նման լեզուն կարող է ֆիզիկական հարձակումների հանգեցնել:
Մասնավորապես, անցյալ ուրբաթ Ստամբուլի Սուլթան Ահմեթ մզկիթում ելույթ ունենալիս Էրդողանն ասել էր, որ ընտրողները Քըլըչդարօղլուին «քաղաքական դիակ» կդարձնեն:
Անթալիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլ հայտարարել էր, որ Թուրքիան «կթաղի» Քըլըչդարօղլուին քվեաթերթիկներով։ Քաղաքական բռնության վախերը շատ իրական են մի երկրում, որտեղ շատերը հիշում են 1970-ականների ավարտը, երբ հազարավոր մարդիկ սպանվեցին «քաղաքական ավազակախմբերի» կողմից: 2015 թվականի հունիսին կայանալիք ընտրություններից առաջ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Դիարբեքիրում, HDP-ի հավաքի ժամանակ ռմբակոծություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր առնվազն չորս, վիրավորվել՝ հարյուրավոր մարդիկ։
Ընթացիկ քարոզարշավի ընթացքում էլ մինչ այժմ տասնյակ հարձակումներ են եղել բազմաթիվ քաղաքական կուսակցությունների գրասենյակների, մեքենաների և պաշտոնյաների վրա, բարեբախտաբար, առանց մարդկային կորուստների կամ վիրավորների։
Թուրքական սփյուռքի քվեարկությունը նույնպես ուղեկցվել է բռնությամբ: Արտերկրում բնակվող մոտ 3,4 միլիոն ընտրողներ սկսել են քվեարկել անցյալ հինգշաբթի օրվանից։
Ֆրանսիայում երկուշաբթի Մարսելի ընտրատեղամասում բախումներ են տեղի ունեցել մրցակից ընտրողների միջև, ինչի հետևանքով ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, չորս մարդ հոսպիտալացվել է։