ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

25 հուլ 2024 13:40

Ալիևը միայն մի բանից է վախենում.Մենք արդեն վաղուց սեղանի վրա դրված կերակուրն ենք, մեզ ուտում են

Ալիևը միայն մի բանից է վախենում.Մենք արդեն վաղուց սեղանի վրա դրված կերակուրն ենք, մեզ ուտում են«Վիզաների ազատականացման գործընթացը վաղուց պետք է սկսված լիներ, ոչ թե նոր. 2015 թվականից հետո անընդհատ անդրադարձել ենք դրան: Դա քաղաքական որոշում է, որը հասունանում է, երբ երկիրդ բարեփոխումներ է կատարում, բայց այսօրվա դրությամբ, չգիտեմ՝ բացի ԵՄ-ի հետ ցուցադրական «լավ լինելուց», ուրիշ որևէ բան արե՞լ ենք, թե՞ ոչ: Հիմա ԵՄ-ն չուներ ավելի լավ բան ասելու, թե ոնց պետք է նպաստեր, որպեսզի Արցախը մնար Արցախ, ցեղասպանության չենթարկվեր, էթնիկ զտումներ չլինեին, այսպես ինչ-որ հերթական կոնֆետի նման մեր առջև են շպրտել, որ՝ կմտածենք, կանենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Հարցին՝ ԵՄ-ն կարո՞ղ է անվտանգության երաշխիք տալ Հայաստանին, նա պատասխանեց. «Ոչ ոք քեզ չի տալու անվտանգության երաշխիք: Ալիևն ասում է՝ ԵՄ-ն և Ուկրաինան ինձ խնդրել են, որ միջնորդեմ, որ ՌԴ-ն գազային պայմանագիրը 2024 թվականից հետո երկարացնի: ԵՄ-ն Ալիևից բան է խնդրել, էլ դրանից հետո ի՞նչ երաշխիք: Մենք լսե՞լ ենք, որ մեր այսօրվա գործողներից որևէ մեկին դիմեն, խնդրեն՝ ուրիշ երկրների հետ հարաբերություններ կարգավորելու հարցում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի զինված ուժերին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո 10 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու վերաբերյալ ԵՄ որոշմանը, Թևան Պողոսյանը նկատեց. «10 միլիոնի «պալատկա» կունենանք, բայց այդ «պալատկան» ի՞նչ ենք անելու: Այնպիսի «պալատկա» է, որ ԱԹՍ-ները չեն տեսնելո՞ւ, կամ, ինչպես ԵՄ դիտորդներն են ասում՝ ամեն անգամ ամեն ինչը նաև տեղեկացնում են Ադրբեջանին, կարո՞ղ է այդ «պալատկեքի» տեղն էլ ասեն, միանգամից բայրաքթարային մի հարվածով այդ 10 միլիոնն էլ ցնդեցնեն»:
Միևնույն ժամանակ, քաղաքագետը չի կարծում, թե հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել են. «Իրականում, հարաբերությունները որ վատանային, մի օրվա մեջ դա բոլորս կզգայինք: Կպարզվեր՝ Լարսն էլ փակվեց, գազն էլ փակվեց, հոսանքն էլ փակվեց, սա էլ փակվեց, նա էլ փակվեց: ՌԴ-ն երբ մեկի հետ հարաբերությունները վատացնում է, այդ երկիրը միանգամից զգում է: Գործողներն այսօր սպասարկում են ռուսական ինչ-որ շահեր, և հետո միգուցե ասեն՝ վայ, ուրիշ փրկություն չունենք, ստիպված պետք է գնանք միութենական կամ նույնիսկ գուբերնիա դառնանք: Մենք արդեն վաղուց սեղանի վրա դրված կերակուրն ենք, մեզ ուտում են: Ուրիշներին ոնց պետք է՝ այդպես էլ կանենք: Որ վայրկյանին պետք լինի՝ ՌԴ-ն գործիքակազմ ունի այնպես անել, որ բոլորը միանգամից զգան՝ հարաբերությունները վատացել են, ուղղակի իրեն հիմա պետք է, ասում է՝ դե, խոսեք, էլի: Զատուլինն ասում է՝ զինվորականներ են բերում, այնտեղից ասում են՝ քաղաքացիական է գալիս: Քանի՞ անգամ է մեզ մոտ բացահայտվել, որ մեր երկրում շատ այլ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ կան: Հիմա, ԱՄՆ-ին ինչ-որ բան է պետք, չի՞ իմանում, կամ իր գործակալներին չունի՞. նույն այն հայերը, որոնք ինչ-որ փոքր գրանտի համար պատրաստ են եսիմինչեր անել, մի հատ էլ դրա վրա պետք է ծախս անի, պաշտոնյա պահի՞: Դրա համար, հիմա իրական կյանքից ենք խոսելո՞ւ, թե՞: Ամեն մեկը փորձում է իր շահերն այս տարածաշրջանում առաջ տանել: Պայքար է գնում վերահսկողության համար: ԵՄ-ն ասում է՝ վիզանե՞ր եք ուզում, հայտարարություն կանե՞նք:

Եվրոպական խորհրդի հեռացող նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ ինքը ձգտել է ամեն ինչ անել Եվրամիության անունից, որպեսզի նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը: Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը մենակ է մնացել Ադրբեջանի հետ բանակցություններում:

«Հայաստանը վաղուց է միայնակ, նո՞ր է միայնակ: Հայաստանը դարձել է միայնակ այն օրը, երբ չի կարողացել ուրիշների շահերի սպասարկման համար ասել, թե ինքն ինչ ձևով կկարողանա աշխատել: Շառլ Միշելը չի կարող օգնել Հայաստանին, նրա միակ պարտականությունը ԵՄ շահերն առաջ տանելն է, ինչով զբաղվել է: Լավ, թե վատ, դա իր խնդիրն է, իսկ թե ես այդ արդյունքն ինձ վրա ինչպես եմ զգացել, դա էլ արդեն իմ խնդիրն է»,- ի պատասխան՝ ասաց նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ լուծարման վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, նա ընդգծեց. «Եթե դա փաստաթղթի վրա կա, մի օր կարող է վերակենդանանալ: Այսօր Ալիևի թուրը կտրում է ամեն ինչ, բայց մի օր գազը վերջանալու է, մի օր էլ կարող է աշխարհում այլ փոփոխություններ լինեն: Ինքը մեզանից լավ է մտածում՝ բա որ մի օր էլ հայերի մոտ ազգային միասնություն արթնացավ, մի բռունցք դարձան: Դրա համար էլ շտապում է: Ազգային միասնության պարագայում կսկսես ատամ ցույց տալ, գործողություններ անել, շառլմիշելներին կպատասխանես, որ՝ չգիտեմ՝ քո հաճույքներն ինչ ես անում, բայց մնացած գործընթացներում պետք է քայլեր անես: Ալիևը մեր ազգային միասնությունից է վախենում: Աշխարհի բոլոր երկրներին ուժեղ գործընկեր է պետք: Հիմա, Ամերիկային ուժե՞ղ Հայաստան է պետք, թե՞ թույլ, Ռուսաստանն ո՞ւմ հետ կուզենա հարաբերություններ ունենալ՝ ուժե՞ղ Հայաստանի, թե՞ թույլ. Բոլորն էլ սիրում են ուժեղներին: Բայց երբ դու թույլ ես, մարդիկ սկսում են քեզնից օգտվել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր