Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

21 մար 2023 11:43

Ահա թե ինչու ՌԴ խաղաղապահները չեն բացում Լաչինի միջանցքը. կայուն լարվածությունը կպահպանվի և այն մերթընդմերթ կարող է սրվել ոչ միայն ԼՂ-ում, այլև ՀՀ սահմանների երկայնքով

Ադրբեջանը 100 օր է՝ փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը ՝ Լաչինի միջանցքը։ Միջազգային հանրության կոչերը, դատապարտող հայտարարությունները, ընդունած բանաձևերը և Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, որևէ արդյունք չեն տվել, ընդհակառակը՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել և սրել իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմանի երկայնքով։


Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է քաղաքագետ, Ռուսաստանի Պրիմակովի անվան գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլով հետ։ Քաղաքագետի հետ զրուցել ենք հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների գործունեության, Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։


Ալեքսանդր Կռիլովը նշել է, որ, թեև միջազգային հանրությունը բարոյապես դատապարտում է Լաչինի միջանցքը փակումը, սակայն դեռևս անհասկանալի է, թե ինչ մեխանիզմներ կարող են օգտագործվել այն բացելու համար։ Քաղաքագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահները չունեն ոստիկանական գործառույթներ իրականացնելու մանդատ, որի հետևանքով ստեղծվել է բարդ իրավիճակ, ինչից տուժում է խաղաղ բնակչությունը։


Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ ներկա փուլում արտաքին խաղացողները կարող են իրենց պայմանները թելադրել հակամարտող կողմերին, մասնավորապես Ադրբեջանին և Թուրքիային, որոնք հանդես են գալիս միասնական ճակատով։ Դրա հետևանքով կայուն լարվածությունը տարածաշրջանում կպահպանվի և այն մերթընդմերթ կարող է սրվել ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանի սահմանների երկայնքով, սակայն այն չի վերածվի լայնամասշտաբ պատերազմի։


Կռիլովի կարծիքով՝ Ադրբեջանը հաջողությամբ կիրառում է «սալյամիի մարտավարությունը»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի մոտ դա ստացվում է, իսկ Հայաստանը դեռ կարող է դրան հակադրել միայն այդ ռազմավարության դեմ արդյունավետ հակադարձմամբ, բայց շեշտում է, որ դրա համար անհրաժեշտ են համապատասխան զինված ուժեր։


Խոսելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Ռուսաստանի դերի մասին՝ զրուցակիցն ընդգծել է, որ պետք չէ Ռուսաստանի հնարավորությունները գերագնահատել` ընդգծելով, որ ռուսական դիվանագիտությունն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ Քաղաքագետը հույս է հայտնել, որ ինչպես Մոսկվայի, այնպես էլ արևմտյան երկրների կողմից ճնշումները, ինչպես նաև Հայաստանի կողմից ավելի ակտիվ դիվանագիտությունը կարող են խաղաղ գործընթացում առաջընթացի հանգեցնել։


-Պարոն Կռիլով, Ադրբեջանը արդեն 100 օր փակ է պահում Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը ՝ Լաչինի միջանցքը, ինչն այնտեղ առաջացրել է հումանիտար ճգնաժամ։ Չնայած միջազգային կոչերին, քննադատություններին և բոլորովին վերջերս Արդարադատության միջազգային դատարանը կայացրած որոշմանը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, մարդկանց, բեռների ազատ տեղաշարժը, Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկում Լաչինի միջանցքը բացելու համար, ընդհակառակը ՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի։


-Հասկանալի է, որ միջազգային հանրության կողմից բարոյական դատապարտում է տեղի ունենում, բայց խնդիրն այն է, որ պարզ չէ, թե ինչպիսին կարող է լինել Լաչինի միջանցքի ապաշրջափակման մեխանիզմը, որովհետև արևմտյան գործընկերները սահմանափակվում են դատապարտմամբ։ Ռուսաստանը հակամարտության գոտում ունի խաղաղապահ զորակազմ, սակայն այդ զորախմբի մանդատը չի նախատեսում ոստիկանական գործառույթների իրականացում։ Եվ այստեղ ադրբեջանական ղեկավարությունը օգտվում է ոչ թե իր զինված ուժերի, այլ ձևական քաղաքացիական ակտիվիստների միջոցով գործողություններ իրականացնելու հնարավորությունից։ Բոլորը հասկանում են, որ քաղաքացիական ակտիվիստները միայն ձևական են, բայց ռուս խաղաղապահները մանդատով իրավունք չունեն ոստիկանական գործառույթներ իրականացնել, ցրելու տարբեր տեսակի ցույցեր, բողոքի ակցիաներ և այլն ։


Մյուս կողմից, ըստ ՌԴ խաղաղապահների մանդատի, նրանց գործառույթը հակամարտող կողմերի տարանջատումն է, բայց եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգությունն ու տրանսպորտի գործունեության ապահովումը ընկած է Ադրբեջանի վրա։ Ի սկզբանե այս ամենը գրված էր անորոշ, բայց եթե հիշենք նոյեմբերի 9-ը, երբ ռազմական գործողությունների պայմաններում անհրաժեշտ էր շտապ հասնել դրա դադարեցմանը, հասկանալի է, որ այդ ժամանակ մշակման ժամանակ չկար։


Ահա թե ինչու այստեղ էլ հայկական կողմը, բնականաբար, մեծ դժգոհություններ ունի ռուսական կոնտինգենտի նկատմամբ, որը, ըստ էության, վերահսկում է Լաչինի միջանցքը, բայց վերահսկողությունն այն է, որ նա թույլ չի տալիս ռազմական գործողությունների վերսկսումը, բայց միևնույն ժամանակ չի կարող խոչընդոտել ֆորմալ քաղաքացիական ակցիաներին։


Բայց դրա հետ մեկտեղ Ադրբեջանը մեծ դժգոհություններ ունի, քանի որ եռակողմ համաձայնագիրը նախատեսում է հայկական զինված ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի տարածքից, սակայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը շարունակում է գոյություն ունենալ։ Եվ այստեղ Ադրբեջանը հայտարարում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է նրանց զինաթափեն կամ արտաքսեն, տեղափոխեն Հայաստան։ Բայց այստեղ նույնպես կրկին հարցն այն է, որ ՌԴ խաղաղապահների համար ոստիկանական գործառույթներ նախատեսված չեն ։ Ուստի այստեղ շատ բարդ իրավիճակ է , և ամենից շատ դրանից տուժում է հենց խաղաղ բնակչությունը, որն այժմ գտնվում է շատ ծանր դրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր