Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

03 հուն 2021 13:31

Արդեն ծայրաստիճան վտանգավոր է.շատ զինծառայողներ հիասթափված են ու պատրաստվում են զեկուցագրեր գրել ՝դուրս գալու Զինված ուժերից

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի դիրքերից մեկում հունիսի 2-ին Ադրբեջանի կողմից հերթական սադրանքն է տեղի ունեցել։ Թշնամու զինվորները հարձակվել են հայ զինվորների վրա, որի հետևանքով, ըստ Պաշտպանության նախարարության՝ 2 հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։


Ի դեպ, մինչ ՊՆ-ն պաշտոնապես կհաստատեր այս լուրը, համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ միջադեպի ընթացքում ոչ թե 2, այլ 12 զինծառայող է տուժել։


168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով գրանցված միջադեպին՝ նկատեց՝ իրականում սա ոչ թե մտահոգիչ, այլ ծայրաստիճան վտանգավոր է, և վտանգավոր է ոչ միայն ՀՀ զինված ուժերի անձնակազմի անվտանգության, այլև առհասարակ այդ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի համար։
«Այս ամենը կարծես թե դառնում է օրինաչափություն, երբ մի քանի օրը մեկ նման գործողություններ են լինում, թշնամին գալիս՝ սադրանքներ է հրահրում, մեքենա է ձորը գլորում, վրանները քանդում, զինաթափում, գերի տանում և այլն։ Սա արդեն ոչ միայն վտանգ է ներկայացնում տվյալ դիրքում կանգնած զինվորի կյանքի, այլև նրա բարոյահոգեբանական վիճակի համար։ Ես այստեղ վտանգավոր միտումներ եմ նկատում։ Օրինակ, արդեն բազմաթիվ զինծառայողներ կան, որոնք ինձ հետ զրույցի ընթացքում ասել են, որ հիասթափված են ու պատրաստվում են զեկուցագրեր գրել ու դուրս գալ Զինված ուժերից, սրա դեմն առնել է պետք։ Քողարկիչ հերթական հայտարարություններով չպետք է մտածել, որ եղած հարցը լուծվել է, սա մեզ համար շատ լուրջ խնդիր է դառնալու»,- նշեց  Կարեն Հովհաննիսյանը։


Նրա խոսքով՝ հիմա սահմանում ամեն ինչ հնարավոր է․ այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, շատ մոտ են բնակավայրերին, և չի բացառվում, որ մի օր էլ, օրինակ, ադրբեջանցիները հայտնվեն բնակավայրերում և պահանջեն, որ բնակիչները դրանք լքեն։
«Եթե մենք փորձում ենք այս տեսակ քաղաքականություն վարել, ապա հայ-ադրբեջանական սահմանին որևէ բան բացառել պետք չէ։ Հիմա մեր ներքին քաղաքական դաշտում այնպիսի տպավորություն է, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել, և այն, ինչ տեղի է ունենում՝ օրինաչափ է։ Այս առումով բավականին տագնապալից են այն մեսիջները, որոնք գալիս են, և բավականին խնդրահարույց են մեր հետագա գործողություններն այդ տարածքներում»,- հավելեց Կ. Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ թշնամին Գեղարքունիքում հետապնդում է այն նույն նպատակը, ինչ Սյունիքի մարզում, քանի որ ցանկանում են երկու հատվածներից գոնե մեկով հասնել հաջողության։ Այսինքն՝ Գեղարքունիքով-Վայոց ձորով հասնել Նախիջևան։
«Թշնամին միայն այստեղ չի կենտրոնացել, նա նաև փորձ է կատարում՝ հնարավոր սահմանազատման և սահմանագծման այդ պայմանագրի ստորագրման դեպքում պայման առաջ բերեն, թե եթե այդ հատվածներից հետ են գնում, ապա այն ճանապարհները, որոնք Տավուշի մարզում հնարավոր է անցնեն հայկական կողմի վերահսկողության տակ, պետք է թողնենք իրենց։ Եթե տեղի ունենա սահմանագծում և սահմանազատում, ապա Տավուշի մարզում այն գյուղերը, որտեղ ժամանակին ապրել են ադրբեջանցիներ, արժանանալու են Շուռնուխի ճակատագրին։ Կարծում եմ՝ իրականացվում է շատ հեռանկարային գործողություն, որը, ցավոք, հայկական կողմից որևէ արձագանքի չի արժանանում»,- շեշտեց նա
Ըստ փորձագետի՝ Պաշտպանության նախարարության լրատվական բաժնի ամենամեծ բացթողումն է, երբ ճիշտ ժամանակին հանրությանը պատշաճ տեղեկտվություն չի տրամադրում, որի հետևանքով էլ հայկական տիրույթի մեդադաշտ է ներթափանցում թշնամական կողմի տեղեկատվությունը։


«Ինձ հասած տեղեկություններով, նույնիսկ, երբ եղած միջադեպի մասին թշնամին չէր հայտարարել, և լրագրողական  համայնքն անընդհատ փորձել է կապ հաստատել ՊՆ լրատվական ծառայության հետ, զանգերի չեն պատասխանել։ Այսինքն՝ ստացվում է՝ ՊՆ լրատվական ծառայությունն իր գործառույթները չի կատարում և շրջանառվող լուրերին ո՛չ հաստատող, ո՛չ հերքող տեղեկատվություն չի տալիս, որպեսզի հայաստանյան լրատվամիջոցները դրան հղում տան։  Չեմ ուզում մտածել, որ այս ամենը միտումնավոր է արվում, որպեսզի տեղեկատվությունն ադրբեջանական կողմից գա, սակայն ամեն դեպքում սա ևս բացթողում է»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 27-ին թշնամին սահմանի նույն հատվածից գերեվարել էր 6 հայ զինծառայողի։ Նրանց հայրենիք վերադարձնելու վերաբերյալ մինչ օրս որևէ առաջընթաց չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր