Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian          Տեսանյութ. Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

10 նոյ 2022 11:10

ՀՀ-ի, ՌԴ-ի և Իրանի շահերը սկզբունքային հարցերում համընկնում են, իսկ թե ինչու հայկական կողմը իր օգտին չի օգտագործում այս հանգամանքը՝ հակառակորդի ախորժակը զսպելու և հայ-ռուս-իրանական համագործակցության ձևաչափ ստեղծելու համար...

«Փաստ» օրաթերթը գրում է


Արցախյան 44-օրյա պատերազմից երկու տարի անց Ադրբեջանը շարունակում է հանցագործ վարք դրսևորել։ Դա, իհարկե, նորություն չէ. Ադրբեջանը միշտ էլ եղել է կեղծարար ու հանցագործ պետություն: Ավելին, դա Ադրբեջանի նախագահի համար նույնիսկ հպարտանալու և ագրեսիվ հռետորաբանությունը զարգացնելու առիթ է։ Օրերս Շուշի այցելության ժամանակ Ալիևը պարզապես խոստովանում էր Ադրբեջանի՝ ագրեսոր լինելու փաստը։ Նա նշում է. «Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը»։ Մյուս կողմից էլ՝ «մինիսուլթանը» պարզապես ընդունեց Հայաստանի տարածք ներխուժելու փաստը՝ հայտարարելով, թե սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները «պետք է դաս լինեն Հայաստանի համար»։


Փաստացի Ադրբեջանի նախագահը ուղղակի ինքնախոստովանական ցուցմունք է տալիս և շարունակում հոխորտալ Հայաստանի հասցեին, իսկ միջազգային հանրությունը շարունակում է խուլ-կույր-համր ձևանալ, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները և միջազգային իրավական կարգավորումներն էլ կիրառվում են երկակի չափանիշներով։ Հատկապես տարակուսելի է Եվրոպայի արձագանքը, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ ԵՄ-ն, որը հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանության «առաջամարտիկի» դիրքերից ու նույնիսկ միջնորդական ջանքեր է փորձում գործադրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, անցնում է ջայլամային քաղաքականության, երբ գործը հասնում է Ադրբեջանի հանցագործություններին արձագանքելուն։


Փաստացի, Եվրոպան, հանուն ադրբեջանական գազի, հրաժարվում է իր որդեգրած հիմնական սկզբունքներից ու մի քանի ձևական նախաձեռնություններից (օրինակ՝ մի քանի տասնյակ դիտորդ ՀՀ-ի սահմաններ ուղարկելուց) հետո համարում է, թե անհրաժեշտ քայլեր ձեռնարկել է։ Ու ընդհանրապես, որևէ քայլ չի արվում հանցագործություններով հպարտացող բռնապետ Ալիևի նկատմամբ պատժամիջոցների սահմանման ուղղությամբ։ Եվ սա է պատճառը, որ նույնիսկ Եվրախորհրդարանի տարբեր պատգամավորներ, եվրոպական գործիչներ ու իրավապաշտպան կազմակերպություններ (ցավոք, սահմանափակ թվով) իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և քննադատում են Ադրբեջանի նկատմամբ Եվրահանձնաժողովի դիրքորոշումը։ Պարզ է, որ անպատժելիությունը ճանապարհ է բացում նաև հետագա հանցագործությունների իրագործման համար։ Եվ Ալիևի ելույթի տրամաբանությունը հուշում է, որ նոր ագրեսիան ամենևին բացառված չէ։


Պատահական չէ, որ Ալիևը հատուկ շեշտում է, թե ադրբեջանական զինված ուժերը ռազմավարական բարձունքներ են վերցրել և վերևից հսկում են ՀՀ մի շարք բնակավայրեր։ Բայց նույնիսկ նոր ագրեսիայի բացահայտ սպառնալիքի պայմաններում միջազգային հանրության ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի որոշ գործընկերներ Ադրբեջանին ոչ միայն շնորհավորում են 2 տարի առաջ ձեռք բերած հաղթանակի ու Արցախի տարածքների բռնազավթման կապակցությամբ, այլև իրենց դիրքորոշմամբ արդարացնում են նաև Բաքվի հետագա հանցագործությունները։ Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Շուշիում Ալիևի հայտարարությունները Բաքվի համար մի շարք խնդիրների առկայության մասին են վկայում։ Ադրբեջանի նախագահը հակահայկական հոխորտանքներին զուգահեռ խոսեց նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչպես նաև հակաիրանական ձևակերպումներ հնչեցրեց։ Նա Իրանին անուղղակիորեն մեղադրեց կեղծավորության և Հայաստանին աջակցելու մեջ։


Պարզ է, որ Իրանը լուրջ մտավախություններ ունի «Զանգեզուրի միջանցքի» մասով, քանի որ այդ պանթուրքական նախագծի իրականացման միջոցով Իրանը քայքայելու ծրագիրը կարող է գործի դրվել։ Իսկ ՌԴ-ի մասով Ալիևի ուղերձը խաղաղապահների ժամանակավոր լինելու մասին էր, ինչը ևս զուգահեռվում է ադրբեջանական լրատվականների կողմից հակառուսական շեշտադրումների հետ, երբ հատուկ ընդգծվում է, թե 2025 թվականին Ղարաբաղում ոչ մի ռուս զինվոր չի լինելու։ Իսկ եթե ռուսները դուրս են գալիս Արցախից, ապա դա ոչ միայն հումանիտար աղետ է ստեղծում արցախահայության համար, այլև ՌԴ-ն զրկվում է Ադրբեջանի վրա կարևոր ազդեցության լծակից և այդ երկիրն ամբողջությամբ հանձնում է Թուրքիային՝ հետագայում Հարավային Կովկասը ևս հանձնելու հեռանկարով։


Ստացվում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի շահերը սկզբունքային հարցերում համընկնում են, այլ հարց է, թե ինչու հայկական կողմը իր օգտին չի օգտագործում այս հանգամանքը՝ հակառակորդի ախորժակը զսպելու և հայ-ռուս-իրանական համագործակցության ձևաչափ ստեղծելու համար։ Միգուցե ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզո՞ւմ...






Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր